«Հայրենիքը բոլոր հայերի վերջնական հանգրվանն է, իսկ Հալեպն իմ կյանքն է». Արման Չիրիշյան

Հերթական հոդվածիս հերոսին՝ հալեպցի Արման Չիրիշյանին, հանդիպեցի Վերնիսաժում, ուր նրա վաճառասեղանին ցուցադրված արծաթե հոյակերտ զարդերն իրենց ինքնատիպ ոճով հայկական հին զարդարվեստի գլուխգործոցներ էին հիշեցնում: Վաճառասեղանի մոտ խմբվածների մեծ մասը հիացմունքով դիտում էր այդ գործերը, մի մասն էլ՝ հարցուփորձ անում դրվագված պատկերների ու գների մասին: Հենց այս մթնոլորտում էլ կայացավ մեր զրույցը

«Երեքուկես տարի է, ինչ Հայաստանում եմ: Այստեղ եմ ապրում կնոջս և երկու երեխաներիս հետ, որոնցից մեկը՝ Ալիքը, ծնվել է Հալեպում, իսկ տղաս, ով կրում է հորս անունը՝ Ժոզեֆ, ծնվել է Երևանում: Հպարտ եմ և շատ ուրախ, որ Ժոզեֆս Հայաստանի ծնունդ է և Հայաստանի Հանրապետության կողմից տրված ծննդյան վկայական ունի: Մեր պապենական արհեստը, ինձ համար՝ արվեստը, ոսկերչությունն է: Ես Հալեպում զբաղվել եմ ոսկերչությամբ: Հիմա Վերնիսաժում արծաթե զարդեր եմ վաճառում, որոնց մեծ մասն իմ ձեռքի աշխատանքն է: Դժգոհ չեմ առևտրից և, առհասարակ, դժգոհ չեմ Հայաստան տեղափոխվելու իմ որոշումից: Վարձով ենք բնակվում, կինս երկրորդ երեխայի ծնվելուց հետո չի աշխատում, ընտանիքի հոգսն ինձ վրա է: Հալեպում ես թողել եմ իմ տունը, խանութը, շատ հարազատների (այնտեղ է նաև եղբայրս), ընկերներիս… 36 տարեկան եմ, սակայն 33 տարի Հալեպում եմ ապրել, այնտեղ եմ ծնվել ու մեծացել, բնականաբար, կարոտ ունեմ, հուշեր, հիշողություններ…

Անշուշտ, դժվար է մոռանալ այդ ամենը, սակայն ուրիշ ելք չկար. վտանգն օրեցօր մեծանում էր, վախենում էինք առաջին հերթին մեր երեխայի համար, հետո՝ բոլորի: Շատ հայեր զովեցին. չտեղափոխվողներն ամեն օր մտածում էին, որ պատերազմը շուտով կավարտվի, հույսով ու հավատով սպասում էին… Լիակատար խաղաղության հաստատումից հետո էլ մենք ետ չենք գնա, կմնանք Հայաստանում. համոզված եմ, որ մի օր բոլոր հայերը կհավաքվեն Հայրենիքում և կստեղծեն մի մեծ ու հզոր երկիր:

Այն սիրիահայը, ով որոշել է մշտապես ապրել Հայաստանում, երկու խնդիր ունի՝ աշխատանքի և բնակարանի: Եթե այս երկու շատ կարևոր խնդիրները լուծվեն, կարծում եմ՝ ոչ մեկն էլ ետ չի գնա: Այստեղ շատերն են արդեն հարմարվել և կամաց-կամաց ոտքի են կանգնում: Վերադարձը դեպի Հալեպ պարզապես վերադարձ է դեպի մանկություն, դեպի պատանեկություն, դեպի երիտասարդություն, դեպի սկիզբ, իսկ Հայրենիքում հաստատվելն ու մեկընդմիշտ մնալը և՛ հուսալի ապագա է, և՛ ճիշտ որոշում. վաղվա Հայաստանի ապագան բոլոր հայերի ձեռքերում է, բոլորս միասին պետք է ապրենք Հայրենիքում և շենացնենք մեր երկիրը… Իսկ Ձեր հարցին, թե ինչ եմ զգում Հայաստան ասելիս, պատասխանեմ մի երկու գեղեցիկ տողով.

Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է…

Հայրենիքը բոլոր հայերի վերջնական հանգրվանն է, իսկ Հալեպն իմ կյանքն է»:

Այս լավատեսությամբ Հայաստանում շատ սիրիահայեր են ապրում, և տա՛ Աստված, որ սիրիական պատերազմի ավարտից ու վերջնական խաղաղության հաստատումից հետո նրանք սրտով և հոգով ուղղորդվեն և կողմնորոշվեն՝ որտեղ շարունակել ապրել ու արարել, որ հողը շենացնել և որտեղ փչել հայոց ծիրանափողը:

Կարինե Ավագյան

1 2

Scroll Up