ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց բուլղարահայ երգիչ Րաֆֆի Պողոսյանին
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց բուլղարահայ երիտասարդ երգահան և երգիչ Րաֆֆի Պողոսյանին:
Նախարարը ողջունեց Հայրենիքը ճանաչելու և մայրենի լեզուն կատարելագործելու երիտասարդ երաժշտի ձգտումը և հույս հայտնեց, որ նրա օրինակին կհետևեն մեկ տասնայակից ավել բուլղարահայ հայտնի երիտասարդ արվեստագետները:
Քննարկվեցին համայնքում երիտասարդների առջև ծառացած խնդիրները, կարևորվեց եղած հնարավորությունները միավորելն ու Հայաստանի և Սփյուռքի արվեստագետների հետ համագործակցությունը:
Ներկայացնելով Հայաստան աշխարհից ստացած իր տպավորություններն ու ոգևորությունը՝ Րաֆֆին ասաց, որ առաջիկայում այդ ամենը կարտահայտվի երգի միջոցով:
Նախարարը հույս հայտնեց, որ Բուրգասի ՀՕՄ-ի շրջանային վարչության ատենապետ, Բուլղարիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի անդամ Էլիզաբեթ Պողոսյանի որդին՝ Րաֆֆին այսուհետ առավել ակտիվորեն կմասնակցի համայնքային խնդիրների լուծման և հայապահպանության գործին:
Հայազգի երգիչը բնակվում է Բուլղարիայի Բուրգաս քաղաքում: Չորս տարի առաջ նա հաղթել է Բուլղարիայում անցկացված «X-Factor» երաժշտական մրցույթում: Այժմ հանդես է գալիս հեռուստատեսային հայտնի շոու ծրագրերում: