Ֆրանսիայի հայկական հիմնադրամը 50 հազար եվրո օգնություն է հատկացրել սիրիահայերին

Ֆրանսիայի հայկական հիմնադրամը հատկացրել է բարդ իրավիճակում հայտնված սիրիահայերին տրամադրվելիք 50 հազար եվրո օգնության առաջին մասը, գրում է «Nouvelles d’Arménie»-ն:
Նախորդ փոխանցումների նման (100 հազար եվրո), այս գումարը կօգնի վճարել Սիրիայի հայկական դպրոցների ուսուցիչների աշխատավարձը: Օգնություն հատկացնելու որոշումը համաձայնեցվել է Սիրիահայերին տրամադրվող օգնությունը համակարգող մարմնի հետ, որը կազմված է բոլոր եկեղեցիների, քաղաքական կուսակցությունների եւ բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներից:
50 հազար եվրոն հավաքվել է Ֆրանսիայում 2013թ. նոյեմբերին կայացած «Ֆոնեթոն»-ի ընթացքում արված նվիրատվություններով: Նվիրատվությունների շնորհիվ 2014թ. Հայաստանում եւ Ղարաբաղում մի քանի այլ ծրագրեր կֆինանսավորվեն, մասնավորապես՝ Տավուշի մարզում հողագործության եւ անասնապահության զարգացումը եւ Ղարաբաղի գյուղերում սոցիալական կենտրոնների կառուցումը: