«Իմ հոգին ծնվել է հայ լինելու և հայ մնալու համար». Արթուր Տաշչյան

«Հայերն այսօրի» զրուցակիցը Արթուր Տաշչյանն է, որն արդեն մեկ տարի է՝ ապրում և աշխատում է Հայաստանում:
Արթուրը 12 տարեկան էր, երբ 10 օրով գնաց Ռուսաստան՝ ձմեռային արձակուրդներն անցկացնելու, բայց ռուսերեն լեզվի հանդեպ սերը և միջավայրը (ինչ-ինչ պատճառներով) փոխելու ցանկությունը Արթուրին պահեցին հայրենիքից հեռու 20 տարի:
«Ես գնացի ընդամենը տասը օրով, բայց մնացի ուղիղ 20 տարի»,- զրույցի ընթացքում պատմեց Արթուրն ու հավելեց, որ դպրոցն ավարտելուց հետո միշտ զգացել է, որ վերադառնալու է հայրենիք: Այդ էր պատճառը, որ սկսեց հայրենիքի մասին բանաստեղծություններ գրել: Ու մինչև այժմ էլ պահում է մանկության տարիներին գրած «մաշված կարոտի» տողերը:
Հայրենիքի կարոտը հետագայում Արթուրին տանում է դեպի դուդուկը: Ռուսաստանում նա ծանոթանում է տաղանդավոր դուդուկահարի հետ, գնում է ծիրանափող և սկսում նվագել: Չունենալով երաժշտական կրթություն՝ Արթուրը կարողանում է սովորել և նվագել «Դլե յաման» ստեղծագործությունը:
Շատ լավ տիրապետելով անգլերենին՝ նա ընդունվում է Պյատիգորսկի լեզվաբանական համալսարան, չպատկերացնելով, որ հետագայում դառնալու է մանկավարժ և սկսելու է դասավանդել համալսարանում և դպրոցում:
2011 թվականը Արթուրի համար բեկումնային դարձավ. ծրագրել էր այցելել արաբական որևէ երկիր, բայց անսպասելի որոշում է գնալ Արևմտյան Հայաստան. «Այնտեղ ես հասկացա, որ դեռ չէի հասցրել երազել, երբ իմ երազանքն իրականություն դարձավ: Հիմա էլ, երբ հարցնում են՝ ցանկանում ես գնալ Արևմտյան Հայաստան, ես պատասխանում եմ, որ դա իմ երազանքն է»:
Վանում Արթուրը որոշում է թողնել ամեն ինչ և վերադառնալ Հայաստան: Արևմտյան Հայաստան այցից մեկ տարի հետո այցելում է Հայաստան. առիթներից մեկն էլ դառնում է Սփյուռքի նախարարությունը:
Ամեն ինչում առաջինը լինելու ցանկությունը Արթուրին հնարավորություն է տալիս մասնակցելու Սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի երիտասարդ առաջնորդների դասընթացներին: Այստեղ նա ծանոթանում է շատ հայ երիտասարդների հետ, նոր ընկերներ ձեռք բերում: Երկու շաբաթում հասցնում է շատ բան տեսնել ու սովորել: Սփյուռքի նախարարության ծրագիրն Արթուրի սրտում ավելի է ամրապնդում հայրենիք վերադառնալու ցանկությունը:
Հարցին՝ ինչպես ընդունեցին ծնողները Հայաստան վերադառնալու որոշումը, Արթուրը պատասխանում է. «Չնայած ինձ շատ խիստ են դաստիարակել, բայց ես միշտ ունեցել եմ ընտրության հնարավորություն, որի համար և ընդհանրապես ամեն ինչի համար շնորհակալ եմ իմ ծնողներին: Բնականաբար, Հայաստան վերադառնալու որոշումը ծնողներս դժվարությամբ ընդունեցին: Մոտ մեկ տարի մեր տանն անընդհատ վերադարձի նույն խոսակցություններն էին պտտվում. այսօր արդեն ես Հայաստանում եմ: Ռուսաստանում դասավանդել եմ համալսարանում, դպրոցում, աշխատել Հայկական մշակույթի կենտրոնում և Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունում: Բայց թողեցի ընտանիքս, ընկերներիս, աշխատանքս ու տեղափոխվեցի Հայաստան»:
Հայաստանում հաստատվելու համար Արթուրը փորձում է ինչ-որ բան անել, նոր մասնագիտություն ձեռք բերել: Repat Armenia հիմնադրամի ղեկավարների խորհրդով և աջակցությամբ հայտնվում է Արմեն Երանոսյանի (Planet Travel Club-ի հիմնադիր և տնօրեն) գիդ-էքսկուրսավարների որակավորման անվճար դասընթացներին: Մեկ անգամ ևս կատարվում է Արթուրի երազանքը. նա սկսում է որպես էքսկուրսավար աշխատել: Առաջին աշխատանքային փորձառությունը Արցախ կատարած ուղևորությունն էր. «Յուրաքանչյուր զբոսաշրջիկի հետ ես մի նոր կյանք եմ ապրում: Ես չեմ ուզում ասել, որ աշխատում եմ գիդ-էքսկուրսավար կամ ուսուցիչ. դրանք ինձ համար ոչ թե աշխատանք, այլ կոչում են»:
Այսօր Արթուրը ապրում և աշխատում է Հայաստանում: Նա իր հայրենասեր ոգու համար շնորհակալ է ծնողներին՝ դեռ մանկուց իր մեջ հայրենասիրություն սերմանելու և հայեցի դաստիարակելու համար. «Ես սիրում եմ այն, ինչ անում եմ: Իմ հոգին ծնվել է հայ լինելու և հայ մնալու համար, իմ միակ սնունդը հայոց լեզուն, հայկական պարը, հայկական երգն է:
Ցանկանում եմ, որ իմ պատմությունը դիպչի շատերի սրտին և օրինակ լինի բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ապրում են հայրենիքից հեռու և երկմտում՝ վերադառնա՞լ, թե՞ ոչ: Անշուշտ, վերադառնա՛լ»:
Տաթև Դավթյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի