Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանին
Հուլիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանին և վարչության անդամ, սկաուտական բաժնի պատասխանատու Վաչե Նաջարյանին:
Նախարարը կարևորեց համահայկական կազմակերպության հայանպաստ գործունեությունը, իր գոհունակությունը հայտնեց ՀՄԸՄ 10-րդ մարզախաղերը Հայրենիքում իրականացնելու համար և նշեց, որ Երևանի հիմնադրման 2800 ամյակի, Հայաստանի Առաջին Հանրապետության և Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյա հոբելյանների նախաշեմին նման մասշտաբային միջոցառման կազմակերպումը յուրահատուկ խորհուրդ ունի:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գառնիկ Մկրտիչյանը նշեց, որ կառույցը համախմբել է հայ երիտասարդությանը Հայաստանի շուրջ և այսօր էլ աշխատանքներ է ծավալում Հայրենիքում: ՀՄԸՄ համահայկական խաղերը Հայաստանում երրորդ անգամ են կազմակերպվում: ՀՄԸՄ 10-րդ մարզախաղերին կմասնակցի աշխարհի 19 երկրից 1250 հայ երիտասարդ:
Քննարկվեցին մարզախաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարվեց ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՄԸՄ միջև համագործակցության զարգացմանը և ամրապնդմանը, նախարարության ծրագրերին, մասնավորապես սեպտեմբերին կայանալիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին կառույցի մասնակցությանը, 2018թ. կառույցի հիմնադրման 100-ամյակին նվիրված նախապատրաստական աշխատանքների ընթացքին: