Անկախության 25 տարիները. Հրանուշ Հակոբյան

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առիթով «Հայերն այսօր»-ը ներկայացնում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հարցազրույցը:

– Տիկի՛ն Հակոբյան, Դուք ծնվել, մեծացել և հասարակական-քաղաքական գործունեություն եք ծավալել դեռևս Խորհրդային Հայաստանում: Եղել եք ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար: Որպես պաշտոնյա և որպես հայ մարդ՝ երբևէ մտածե՞լ եք, որ Հայաստանը կդառնա անկախ երկիր:

– Անկախությունը գերագույն արժեք է, որին մեր ժողովուրդը դարեր շարունակ ձգտել է հասնել: Այն երազանք է եղել յուրաքանչյուր սերնդի համար, անկախ նրանից, թե ինչ հասարակարգում է ապրել:

Ես ծնվել, մեծացել եմ մանկավարժների և գիտնականների ընտանիքում, որտեղ ազգայինը, հայրենասիրականն ամեն ինչից վեր էր: Փոքր տարիքից մենք դաստիարակվում էինք Մաշտոցով, Խորենացիով, Նարեկացիով, Քուչակով: Շատ հաճախ հայրս, Խորհրդային տարիների այդ փակ համակարգի պայմաններում, տուն էր բերում անտիպ նյութեր: Արգելված գրականությունը տուն բերելով՝ հայրս հատուկ հանձնարարություն էր տալիս. «Հանկարծ ուրիշը այդ մասին չիմանա»: Իսկ մենք էլ ամբողջն ագահորեն կարդում էինք:

Ես հինգերորդ դասարան էի, երբ Շիրազի անտիպ գործերը սկսեցին տարածվել հանրապետությունում: Այդ ժամանակ ես չէի հասկանում` անտի՞պը որն է, տպագրվա՞ծը` որը: Հայրս հերթական անգամ Շիրազի անտիպ բանաստեղծությունների մի տրցակ էր տուն բերել: Քանի որ ես ասմունքի նկատմամբ յուրօրինակ սեր ունեի, անմիջապես սովորեցի «Յոթը բուռ մոխիր» բանաստեղծությունը: Որոշ ժամանակ անց Գավառում ասմունքի մրցույթ էր, ու ես արտասանեցի հենց այդ բանաստեղծությունը.

Երբ որ մեռնեմ, ինձ այրեցեք,

Բայց մոխրիցս յոթը բուռ

Տարե´ք, ցրե´ք Հայաստանիս
Յոթը կողմերը դեռ անդուռ:

Առաջին բուռն համասփռեք
Կրծքին բանտված Մասիսի,
Որ խառնվեմ իր մեծ սրտին,
Հովանա սիրտն իմ հույսի:

Թե չէ այսպես, ինչպես գառը
Հեռու կապեն իր մորից,
Թե չձուլվեմ Արարատին,
Ես կմեռնեմ կարոտից… 

Ես ասմունքեցի, չհասկանալով, թե այդ բառերի իմաստը, նշանակությունն  ինչ վտանգ կարող է իր մեջ պարունակել: Ես, որ միշտ գերազանց էի սովորում, հաճախ էի պարգևներ ստանում,  այս անգամ մասնակցելով օլիմպիադայի` ոչինչ չստացա ու արտասվելով տուն եկա: Երեկոյան մայրս, ով դպրոցի տնօրեն էր, շատ լարված, վախեցած աշխատանքից վերադարձավ, կանչեց ինձ, գրկեց ու ասաց. «Աղջի՛կս, այսօր մրցույթում ի՞նչ ես արտասանել»: Երբ մորս ասացի, թե ինչ եմ արտասանել ու դժգոհեցի, որ ինձ ոչինչ չտվեցին ու չհաղթեցի, նա ճակատս համբուրեց ու ասաց. «Բալե՛ս, այլևս դա չարտասանես, եթե արտասանես, հայրիկին կբռնեն»:

Ես սարսափեցի, իսկ մորս այդ խոսքերը դաջվեցին ուղեղումս։ Տարիներ հետո միայն իմացա, որ այդ նույն օրը մորս կանչել են կուսակցության շրջանային կոմիտե և մի լավ «դաս» տվել: Իսկ համապատասխան մարմիններն էլ կանչել են հորս և բացատրություն պահանջել, թե ինչպե՞ս է իր հինգերորդ դասարանի երեխան արտասանում Շիրազի չտպագրված բանաստեղծությունը:

Մեծանալով ու դաստիարակվելով նման ընտանիքում՝ բնական է, որ ազգայինն իր դրոշմը պիտի թողներ իմ հետագա կյանքի վրա:

Այլ բան է, որ ժամանակների թելադրանքով դու շատ բան ստիպված էիր «բանտարկել» քո մեջ՝ սպասելով հարմար առիթի ու հնարավորության: Իսկ շատ հաճախ քողարկելով կատարել ես քայլեր ու գործեր, որոնք արտահայտել են քո ներքին մղումները:

Իմ կյանքում ես առաջնորդվել ու ապրում եմ մեծարենցյան անանձնական կյանքով, Թեքեյանի` «Կյանքեն ինծի ինչ մնաց… ինչ որ տվի ուրիշին, տարօրինակ այն միայն…», թումանյանական «Գործն է անմահ, լավ իմացեք…» իմաստուն տողերն իրականություն դարձնելով… Ես հավատում եմ հզոր Հայաստանի ապագային:

Եթե փորձենք 25 տարով հետ գնալ. ի՞նչ դեպքեր, պահեր են դրոշմվել Ձեր հիշողության մեջ այդ պատմական օրերից: Կարո՞ղ եք ընթերցողներին փոխանցել այդ օրերի Ձեր ապրումներն ու զգացողությունները:

– Ղարբաղյան շարժումն այն հենքն էր, որի վրա կառուցվեց մեր անկախության գաղափարը: Երբ առաջին անգամ Հայաստանի անկախացման մասին թռուցիկներ տարածվեցին փողոցներում, մենք վախենում էինք անգամ այդ թռուցիկներից, որովհետև այդ  գաղափարը մեզ այնքան անծանոթ էր: Քայլառքայլ, օրառօր հասարակությունը հասունացավ, հասունացավ նախևառաջ այն պարզ պատճառով, որ Ղարաբաղյան արդարացի շարժումը սկսվեց ճնշվել, տեղի ունեցան անընդունելի դեպքեր: Անգամ Խորհրդային բանակը փորձեց մեր բնակչությանը վնասել, էլ չեմ խոսում Սումգայիթի մասին: Այս բոլորը ժողովրդի մեջ առաջացրեց այն գիտակցությունը, որ այն պետությունը, որի մեջ մենք ապրում ենք, ի վիճակի չէ այլևս պաշտպանելու իր բնակչությանը:

Ես նաև տեսել եմ այն պայքարը, որը ծավալվում էր կուլիսներում: Տեսել եմ, թե մեր ղեկավարներն ինչպես էին փորձում կենտրոնին համոզել, բացատրել, որ  ժողովրդի պահանջն արդարացի է, Ղարաբաղյան շարժումը պետք է արդարացի լուծում ստանա: Տեսել եմ այն հարվածները, որոնք ստացել են մեր պետության ղեկավարները, որոնք անելանելի վիճակում էին. մի կողմում ժողովուրդն էր, մյուս կողմում՝ կենտրոնը:

Այդ օրերի ամենամեծ նվաճումն այն է, որ ի տարբերություն Խորհրդային Միության մի շարք երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, որտեղ տեղի ունեցան քաղաքացիական պատերազմներ, արյուն հոսեց՝ իշխանության տարանջատումը կատարելու համար, Հայաստանը քաղաքակիրթ ուղին ընտրեց, և իշխանության տարանջատումը՝ օրեսնդիրի, գործադիրի և դատականի, առանց բախումների կատարվեց: Առաջին պառլամենտի ամենամեծ ձեռքբերումը հենց այդ էր:

90-ական թվականների սկզբին մեր քաղաքական գործիչները, պառլամենտականները կարողացան առանց մեծ ցնցումների երկիրը տեղափոխել անկախության փուլ:

Անկախությունը հեշտությամբ չտրվեց, անկախության ճամփան լի էր դժվարություններով ու խոչընդոտներով:

Ինչ վերաբերում է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, այդ օրը ես Միհրան Դաբաղի ( ներկայումս Բոխումի համալսարանի դասախոս, Սփյուռքի և Ցեղասպանության ինստիտուտի հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր-հեղ.) և Ցոլակ Հարությունյանի հետ գտնվում էի Գավառում, նրանք՝ որպես դիտորդ՝ ուղարկված Գերմանիայի Դաշնության կողմից, հետևում էին հանրաքվեի  գործընթացին: Հիշում եմ, թե նրանք որքան զարմացած էին՝ տեսնելով ժողովրդի ոգևորությունը, թե ինչպես էին խմբերով, շատ հաճախ դհոլ-զուռնայով գալիս տեղամասեր ու միաձայն իրենց «այո»-ն ասում: Բոլորս էլ հասկանում էինք, որ հանրաքվեով հաղթելու ենք, և ամբողջ գիշեր գրեթե ողջ ժողովուրդն անքուն էր: Մեծ ուրախություն էր, տոն, երբ հաղորդվում էին տվյալներն այս կամ այն տեղամասերից:

Համաժողովրդական հանրաքվեի արդյունքները հայտարարվեցին սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհրդի նիստում. ընդունվեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման մասին պատմական որոշում: Հանրաքվեի արդյունքները խորհրդարանի բարձր ամբիոնից հրապարակեց Բաբկեն Արարքցյանը, Հայաստանի ԳԽ-ի որոշումը ՀՀ անկախության մասին ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի օրհնությամբ որոշումը սկսեց ճամփա հարթել:

Պատգամավորների ծափերը չէին դադարում, մենք ոտքի էինք կանգնել և երկար ժամանակ հոտնկայս ծափահարում էինք: Բառերն անզոր են նկարագրելու այն ապրումները, ինչ մենք ապրեցինք այդ պահին: Անկախության, ազատության, հպարտության, քո պետության տերը լինելու գիտակցումը փոթորկում էր յուրաքանչյուրիս հոգին: Այլևս մենք էինք մեր երկրի, մեր պետության լիիրավ տերն ու տիրոջ իրավունքով պետք է կառուցեինք մեր Հայրենիքը՝ Ազատ ու Անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Այս էր այդ օրերին օդում տարածվող այն հիմնական, ոգևորիչ ուժը, որն իր շրջապտույտի մեջ էր առել պատգամավորին, պաշտոնյային, սովորական քաղաքացուն: Այդ «ուժն» ալիքվեց դեպի Սփյուռք, և Սփյուռքը միանգամից պոռթկաց: Վերջապես իրականություն էր դարձել այն երազը, որով նա ապրում էր 70 տարի շարունակ:

25 տարի առաջ հայտարարություններով ու կոչերով՝ հօգուտ անկախության, հանդես եկան նաև մեր ճանաչված մտավորականները, գիտնականները: Անկախության օրերի իմ վառ հիշողությունները կապված են նաև Վարդգես Պետրոսյանի հետ, ով այդ ժամանակ Գերագույն խորհրդի պատգամավոր էր: Մենք քննարկում էինք, թե այս պահին ինչ է կատարվում Սփյուռքում (չէ՞ որ ներկա տեղեկատվական միջոցները չկային, և միայն հեռախոսով էր հնարավոր պարզել նրանց ոգևորությունը): Երեկոյան երբ տուն վերադարձա, առաջինը հեռաձայն ստացա Վաշինգտոնից, Ռիտա և Վարդգես Պալյաններն էին: Ռիտան ուրախությունից և´ լաց էր լինում, և´ երջանկությունից խենթացած բացականչում. «Արդյոք ճի՞շտ է, մի՞թե մեր Հայաստանը այլևս անկախ է»:

– Տիկի՛ն Հակոբյան, գաղտնիք չէ, որ Խորհրդային Միությունում ազգային գործունեություն ծավալելը, ազգային նկարագիրն առաջ մղելը մեծ խիզախություն էր պահանջում: Պատմությանը նման շատ դեպքեր են հայտնի: Այսօր ժամանակներն այլ են: Որքանո՞վ են փոխվել հայ քաղաքական գործչի նպատակներն ու տեսլականը պետության զարգացման արդի փուլում:

– Աշխատող, հայրենիքին ծառայող մարդու տեսակը կփորձի օգտակար լինել իր երկրին ու ժողովրդին՝ անկախ նրանից, թե ինչ ժամանակներում և հասարակարգում է ապրում: Կարևոր է, որ ունենա նպատակներ, որոնց հասնելու համար երբեք չպետք է դադարի սովորել և ոչ մի խոչընդոտի առջև չպետք է ընկրկի:

Խորհրդային փակ հասարակարգում կատարել եմ քայլեր, որոնցից երբեք չեմ ամաչել: Ավելին՝ հպարտ եմ իմ անցյալով, որովհետև անցած ճանապարհին հետք եմ թողել, գործեր կատարել։ Հայաստանի 700 հազարանոց երիտասարդական կազմակերպությունը ղեկավարելը և´ պատիվ էր, և´ պատասխանատվություն երիտասարդ աղջկա համար: Մինչ այդ ղեկավարում էի ԵՊՀ-ի երիտասարդական կոմերիտական 10-հազարանոց կառույցը: Համալսարանում մշտապես կազմակերպում էինք ուսանողական գարուն և քաղաքական երգի փառատոն, փոքր ակադեմիա, մանկավարժական ջոկատներ: Համալսարանը բոլոր մրցույթներում հաղթանակած էր դուրս գալիս: ՀԼԿԵՄ կենտկոմում աշխատած տարիները ամենադժվարն էին, քանի որ մեզ բաժին հասան ամենածանր ժամանակները՝ երկրաշարժ և դրա հետևանքների վերացում, Ղարաբաղյան շարժում, որին անմնացորդ մասնակցեց երիտասարդությունը:

Հպարտ եմ նաև, որ այդ երիտասարդները, որոնց հետ աշխատել եմ այդ տարիներին, ամբողջությամբ իրենց ուսերին կրեցին երկրաշարժի առաջին դժվարությունները, իսկ հետագայում դարձան Ղարաբաղյան շարժման ազատամարտիկներ և պատերազմի հերոսներ:

Եվ բնական է, որ Խորհրդային Միության տարիներին իրեն դրսևորած մարդիկ պետք է գային և փորձեին նվիրվել հայրենիքի կառուցմանը: 1990 թվականին ես ամենաերիտասարդ պատգամավորներից էի նորանկախ Հայաստանի խորհրդարանում:

Ուզում եմ հիշեցնել, որ երբ ես ստանձնեցի կոմերիտմիության ղեկը, սկսվեց գորբաչովյան վերակառուցումը և հրապարակայնությունը: Այն ճզմիչ մեքենան, որը աշխատել էր ինձանից առաջ, իմ ժամանակ այլևս չկար: Ավելին՝ ազատության շունչը ներթափանցեց հատկապես երիտասարդական կազմակերպություն, որը ես ղեկավարում էի: Այդ տարիները և՛ դրամատիկ էին, և՛ դժվար էին, և՛ ողբերգական, և՛ պատվաբեր:

Ապա սկսվեց անկախ Հայրենիքի կառուցումը: Շատերը վախենում էին փոփոխություններից:  Փոփոխությունները պետք է ողջունել, այլ ոչ թե պետք է դրանցից վախենալ: Անկախության 25 տարիները մեզ դարձրին ավելի կոփված և առավել պատասխանատու գործիչներ: Մենք ունեցանք և´ վերելքներ, և´ վայրէջքներ, և´ ձեռքբերումներ, և´ կորուստներ: Սակայն չշեղվեցինք հիմնական ուղուց՝ ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն կառուցելուց:

Այսօր ժամանակներն այլ են: Ապրում ենք ազատ ու անկախ երկրում, և յուրաքանչյուրիցս է կախված մեր վաղվա օրը, թե վաղն ինչպիսի Հայաստանում կապրենք:

Այսօր յուրաքանչյուր քաղաքական գործչի ուղենիշը կյանքում պետք է լինի նժդեհյան ուսմունքը՝ պետությունն ու հայրենիքն ամեն ինչից վեր դասելը: Իսկ տեսլականը պետք է լինի Հզոր Հայաստանի ստեղծումը:

– Ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ համար անկախության խորհրդանիշը:

– Ինձ համար անկախության խորհրդանիշը նախևառաջ Հայոց բանակն է՝ հզոր ու անպարտելի: Հայաստանի և Արցախի խաղաղությունը, կայունությունը նախևառաջ պայմանավորված է նաև Հայոց հզոր, ուժեղ, կարող բանակով: 25 տարի շարունակ կարողացել ենք կառուցել մեր երկիրը, զարգանալ, առաջ ընթանալ, միջազգայնորեն ճանաչում ստանալ՝ շնորհիվ մեր սպաների, մեր զինվորների արիության, կամքի: Մեր բանակը, իրոք, ոգով շատ ուժեղ է. վկան՝ նրա բազում հաղթանակները:

Հայկական բանակի կազմում մարտնչեցին նաև Սփյուռքից եկած տղաները: Նրանք կարողացան թողնել իրենց տաքուկ անկյունը, իրենց խաղաղ կյանքը փոխարինեցին խրամատներով, եկան, զենք վերցրին և Հայաստանի, Արցախի որդիների հետ միասին պաշտպանեցին մեր հայրենի հողը:

Այսօր հայ զինվորն ամենախիզախն է: Ես հպարտանում եմ նրանց քաջությամբ, հակառակորդին ըստ արժանվույն պատասխան տալու վճռականությամբ, Հայաստանի սահմանների ամբողջականությունը պաշտպանելու պատրաստակամությամբ ու խիզախ կեցվածքով:

Հայոց բանակը մեր ազգի մեծագույն նվաճումն է, ամբողջ ազգը, Սփյուռքը պետք է սատարի, կանգնի բանակի կողքին:

– Հարց, որը բնորոշ է այս օրերին. որո՞նք են Ձեր կարծիքով Անկախության ամենամեծ ու կարևոր ձեռքբերումները:

– Այսօր մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ ունենք երկու անկախ Հանրապետություն՝ Հայաստանի և Արցախի, մնայուն արժեքներ, որոնք կերտել ենք անցնող տարիների ընթացքում:

Կարևոր ձեռքբերում է այն, որ Հայաստանի անկախացումից հետո Սփյուռքի հետ հարաբերությունների զարգացման նոր շրջափուլ սկսվեց: Անկախությունը մեծ ոգևորություն առաջացրեց Սփյուռքում: Փակ սահմանների պայմաններում տարեկան միայն տասնյակ անհատներ էին կարողանում այցելել հայրենիք: Անկախության պարգևած առաջին բերկրանքն էր այն, որ յուրաքանչյուրը ցանկության դեպքում առանց դժվարության կարող էր այցելել Հայաստան:

Սփյուռքը սկսեց համախմբվել հայրենիքի շուրջ՝ իր մարդկային, նյութական ռեսուրսները, կապերն ու հնարավորությունները, կարողությունները ի սպաս դնելով ՀՀ և ԼՂՀ կայացման ազգանվեր գործին: Սփյուռքը, որի պայքարի, համախմբման կարևորագույն առարկան Հայոց ցեղասպանությունն էր, Հայ դատի լուծման համար պայքարը, Հայաստանի անկախացումից հետո իր հիմնական խնդիրը դարձրեց նաև Հայաստանին և Արցախին սատար կանգնելը:

ՀՀ անկախության տարիներին Սփյուռքի և Հայաստանի համատեղ ուժերով, միմյանց օգնելով պետություն է կառուցվել, ՀՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ է դարձել, Արցախում ժողովուրդն իր անկախ պետականությունն է կերտում: Հայաստանն անդամակցում է տասնյակ միջազգային կազմակերպությունների, որպես զարգացման ուղի է ընտրել ժողովրդավարությունը, սահմանադրորեն մարդուն ճանաչել է որպես բարձրագույն արժեք, ձևավորում է քաղաքացիական հասարակություն: Փորձ է արվել այս գործընթացներում որքան հնարավոր է ճիշտ օգտագործել սփյուռքահայության ուժերը:

Քառորդ դար հայության հավաքական ջանքերով կառուցվեց անկախ և ազատ պետություն. ձևավորվեցին պետական կառավարման ժողովրդավարական  հիմքեր ու մարմիններ, կազմավորվեց տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, ազատականացվեց տնտեսությունը, ստեղծվեց քաղաքացիական հասարակություն, Հայաստանը դարձավ միջազգային հանրության լիիրավ անդամ:

Հայրենիքի հետ Սփյուռքի կապերը գնալով ուժեղանում են, համահայկական ցանցային կառույցները կարողանում են համազգային առաջնահերթ խնդիրների շուրջ համախմբել ազգը: Հայկական սփյուռքը դարձել է անկախ Հայաստանի Հանրապետության շարունակությունն ու մրցակցային առավելությունը, նրա անվտանգության բաղադրիչը: Սփյուռքը դարձել է հավերժ ներկայություն Հայաստանում, հայկական մերօրյա իրականության անբաժանելի մասը:

Անկախության 25 տարիներին ավելի են բյուրեղացել համահայկական նպատակներն ու համազգային առաջնահերթությունները: Առաջնահերթություններ՝ հզոր և ապահով Հայաստանի կառուցում, Արցախի անկախության և անվտանգության ապահովում, կազմակերպված Սփյուռք, հայոց լեզուն՝ որպես հայապահպանության կռվան, 100  տարի անց Հայոց ցեղասպանության համար պայքար, հայ եկեղեցու շուրջ համախմբում, արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի անվտանգության ապահովում, որով պետք է առաջնորդվի յուրաքանչյուր հայ:

Անկախությունն էր, որ հնարավորություն տվեց իմ սիրելի հոր՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Հակոբյանի հետ բացել Գավառի պետական համալսարանը, որի նվաճումներն այսօր ակնառու են, և որը Հայաստանի մի ողջ տարածաշրջանի՝ Գեղարքունիքի մարզի երիտասարդությանն ամուր պահեց իր հայրենիքում:

Անկախության լույսն ապահովեց Սփյուռքի հավերժ ներկայությանը Հայաստանում:

Առանց Անկախության հնարավոր չէր լինի Պալյանների օժանդակությամբ բացել Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը, որը բազմաթիվ հայուհիների փրկեց և շարունակում է փրկել մահից:

Անկախության շնորհիվ հնարավոր դարձավ ստեղծել ՀՀ սփյուռքի նախարարությունը, որի գործունեության հիմնական արդյունքը Սփյուռքի ներուժի բացահայտումն ու համախմբումն է:

– Տիկի´ն Հակոբյան, ոչինչ միանգամից չի կառուցվում և բնական է, որ այս տարիների ընթացքում մեր պետությունը ունեցել է նաև բացթողումներ: Ի՞նչ չենք հաջողել անցնող 25 տարիների ընթացքում:

– Ցավոք, անցնող 25 տարիները եղել են բարդ ու խոչընդոտներով լեցուն. ժողովուրդը ծանրագույն պայմաններում մի կողմից երկիր է կառուցել, մյուս կողմից՝ ստիպված եղել պայքարել նենգ ու անկանխատեսելի հակառակորդի թշնամական գործողությունների դեմ: Օբյեկտիվ դժվարությունների (արտաքին մարտահրավերներ, տնտեսական ճգնաժամեր, պատերազմական իրավիճակներ, փախստականներ, ԼՂ-ի չկարգավորված հակամարտություն) հաշվառմամբ անգամ, այնուամենայնիվ, Հայաստանում կան դեռևս չլուծված շատ հարցեր:

ԼՂՀ հիմնախնդիրը, շրջափակումը, արդարության, հանդուրժողականության պակասը, կոռուպցիայի հաղթահարման դանդաղ ընթացքը, կառավարման համակարգի անկատարությունը, մարզերի անհամաչափ տնտեսական զարգացումները էական խոչընդոտներ են Հայաստանի զարգացման համար:

25 տարվա փորձը, քաղաքական, սոցիալ-տնտեսական զարգացման անհրաժեշտությունը հանգեցրին սահմանադրական բարեփոխումներին: Այդ գործընթացը որակապես փոխելու է կառավարման համակարգը և միտված է իրավական պետության կառուցմանը, որտեղ մարդը և նրա իրավունքները բարձրագույն արժեք են, բոլորը հավասար են օրենքի առաջ, արդարադատության համակարգը զերծ է ազդեցություններից, խորհրդարանը ընտրվում է ժողովրդի կամքով, գերակայում է իրավունքը:

Հզոր Հայաստանի կառուցման նպատակով պետությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝  ջանքեր գործադրելով ազատ և հավասար տնտեսական մրցակցություն ապահովելու, ազգի կապիտալը խելամտորեն օգտագործելու, գործարար գրավիչ մթնոլորտ ձևավորելու և ներդրումները խրախուսելու ուղղությամբ:

Կառավարման համակարգի փոփոխությունը, իշխանության ճյուղերի միջև պատասխանատվության հստակ բաժանումը, ընդդիմությանը տրված սահմանադրական երաշխիքները, քաղաքացիական հասարակության ակտիվացմանը նպաստող քայլերը, Սփյուռքի ներուժի օգտագործումը կհանգեցնեն իրավական և ժողովրդավարական պետության հիմքերի ամրապնդմանը:

Միայն հավաքական ուժով կարող ենք հայրենիքը դարձնել զարգացած ու բարեկեցիկ, միայն համախմբված ունակ կլինենք դիմակայելու բոլոր կարգի մարտահրավերներին, միայն միասնաբար կհաջողենք դառնալ հայրենիքի զորացման համար պայքարող, ազգային պետականությանն ու բանակին սատարող հավաքականություն: Զորությունը միության մեջ է:

Հայ ժողովուրդը պետք է ձևակերպի այսօրվա իր գերագույն խնդիրը` Հայաստանի Հանրապետության հզորացումը, որի իրականացմանը պետք է մասնակցի յուրաքանչյուր հայ: Մեր պետությունը բոլորիս երազների հայրենիքը դարձնելով միայն կկարողանանք ավելի կազմակերպված և ուժեղ Սփյուռք ունենալ: Միայն հզոր հայրենիք ունենալու դեպքում սփյուռքահայերն իրենց ավելի ապահով, հպարտ ու պաշտպանված կզգան:

Դժբախտաբար, անընդունելի երևույթներ գոյություն ունեն, որոնց դեմ փորձում ենք պայքարել:

Պետք է մի քիչ էլ համբերել: Տեսե´ք, Ադրբեջանի համեմատ, որը նյութական մեծ կարողություններ ունի, Հայաստանը ժողովրդավարության և քաղաքակրթության տեսանկյունից շատ ավելի բարձր է գնահատվում միջազգային ատյանների կողմից: Անշուշտ, համեմատությունը խորհրդային կարգեր ապրած հանրապետություններին է վերաբերում:

Մենք ավելի քան 600 տարի (չհաշված, իհարկե, մեր Առաջին, սակայն կարճ կյանք ունեցած հանրապետությունը) պետականություն չենք ունեցել և ապրել ենք օտարի լծի տակ, ինչը, բնականաբար, ազդեցություն է թողել մեր կերպարի, գործունեության և, ընդհանրապես, գոյության վրա: Եվ միայն վերջին 25 տարում է, որ առիթ ունեցանք ինքնուրույն լինելու և իշխանություն կերտելու: Բնականաբար, ժամանակ է պետք դարերի ընթացքում մեր կրած բացասական ազդեցությունները թոթափելու համար: Պետք է համբերատար լինել, որպեսզի ազգովի կառուցենք հզոր Հայրենիք:

– Տիկի՛ն Հակոբյան, Հայաստանի երրորդ հանրապետության համար կարևոր ձեռքբերում է նաև ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումը: Ի՞նչ նոր որակ հաղորդեց նախարարությունը Հայաստան-Սփյուռք հարաբերություններին:

– 2008 թվականից մինչ այսօր Հայաստան-Սփյուռք գործակցության նոր փուլ արձանագրվեց ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումով: Որպես երկրի Նախագահի քաղաքական ծրագրի մաս` Սփյուռքի նախարարությունը մշակեց Հայկական սփյուռքի նկատմամբ Հայաստանի պետական քաղաքականությունը, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգ և ռազմավարական ծրագիր, որոնք հաջողությամբ իրագործվում են Սփյուռքի համապատասխան կառույցների և կազմակերպությունների աջակցության, մասնակցության և համախմբման արդյունքում: Առանց Սփյուռքի կառույցների համաձայնության և գործակցության անհնար կլիներ նախարարության գործունեությունն ու նոր ծրագրերի իրականացումը: Այսօր բոլորովին նոր որակ, նոր ձևեր և մոտեցումներ է որդեգրել Հայաստան-Սփյուռք գործակցությունը:

Նախարարությունը ստեղծվել է պահի նպատակահարմարությունից ելնելով: Իսկ այն, որ այս նախարարությունն արդեն 17 տարի ուշացած է ստեղծվել, արդեն իսկ փաստ է: Երբ 1991 թվականին Հայաստանն անկախացավ, ամբողջ հայությունը երջանկությունից, ոգևորությունից չգիտեր ինչ անել: Ժողովուրդն ուզում էր համախմբվել, ներդրումներ անել Հայաստանում, բայց այդ ամենը համակարգող մարմին չկար: Այսօր արդեն, կարելի է ասել, որ գոյություն ունի մի մարմին, որը փորձում է համախմբել Սփյուռքի ներուժը, դառնալ նրանց օգնականը բոլոր հարցերում:

Հանրապետության Նախագահը ՀՀ սփյուռքի նախարարությանն առաջադրեց երեք ռազմավարական խնդիր: Առաջին՝ նպաստել հայապահպանությանը Սփյուռքում, մշակել հատուկ ծրագրեր հայ ինքնության պահպանման, Սփյուռքի ուծացման դեմ պայքարին օժանդակելու համար, երկրորդ՝ բացահայտել և համախմբել Սփյուռքի ներուժը և օգտագործել Հայաստանի տնտեսության զարգացման համար և երրորդ՝ մշակել ծրագրեր, որոնք կարող են խթանել հայրենադարձությունը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը, որպես պետական կառավարման մարմին Սփյուռքի հետ աշխատելով, ունի առանձնահատկություններ՝ այլ նախարարությունների հետ համեմատած: ՀՀ սփյուռքի նախարարությունը չի ղեկավարում Սփյուռքը, Սփյուռքի հետ չի աշխատում հրամանների, հրահանգների միջոցով, չի կարող պահանջներ առաջադրել Սփյուռքին կամ հանձնարարություններ տալ սփյուռքյան որևէ կառույցի, անհատի:

Հայաստան-Սփյուռք գործակցության քաղաքականությունը գլխավորապես հիմնված է գործընկերային հարաբերությունների կառուցման և զարգացման, փոխադարձ վստահության և փոխըմբռնման վրա, ինչն իրականացվում է երկխոսության, փոխադարձ հարգանքի, փոխզիջումների և փոխհամաձայնության ճանապարհով՝ զարգացման նոր հեռանկարների ուղենշմամբ:

Սփյուռքի  նախարարության խնդիրն է Սփուռքի հետ աշխատանքները կազմակերպել «Ճանաչել, վստահել և գործակցել» սկզբունքով:

Գործունեության 8 տարիների ընթացքում Սփյուռքի նախարարությունը կազմակերպել է մոտ 100 մասնագիտական համաժողով, գիտաժողով, հավաք-հանդիպում և կլոր սեղան-քննարկում, ստեղծել 13 համահայկական մասնագիտական ընկերակցություն, միություն և կազմակերպություն, որպեսզի ուժեղացնի մասնագետների կապերը միմյանց հետ, դրա արդյունքում ստեղծվեն Հայաստանի համար օգտակար ծրագրեր, կատարվեն ներդրումներ:

Սփյուռքի նախարարության բոլոր ծրագրերի նպատակը հայապահպանությունն է, մայրենիի պահպանությունը, Հայրենիքի ճանաչողությունն ու Սփյուռքի ներուժի օգտագործումը՝ ի նպաստ Հայաստանի հզորացման ու համահայկական օրակարգային խնդիրների լուծման: Տարիների ընթացքում Սփյուռքում քննություն են բռնել տասնյակ ծրագրեր՝ «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց, «Իմ Հայաստան» համահայկական փառատոն, «Մեր մեծերը», համահայկական մասնագիտական ու Հայրենիք-Սփյուռք  համաժողովները, մրցույթները, մրցանակաբաշխությունները և այլն:

Նախարարության ծրագրերի շնորհիվ այսօր շատ սփյուռքահայ երիտասարդներ իրենց կրթությունը շարունակում են Հայաստանի տարբեր բուհերում, շատերն ընտանիք են կազմել հայրենիքում: Ծրագրին մասնակից երիտասարդների համար Հայաստանը դարձել է յուրատեսակ ժամադրավայր: Շատ երիտասարդներ, որոնք ինչ-ինչ պատճառներով հեռացած են եղել հայկական ինքնությունից, նախարարության ծրագրերի շնորհիվ վերադարձել են իրենց արմատներին և իրենց կյանքն այլևս չեն պատկերացնում առանց Հայաստանի ու հայերենի: Նախարարության ծրագերին մասնակից են դարձել նաև իսլամացված հայերը:

Ուրախ եմ, որ Սփյուռքում քայլառքայլ հավատում են մեր գործին: Ունենք հայրենակիցներ, կազմակերպություններ, որոնք անչափ ոգևորվում են մեր ծավալած գործունեությամբ և ձեռք են մեկնում մեր ծրագրերի իրականացման ճանապարհներին: Եթե Սփյուռքը չարձագանքի, չաջակցի, շատ ծրագրեր չեն իրագործվի, քանի որ մեր գործունեության օբյեկտը Հայրենիք-Սփյուռք գործակցության միասնության գաղափարական հենքն է:

– Տիկի՛ն Հակոբյան, երիտասարդ Հայաստան պետության համար լուրջ մարտահրավեր էր Սումգայիթից, Բաքվից, Իրաքից, Սիրիայից Հայաստան տեղափոխված ընտանիքների խնդիրը: Ի՞նչպես կարողացավ հաղթահարել այդ փորձությունը մեր պետությունը:

– Վերջին 25 տարիներին Հայաստանն ունեցել է 3 պարտադրված հայրենադարձություն: Առաջինը հայերի աղետալի բռնագաղթն էր Սումգայիթից և Բաքվից, որի արդյունքում շուրջ 400.000 հայ տեղափոխվեց Հայաստան: Դրամատիկ մի ժամանակաշրջան, երբ Հայաստանն ինքն էր վշտի ու վերքերի մեջ 1988-ի Սպիտակի երկրաշարժի պատճառով: 1991-1995 թվականներին նոր-նոր ձևավորվում էր Հայոց պետության անկախությունը: Դժվար տարիներ էին, երկրի շուրջ 40 տոկոսը փլվել էր երկրաշարժի հետևանքով, պատերազմական վիճակում էինք: Երկրում երկու ժամյա էներգետիկ ռեժիմ էր և, բնականաբար, շատ-շատերը չդիմացան: Ներգաղթած 400.000-ից միայն տասնյակ հազարները հաստատվեցին Հայաստանում, մյուսները դարձյալ սփռվեցին աշխարհով մեկ:

Հայրենադարձության կամ բռնագաղթի երկրորդ ալիքը բարձրացավ իրաքյան դեպքերի արդյունքում: 2001-2003 թվականներին Հայաստանում հաստատվեց շուրջ 2.000 իրաքահայ, սակայն նրանցից ևս միայն մի քանի տասնյակ կամ 100-200 մարդ մնաց Հայաստանում: Անհրաժեշտ պայմաններ չստեղծվեցին նրանց համար, նրանք էլ հեռացան:

Երրորդը՝ սիրիահայերի ներգաղթն է: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների լուծման համակարգումն իրականացնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը: 2012 թվականի ամռանը նախարարությունում ստեղծվել է սիրիահայերի հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խումբ:

2013 թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել և գործում է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով: 2012 թվականի օգոստոսից մինչև 2016 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 35 նիստ: Քննարկվել են 120-ից ավելի հարցեր, վեր հանվել հիմնախնդիրները, մշակվել են դրանց լուծման կառուցակարգերը:

Սիրիահայերին աջակցելու նպատակով կատարվել են փոփոխություններ ՀՀ օրենքներում, ՀՀ կառավարության որոշումներում, մի շարք գերատեսչական ակտերում: Սիրիահայերին ՀՀ քաղաքացիություն շնորհվում է պարզեցված կարգով: Հայաստանում ապրող սիրիահայերից ՀՀ քաղաքացիություն է ստացել շուրջ 13.000-ը, իսկ 1800-ը ունի կացության կարգավիճակ:

Գործում է սիրիահայերի կողմից ստեղծված 4 հասարակական կազմակերպություն, որոնք էլ իրականացնում են բոլոր բարեգործական ծրագրերը (սննդի, հագուստի, ֆինանսների, կենցաղային իրերի և այլնի բաշխում):

Սիրիահայերի կրթական, սոցիալական, լեզվական ինտեգրման աշխատանքները կարելի է համարել ավարտված: Շարունակվում են տնտեսական ինտեգրմանն ուղղված արդյունավետ քայլերը՝ միտված նրանց համար կենսական անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

Մեր խնդիրն է՝ գործի դնել բոլոր հնարավոր կառուցակարգերը, որպեսզի շատ սիրիահայերի հայրենադարձության հարցը վերջնականապես լուծվի՝ օգնելով նրանց արագ ինտեգրվել հայ հասարակությանը: Յուրաքանչյուր սիրիահայ պետք է գիտենա, որ Սիրիայից տեղափոխվելիս ինքը ունի մեկ հասցե՝ Հայաստանի Հանրապետություն:

Այսօր սիրիահայերը բավական ակտիվ են մանր ու միջին բիզնեսում: Կարելի է ասել, նրանք մեր ամենալավ աշխատողներն են` համեստ, խելացի, կազմակերպված: Նրանք նոր մշակույթ բերեցին մեր աշխատանքում:

– Տիկի՛ն Հակոբյան, Ձեր կարծիքով՝ այօրվա 25-ամյա երիտասարդն ինչո՞վ է տարբերվում Ձեր ժամանակների իր հասակակցից:

– Երիտասարդությունը միշտ ավելի առաջադեմ և ավելի գրագետ է, քան նախորդող սերունդը:

Իմ երիտասարդությունն անցել է Խորհրդային Հայաստանում: Ես եղել եմ կոմերիտմիության անդամ: Կոմերիտմիությունը դպրոց էր, որը ձևավորում էր երիտասարդությանը, օգնում գործեր իրականացնել: Երբեք չեմ փոշմանել, որ այդ կառույցի անդամ և ղեկավար եմ եղել: Ինչպես վերևում նշեցի, կոմերիտմիության շարքերում էին հիմնականում այն երիտասարդները, ովքեր համարձակություն գտան սկսելու ղարաբաղյան շարժումը, կոմերիտմիության բովով անցած երիտասարդներն էին, որ կարողացան պատերազմում հաղթել` ապահովելով, կառուցելով մեր անկախ պետականության հիմքերը:

Այսօր մեր երկրում ազատ մտածողությամբ, անկաշկանդ երիտասարդություն է մեծանում: Մենք փայլուն երիտասարդներ ունենք, ովքեր իրենց գիտելիքներով, գաղափարներով մրցունակ են աշխարհի ցանկացած տարածքում: Ուրախ եմ, որ հասարակական կյանքում ընդգրկված են մեծ թվով կանայք և աղջիկներ: Իսկ հասարակության դաստիարակը կինն է, մայրն է, հետևաբար որքան կինը կիրթ և գրագետ լինի, այնքան հասարակությունը կիրթ կլինի:

Մենք պետք է երիտասարդությանը ասպարեզ տանք, ոգևորենք, որպեսզի ինքնադրսևորվելու հնարավորություն ունենան, քանի որ երիտասարդությունը մեր  ներկան է ու ապագան:

Բոլորվին վերջերս այդ երիտասարդությունը նաև ապացուցեց, որ ինքն է այս երկիրը տերն ու լիիրավ պաշտպանը: Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ նա զենքը ձեռքին ոչ միայն մասնակցեց իր երկրի սահմանների պաշտպանությանը, գիտակցորեն մահվան գնաց՝ ապահովելով մեր խաղաղությունն ու ազատությունը, այլև «ստիպեց» մեզ բոլորիս՝ Հայաստանում և Սփյուռքի տարբեր համայնքերում ապրող հայերին, ոտքի կանգնել, միավորվել ու հայացքներս ուղղել դեպի հայրենիք:

18-20 տարեկան երիտասարդն արթնացրեց այն կայծը, որը կարող է հրդեհել այն ամենը, ինչը վտանգում է մեր հայրենիքն ու ազատ ապրելու իրավունքը:

Այդ երիտասարդն էր, որ ուղղեց մեր ողնաշարը, «ստիպեց» մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, անհամաձայնություններն ու բռունցքվել Հայաստանի շուրջ:

Այդ օրերին Սփյուռքը ոտքի էր կանգնել պատրաստ տրամադրել և՛ ֆիզիկական, և՛ նյութական օգնություն, ինչպես նաև բարոյական և քաղաքական ճնշում գործադրել իրենց իշխանությունների վրա` Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը խաղաղ ճանապարհով լուծելու համար: ԼՂՀ պաշտպանության բանակից հայտարարեցին, որ եղել են անգամ մարդիկ, ովքեր միացել են սահման պահող տղաներին:

Վտանգի պահին Սփյուռքն առավել կազմակերպված է դառնում, և պատահական չէր, որ ապրիլյան օրերին գլխավոր կարգախոսներն էին` «Մենք Արցախն ենք» և «Ձեռք-ձեռքի տված պետք է պաշտպանենք Հայաստանը»:

Այս տոնական օրը ես խոնարհվում եմ յուրաքանչյուր հայ զինվորի, հերոսի առջև, ով իր արյունը տվեց մեր անկախությունը պահպանելու համար: Այսօր նրանք են կանգնած թշնամուն դեմ հանդիման և պաշտպանում է Հայաստանն ու Արցախը: Այսօր ես հպարտ եմ մեր անպարտ բանակով: Սա նշանակում է, որ մենք կարողացել ենք դաստիարակել և դաստիարակում ենք հայրենիքի նվիրյալ, հայրենիքի պաշտպանության համար անձնազոհ երիտասարդներ:

Սակայն այս տարիների ընթացքում մենք դեռևս չենք կարողացել դաստիարակել ՀՀ քաղաքացուն: Քաղաքացի-պետություն հարաբերություններում մենք խնդիրներ ունենք: Այն ժամանակ, երբ հայրենասեր հայը դառնա նաև իրական քաղաքացի, կարծում եմ, իրավական և ժողովրդավարական պետության կառուցման գործում ավելի քիչ խնդիրներ կունենանք: Քաղաքացին պետք է ունենա և´ իրավունքներ, և´ պարտականություններ:

Հայաստանի քաղաքացին մայրենիի ու մշակույթի, եկեղեցու ու ընտանիքի պահպանողն ու հայրենիքի զարգացման նախանձախնդիրը պետք է լինի: Հայաստանի քաղաքացին պետք է նպաստի, որ մեր հանրապետությունը դառնա ամուր ու բարեկեցիկ, կայուն ու բարգավաճ:

Տիկի´ն Հակոբյան, Սփյուռքում ապրող հայերի համար Հայաստանը նախևառաջ հայրենիք է, հետո միայն պետություն: Ձեր կարծիքով՝ ո՞րն է այս երկուսի սահմանը (եթե այն կա), որտե՞ղ է այն հատվում:

– Հայաստանն ու Սփյուռքը կազմում են մեկ ընդհանրություն՝ ազգ: Հայ ժողովրդի ու Հայաստանի  շահերը պետք է լինեն գերակա արժեքներ, և բոլորի գործողություններն ու քայլերը պետք է բխեն այդ իրողության գիտակցումից: Ես հաճախ եմ ասում՝ հայրենիքում ապրողները՝ հայրենապահներ են, Սփյուռքում ապրողները՝ հայրենապաշտներ: Հայրենիք-պետություն «սահմանը» կարող է հատվել, երբ հայրենապահն ու հայրենապաշտը միասնաբար գործեն: Երբ հեռվում, օտար երկրում ապրող հայի համար Հայաստանը կլինի ոչ միայն երազի երկիր, այլ հենց ինքը կդառնա այդ երազի կերտողը: Երկքաղաքացիության ինստիտուտը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր սփյուռքահայի՝ դառնալ ՀՀ քաղաքացի և մասնակցել հայրենիքի առաջընթացի ապահովման գործին:

Հայրենիքը հայ ազգային ինքնության գլխավոր հենքն է: Հայրենիքն ազգի գոյության, ինքնության և արժանապատվության առհավատչյան է, հայ մնալու, հայ ապրելու խարիսխը: Արտերկրում ապրող հայերի ճնշող մեծամասնության համար, իսկապես, Հայաստանը լոկ պատմական հայրենիք չէ, այլ իր օջախը, իր տունը, իր հայ մնալու փրկությունը:

Մայրենին, պետականության հետ միասին, հայ ազգի պահպանման հիմքն ու կարևորագույն գրավականն է:

Հայաստանը համայն հայության հայրենիքն է: Կայացած ու գրագետ, կազմակերպված ու կարող հայերը ջանք ու եռանդ չպետք է խնայեն հայրենիքին օգտակար լինելու համար:

Հայաստանն ու Սփյուռքը, սերելով ազգային, պատմամշակութային նույն արմատից, հզոր են մեկը մյուսով: Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները Սփյուռքինն են, իսկ Սփյուռքի հիմնախնդիրները` Հայաստանինը: Հայ ժողովրդի հզորությունը բոլոր հայերի հավաքական միասնության մեջ է: Ուստի Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացումն ուղղված է հայ ժողովրդի տարբեր հատվածների կարողությունների բազմապատկմանը, Հայաստանի և Սփյուռքի հզորացմանն ու առաջընթացին:

Առաջնորդվենք այն գիտակցությամբ, որ հայ լինելը և՛ պատիվ է, և՛ պարտավորություն, որ սփյուռքահայի համար բնակության երկիրը ծննդավայր է, իսկ Հայաստանը՝ հայրենիք, ուրեմն համատեղ ուժերով կառուցենք «Հզոր Հայաստան»:

Մենք միասին ենք կերտելու մեր պատմությունն ու ապագան` հանուն հզոր Հայաստանի, հանուն անկախ և պաշտպանված Արցախի, հանուն առաջադեմ ու կազմակերպված Սփյուռքի, հանուն հայ տեսակի պահպանման:

Երիցս արդիական են հնչում Թեքեյանի խոսքերը. «Երկիրն իր զավակինն է այլևս»:

Լուսինե Աբրահամյան

Scroll Up