«Չի եղել դեպք, երբ որևէ ընտանիք ցանկություն է հայտնել Հայաստան մեկնելու, և մենք մերժել ենք». Հարություն Սելիմյան

Վերջին օրերին Հալեպում ծավալվող իրադարձությունների շուրջ է «Հայերն այսօր»-ի հարցազրույցը Սիրիայի Հայ ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ, վերապատվելի Հարություն Սելիմյանի հետ:

– Վերապատվելի՛, ինչպիսի՞ իրավիճակ է այսօր Հալեպում:

– Հալեպի այսօրվա իրավիճակը մի քիչ ավելի թույլ է ապահովական և ռազմական հարձակումների պատճառով: Անցնող մի քանի օրերի ընթացքում շատ բուռն հրթիռակոծությունների ենթարկվեցին հայկական և քրիստոնեական շրջանները: Դժբախտաբար, մենք ունեցանք շուրջ 8 զոհ և 20-ից ավելի վիրավորներ, որոնց մի քանիսի վիճակը ծանր է:

Դժբախտաբար, ռուսական և ամերիկյան կողմերի միջև տեղի ունեցած անհամաձայնությունն իր ժխտական անդրադարձն ունեցավ: Թեև չենք կարող ասել, թե իրականության մեջ, որոնք մեզ անհայտ են, ինչ է տեղի ունեցել, բայց այդ ամենից տուժեց Հալեպի բնակչությունն առանց խտրականության: Քրիստոնյա, մուսուլման, արաբ, հայ, բոլորը ճգնաժամի մեջ են և ահազանգ են հնչեցնում արար աշխարհին, հատկապես հզոր պետություններին և մարդասիրական, միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի այն հանձնաժողովներին, որոնք մարդու իրավունքների հարցերով են զբաղվում: Այս մի քանի ամիսներին արյունալի իրականություն է ապրում Հալեպի ժողովուրդը, իսկ նրանք ոչ մի անդրադարձ չեն կատարում, որևէ հայտարարությամբ հանդես չեն գալիս:

Ինչ վերաբերում է հայկական համայնքին, ապա այսօր մի քիչ հուսալքված իրականության առաջ է, ինչը բնական է, որովհետև տվեցինք բազմաթիվ զոհեր և վիրավորներ, ամբողջությամբ փուլ եկան տներ, շենքեր, խանութներ ու գործատեղիներ: Այս փլուզումները նաև հոգեկան ազդեցություն ունեցան մեր ժողովրդի վրա: Բայց անկախ այս իրականության, այսօր Հալեպում գտնվում են քաղաքին ու համայնքին կառչած մնալու կամեցողություն ունեցող, կորիզային արժեք ներկայացնող երիտասարդներ, ընտանիքներ: Եվ մեր առաքելությունը նրանց նեցուկ լինելու, մեր ժողովրդի կենցաղային կարիքները հոգալու մեջ է նաև:

– Վերապատվելի՛, այսօր շրջանառվող թեմաներից է, որ շատերն են ցանկանում հեռանալ Հալեպից, սակայն հնարավորություն չունեն: Ինչպիսի՞ն է իրավիճակն իրականում:

– Իրականությունն այն է, որ անցնող տարիների ընթացքում միշտ եղել են մարդիկ, որոնք ցանկացել են Հալեպից հեռանալ: Եվ եղել ու կան կազմակերպություններ, որոնք նեցուկ են եղել, օժանդակել, որպեսզի նրանք կարողանան մեկնել և հեռանալ այս արյունահեղեղ իրականությունից կամ ժամանակավոր, կամ մնայուն: Հայ ավետարանական եկեղեցին միայն մի պայման է դրել հեռացողի առջև՝ պատրաստ է օժանդակելու բոլոր նրանց, որոնք ցանկանում են հայրենիք մեկնել: Այսինքն, հայրենադարձության ուղիով միայն պետք է օժանդակենք: Մենք համաձայն չենք, որ մեր ժողովուրդը փախստականի կարգավիճակով Հալեպից գնա եվրոպական երկրներ, Ամերիկա և հանձնվի իրենց պարտադրված իրականությանը: Մենք օգնում և օժանդակում ենք նրանց, որոնք ցանկանում են Հայաստան հեռանալ և նրանց, որոնք ցանկանում են մնալ: Վերջիններիս օժանդակելու պարտականությունը և առաքելությունը նույնպես մերն ենք համարում:

Երբևէ չի եղել դեպք, երբ որևէ ընտանիք ցանկություն է հայտնել Հայաստան մեկնելու, և մենք մերժել ենք: Վերջերս հանդիպեցի մի քանի ընտանիքների, որոնք ցանկանում էին հեռանալ Հալեպից: Երբ ես նրանց առաջարկեցի Հայաստան գնալ, նրանք պատասխանեցին. «Մենք հիմա ցանկանում ենք ժամանակավոր Հայաստան գնալ՝ պտույտի, տեսնենք, թե ինչ վիճակ է, հետո հետ կվերադառնանք»: Այսպես մտածողներ էլ կան:

Յուրաքանչյուր արտահայտվող լրջորեն ցանկություն չունի հեռանալու այստեղից և հաստատվելու Հայաստանում: Կան մարդիկ, որոնք փափագում են Հայաստան գնալ, բայց բոլոր ցանկություն հայտնողները չէ, որ Հայաստանում հաստատվելու ցանկություն ունեն:

– Վերապատվելի, երեկ՝ հոկտեմբերի 7-ին, Հալեպ հասավ Հայաստանի Հանրապետության կողմից առաքված մարդասիրական օգնությունը: Դուք ևս ներկա էինք, երբ օժանդակությունը հասավ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Ի՞նչ կարող եք ասել այս առիթով:

– Բոլորս ենք տեղյակ, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ Սիրիա է առաքվել 40 տոննա մարդասիրական օգնություն՝ սննդամթերք, անձնական հիգիենայի պարագաներ, ձմեռնային հագուստ, ծածկոցներ և այլն: Հոկտեմբերի 7-ին Հալեպի երեք կազմակերպությունները միասնաբար ընդունեցին այդ օժանդակությունը: Սիրիահայության շտապ օգնության և վերականգման մարմնին հանձնարարվեց օգնությունը բաշխելու, որպեսզի այս նեղ օրերին մեր ժողովուրդը ստանա նաև Հայաստանի Հանրապետության կողմից առաքված օժանդակությունները: Այն միայն հայ ժողովրդի համար չէ, այլ՝ Սիրիայի ժողովրդի համար: 10 տոննան նախատեսված է Դամասկոսի և ծովափնյա շրջաններում ապրող ժողովրդի համար, 30 տոննան՝ Հալեպի:
– Զրույցի վերջում, ի՞նչ կցանկանաք հավելել:

– Այս դժվար օրերին Հալեպում բնակվող հալեպահայությունն իր աչքերն ուղղում է դեպի աշխարհի այն կողմերը, որտեղ իրենց եղբայրներն ու քույրերն են, որպեսզի օժանդակության ձեռք մեկնեն իրենց:

Մենք շարունակելու ենք մեր հնարավորությունների սահմաններում ձեռք մեկնելու մեր ժողովրդին, նրանց օժանդակելը մեր պարտականությունն է: Նորից եմ ուզում կրկնել՝ Հայաստան մեկնելու ցանկություն հայտնողները կարող են դիմել մեզ: Կան ընտանիքներ, որոնք այսօր տարբեր պատճառներով, իրենց կամքով ցանկանում են Հալեպում մնալ: Մեր առաքելությունն է նաև նրանց օժանդակելը:

Մեր աղոթքն այն է, որ Հալեպը փրկվելու է, փրկվելու է՝ որպես մայր գաղութ, պատմական քաղաք, որովհետև այստեղ կատարվող ավերվածությունները ապագայում համարվելու են համայն մարդկության ամոթը: Այսօր քանդվում է տարբեր ազգերի և մշակույթների մեկտեղված հարստությունը, ամբողջ աշխարհը պետք է լծվի Հալեպը փրկելու սուրբ առաքելության մեջ:

Լուսինե Աբրահամյան

հալեպհալեպ1

Scroll Up