«Լիբանանահայ երեխաները խանդավառված են հայրենասիրական երգերով». «Սփյուռք» ամառային դպրոցի լիբանանահայ մասնակից
Լիբանանի Սուրբ Խաչ-Հարպոյան վարժարանի երգեցողության ուսուցչուհի Սոնիկ Ստեփանյան-Փամբուկյանը մասնակցում է ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի Ազգային երգի խմբավարների և պարուսույցների վարպետության դասընթացներին: Շատ հաճելի ժամանակ է անցկացնում ծրագրի շրջանակներում, փորձում է դասընթացների ժամանակ հնարավորինս շատ հմտություններ և լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերել, որպեսզի վերադառնալով Լիբանան՝ այն փոխանցի իր աշակերտներին: Նա շնորհակալ է բոլոր մասնագետներին` ծրագրի մասնակիցների հետ իրենց աշխատանքային փորձառությամբ սիրահոժար կիսվելու և կարևոր մասնագիտական խորհուրդներ տալու համար: Ինչպես վստահեցնում է մեր զրուցակիցը, ծրագրի շրջանակներում տեսարժան, պատմամշակութային վայրեր այցելելով՝ ոչ միայն նորովի բացահայտում են Հայաստանը, այլև ավելի են մտերմանում միմյանց հետ:
«Լիբանանահայ աշակերտները խանդավառված են հայկական ազգային երգերով, հայրենասիրական ոգին նրանց մոտ ակնհայտ է: Նախ բացատրում եմ երգերի նշանակության մասին, նոր միայն անցնում ուսուցմանը: Աշակերտներին նաև արաբերեն երգեր եմ ուսանում»,-«Հայերն այսօր-ի հետ զրույցում ասաց Սոնիկը:
Սոնիկ Ստեփանյան-Փամբուկյանը նաև անհատ կատարող է, համայնքային միջոցառումների ժամանակ պարբերաբար ելույթներ ունենալու հրավերներ է ստանում: Հոգևոր երգերի ձայնասկավառակ էլ ունի, որի թողարկման աշխատանքները Հայաստանում է կատարել:
Գևորգ Չիչյան