«Դպրոցական տարիներից ի վեր՝ Հայաստանն ու Մասիսը մեզ համար եղել են սրբություն…».Գևորգ Սերայդարյան

Սիրիայում ծավալված պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանում մեր հայրենակիցներից շատերն են հանգրվանել. նրանց մի մասը աշխատանք է գտել, համեմատաբար նոր եկածների մի մասն էլ դեռևս փնտրտուքների մեջ է: Նրանցից մեկի՝ Գևորգ Սերայդարյանի հետ էլ ծավալվեց իմ զրույցը ՝«Հայերն այսօր»-ի համար:

«2015-ի վերջերին եմ եկել Հայաստան: Իհարկե, դեռ մանկուց միշտ երազել ենք Հայրենիքի մասին, մեր սրտում փայփայել մի օր այն տեսնելու հույսը: Դպրոցական տարիներից ի վեր՝ Հայաստանն ու Մասիսը մեզ համար եղել են սրբություն, անհասանելի երազ…Առաջին անգամ Հայաստանում եղել եմ Խորհրդային տարիներին: 2015-ին, երբ ոտք դրեցի Հայաստանի հողին, տեսա Երևանը, զարմացա ու հիացա. այսօրվա Երևանը շատ փոխված է, շատ գեղեցկացած: Ընտանիքով ենք ապրում Երևանում՝ կինս և վեցամյա զավակս, ով արդեն դպրոց է հաճախում: Կինս դիմահարդար է, դաջվածքի մասնագետ, ես վարսավիր եմ, սակայն երկուսս էլ աշխատանք չունենք: Սկզբում ես մի որոշ ժամանակ աշխատել եմ տարբեր վարսավիրանոցներում, սակայն եկամուտը քիչ էր և չէր կարող բավարարել մեր տան վարձը, կենցաղային խնդիրները, և ես անիմաստ կերպով տրանսպորտի, ընդմիջման գումար էի ծախսում:

Հիմա ցանկանում եմ փոխել աշխատելաոճս՝ հաճախորդներին ընդունել տանը, սակայն առայժմ շարժում չկա: Հուսամ, որ մի օր մեր դուռը կբացվի: Այստեղ շատ նոր ընկերներ եմ ձեռք բերել, ոչ մի խնդիր այդ առումով չունեմ. Սիրիայից էլ այստեղ ապրող շատ ծանոթներ, ընկերներ ունեմ: Ես սիրում եմ իմ Հայրենիքը, իհարկե՝ կարոտելով ծննդավայրս, սակայն լիարժեք խաղաղության հաստատումից հետո անգամ Սիրիա վերադառնալու ցանկություն չունեմ: Ասեմ նաև, որ չեմ հավատում, թե այդ պատերազմը լիարժեք խաղաղությամբ կավարտվի: Իմ ընտանիքի, ինձ համար ամենից կարևորն ապահովության մեջ ապրելն է, որը կա Հայաստանում: Ես չեմ ուզում, որ իմ երեխան ապրի պատերազմի սարսափների մեջ ու տեսնի ավերված թաղամասեր, տներ, մարդկային զոհեր. ինձ համար շատ ցավալի է, որ Սիրիայում այլևս կանգուն չէ մեր տունը: Այսօր այդ տունը Հայրենիքում ունենալու հույսով ենք նաև ապրում. եթե աշխատանք ու տանիք ունենա մարդ, ամեն ինչ էլ կլինի: Ես հայրենասեր եմ, շատ եմ գնահատում, որ աշխարհում Հայաստան անունով մի հարազատ անկյուն ունենք, մի ամրոց, հայի՛ տուն»:

Զրուցեց Կարինե Ավագյանը

Scroll Up