Ֆրանսահայ հայր և որդի Պասկալ և Սեբաստիան Բարգուճյանները Սփյուռքի նախարարությունում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայր և որդի Պասկալ և Սեբաստիան Բարգուճյաններին և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Գաբրիել Ջամբարջյանին:

Նախարարը բարձր գնահատեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ֆրանսահայ ընտանիքի գործունեությունը, մասնավորապես` հայրենիքում իրենց մասնագիտական կարողությունները ներդնելու և գործ սկսելու որոշումը: Գերատեսչության ղեկավարը պատրաստակամություն հայտնեց նրանց աջակցելու և ասաց, որ հավատում է, որ Բարգուճյան ընտանիքը այդ ձեռնարկով իր նպաստը կբերի ոլորտի զարգացմանը, հայրենիքի առաջընթացի գործին:

Սփյուռքի նախարարն իր գոհունակությունը հայտնեց նաև ազգային արմատներին վերադառնալու, մայրենի լեզուն սովորելու և հայերենով հաղորդակցվելու նրանց ջանքերի համար: Նա շնորհակալություն հայտնեց բարերար Գաբրիել Ջամբարջյանին, ով իր բարեկամներին, հարազատներին հորդորում է գալ Հայաստան, ներդրումներ կատարել, դառնալ երկրի զարգացման երաշխավորն ու հայ մշակույթի կրողը:

Հրանուշ Հակոբյանը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, հայրենիքին և սփյուռքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև բարեգործական և հասարակական ակտիվ գործունեության համար Պասկալ Բարգուճյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե հուշամեդալով:

Պասկալ և Սեբաստիան Բարգուճյանները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության, բարձր, պարտավորեցնող պարգևի համար և հավաստիացրին, որ իրենց բոլոր հնարավորությունները կօգտագործեն՝ իր նպաստելու Հայրենիքի զարգացման և բարգավաճման գործին:

Scroll Up