Իրանահայ միության ներկայացուցիչն այցելեց Սփյուռքի նախարարություն
Նոյեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լոս Անջելեսի Իրանահայ միության խնամակալ մարմնի անդամ Թոմիկ Ալեքսանյանին:
Նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրին, կարևորեց կազմակերպության հայանպաստ գործունեությունը, նշեց վերջին տարիներին իրականացրած բարձր գնահատանքի արժանի աշխատանքը։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց այս օրերին հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրներին՝ Հայաստանի տնտեսության զարգացման, Արցախի, սիրիահայերի հիմնախնդիրներին, քննարկվեցին հետագա համագործակցության և կազմակերպական հարցեր, նախանշվեցին անելիքները:
Թոմիկ Ալեքսանյանն անդամակցել և ակտիվ գործունեություն է իրականացրել մի շարք հայկական կազմակերպություններում` «Դավիդյան և Մարիամյան» կրթական հաստատություն, 2008-2015թթ-ին՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության անդամ և փոխնախագահ, ինչպես նաև «Հայաստան» Համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան ափի նախագահ:
Եղել է նաև հայ-ամերիկյան հանրապետական կուսակցության խորհրդի համահիմնադիր, հայ-ամերիկյան գործարարների խորհրդի անդամ է, ինչպես նաև «Հայ զինվոր» բարեգործական հիմնադրամի հիմնադիրներից:
Ներկայումս Լոս Անջելեսի Իրանահայ միության խնամակալ մարմնի անդամ է և զբաղեցնում է Իրանահայ միության գործադիր նախագահի պաշտոնը:
Լոս Անջելեսի «Բարև» հեռուստածրագրի կողմից անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 380 հազար ԱՄՆ դոլար: Ապրիլյան պատերազմում զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին օգնությունը տրամադրելու համար Հայաստան էր ժամանել նաև Թոմիկ Ալեքսանյանը: Յուրաքանչյուրի համար հաշվեհամար է բացվել, որի վրա փոխանցվել է համապատասխան գումարը: Ամեն ազատամարտիկի տրամադրվել է տարեկան 2000 ԱՄՆ դոլար: