Հալեպում այսօր մոտ 20 հազար հայ է ապրում

Բերիո Հայոց թեմի տվյալների համաձայն` Հալեպում այս պահի դրությամբ շուրջ 20 հազար հայ:

Այս մասին փետրվարի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցած Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը:

Նրա խոսքով` Դամասկոսում բնակվում է 3000, Լաթաքիա, Քեսաբ ծովափնյա շրջաններում` 3000-3500, Կամիշլիում`  3000, մնացած բնակավայրերում` 3000-4000 սիրիահայ: «Այս թվերը կայուն չեն եւ կարող են փոփոխության ենթարկվել մի շարք գործոններից ելնելով»,-ասաց Պապիկյանը:

Նա նշեց, որ Սիրիայի բնակչությունը մինչ պատերազմը կազմում էր 24.5 միլիոն, այժմ` 17-ից   18 միլիոն: «7 միլիոնը համարվում է ներքին տեղահանված, 13.5 միլիոնը ունի մարդասիրական օգնության կարիք, որից 4.5 միլիոնը բնակվում է դժվար հասնելի վայրերում կամ շրջափակման մեջ»,-հավելեց նա:

Սիրիայի այն տարածքներում, որտեղ պահպանվում է  հրադադարի ռեժիմը, դրական տեղաշարժ է նկատվում կենցաղային պայմանների բարելավման առումով: Ահաբեկիչների ձեռքում էին գտնվում Դամասկոսը մատակարարող ջրամբարները եւ դրանց գրավումը կառավարական ուժերի կողմից որոշակի առումով թեթեւացրեց ջրամատակարարումն այնտեղ: «Սիրիայի բնակչության մեծագույն հատվածը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: ՄԱԿ-ի տվյալների համաձայն`  բնակչության 50 տոկոսը համարվում է բռնի տեղահանված, երկու երրորդը`  խիստ կարիքավոր: Կիսաքանդ վիճակում է գտնվում 1000, լիովին ոչնչացված 100, մասնակի ավերածության ենթարկված 800 տուն –շինություն, 3000 խանութ, վաճառատուն կա Սիրիայում, որոնք կողոպտված են, այրված, կամ կիսաքանդ վիճակում»,-ասաց ԱԳՆ նախարարի տեղակալը` հավելելով, որ շարունակվում է սիրիահայության արտագաղթը դեպի Կանադա, Ավստրալիա, Հայաստան:

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը Սփյուռքի նախարարության հետ միասին շարունակում են աջակցություն ցուցաբերել այն սիրիահայերին, ովքեր ցանկություն են հայտնում գալ Հայաստան: Հալեպում շարունակում է գործել միակ հյուպատոսությունը, որը շարունակում է ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն տրամադրել Հալեպում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Scroll Up