Անկախութեան 25 Տարիները. Հրանոյշ Յակոբեան
Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-ամեակին առիթով «Հայերն այսօր»-ը կը ներկայացնէ ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի հետ հարցազրոյցը:
– Տիկի՛ն Յակոբեան, Դուք ծնած, մեծցած եւ հասարակական-քաղաքական գործունէութիւն ծաւալած էք դեռեւս Խորհրդային Հայաստանի մէջ: Եղած էք ՀԼԿԵՄ կեդրոնական կոմիտէի առաջին քարտուղար: Որպէս պաշտօնեայ եւ որպէս հայ մարդ` երբեք մտածա՞ծ էք, որ Հայաստան կը դառնայ անկախ երկիր:
– Անկախութիւնը գերագոյն արժէք է, որին մեր ժողովուրդը դարեր շարունակ ձգտել է հասնել: Այն երազանք է եղել իւրաքանչիւր սերնդի համար, անկախ նրանից, թէ ինչ հասարակարգում է ապրել:
Ես ծնուել, մեծացել եմ մանկավարժների եւ գիտնականների ընտանիքում, որտեղ ազգայինը, հայրենասիրականն ամէն ինչից վեր էր: Փոքր տարիքից մենք դաստիարակւում էինք Մաշտոցով, Խորենացիով, Նարեկացիով, Քուչակով: Շատ յաճախ հայրս, Խորհրդային տարիների այդ փակ համակարգի պայմաններում, տուն էր բերում անտիպ նիւթեր: Արգելուած գրականութիւնը տուն բերելով` հայրս յատուկ յանձնարարութիւն էր տալիս. «Յանկարծ ուրիշը այդ մասին չիմանայ»: Իսկ մենք էլ ամբողջն ագահօրէն կարդում էինք:
Ես հինգերորդ դասարան էի, երբ Շիրազի անտիպ գործերը սկսեցին տարածուել հանրապետութիւնում: Այդ ժամանակ ես չէի հասկանում` անտիպը՞ որն է, տպագրուածը՞` որը: Հայրս հերթական անգամ Շիրազի անտիպ բանաստեղծութիւնների մի տրցակ էր տուն բերել: Քանի որ ես ասմունքի նկատմամբ իւրօրինակ սէր ունէի, անմիջապէս սովորեցի «Եօթը բուռ մոխիր» բանաստեղծութիւնը: Որոշ ժամանակ անց Գաւառում ասմունքի մրցոյթ էր, ու ես արտասանեցի հէնց այդ բանաստեղծութիւնը.
…Երբ որ մեռնեմ, ինձ այրեցէք,
Բայց մոխրիցս եօթը բուռ
Տարէ՛ք, ցրէ՛ք Հայաստանիս
Եօթը կողմերը դեռ անդուռ:
Առաջին բուռն համասփռէք
Կրծքին բանտուած Մասիսի,
Որ խառնուեմ իր մեծ սրտին,
Հովանայ սիրտն իմ յոյսի:
Թէ չէ այսպէս, ինչպէս գառը
Հեռու կապեն իր մօրից,
Թէ չձուլուեմ Արարատին,
Ես կը մեռնեմ կարօտից…
Ես ասմունքեցի, չհասկանալով, թէ այդ բառերի իմաստը, նշանակութիւնն ինչ վտանգ կարող է իր մէջ պարունակել: Ես, որ միշտ գերազանց էի սովորում, յաճախ էի պարգեւներ ստանում, այս անգամ մասնակցելով օլիմպիատայի` ոչինչ չստացայ ու արտասուելով տուն եկայ: Երեկոյեան մայրս, ով դպրոցի տնօրէն էր, շատ լարուած, վախեցած աշխատանքից վերադարձաւ, կանչեց ինձ, գրկեց ու ասաց. «Աղջի՛կս, այսօր մրցոյթում ի՞նչ ես արտասանել»: Երբ մօրս ասացի, թէ ինչ եմ արտասանել ու դժգոհեցի, որ ինձ ոչինչ չտուեցին ու չյաղթեցի, նա ճակատս համբուրեց ու ասաց. «Բալե՛ս, այլեւս դա չարտասանես, եթէ արտասանես, հայրիկին կը բռնեն»:
Ես սարսափեցի, իսկ մօրս այդ խօսքերը դաջուեցին ուղեղումս: Տարիներ յետոյ միայն իմացայ, որ այդ նոյն օրը մօրս կանչել են կուսակցութեան շրջանային կոմիտէ եւ մի լաւ «դաս» տուել: Իսկ համապատասխան մարմիններն էլ կանչել են հօրս եւ բացատրութիւն պահանջել, թէ ինչպէ՞ս է իր հինգերորդ դասարանի երեխան արտասանում Շիրազի չտպագրուած բանաստեղծութիւնը:
Մեծանալով ու դաստիարակուելով նման ընտանիքում` բնական է, որ ազգայինն իր դրոշմը պիտի թողնէր իմ յետագայ կեանքի վրայ:
Այլ բան է, որ ժամանակների թելադրանքով դու շատ բան ստիպուած էիր «բանտարկել» քո մէջ` սպասելով յարմար առիթի ու հնարաւորութեան: Իսկ շատ յաճախ քօղարկելով կատարել ես քայլեր ու գործեր, որոնք արտայայտել են քո ներքին մղումները:
Իմ կեանքում ես առաջնորդուել ու ապրում եմ մեծարենցեան անանձնական կեանքով, Թէքէեանի` «Կեանքէն ինծի ինչ մնաց… ինչ որ տուի ուրիշին, տարօրինակ այն միայն…», թումանեանական «Գործն է անմահ, լաւ իմացեք…» իմաստուն տողերն իրականութիւն դարձնելով… Ես հաւատում եմ հզօր Հայաստանի ապագային:
– Եթէ փորձենք 25 տարիով ետ երթալ. ի՞նչ դէպքեր, պահեր դրոշմուած են Ձեր յիշողութեան մէջ այդ պատմական օրերէն: Կրնա՞ք ընթերցողներուն փոխանցել այդ օրերուն Ձեր ապրումներն ու զգացողութիւնները:
– Ղարբաղեան շարժումն այն հենքն էր, որի վրայ կառուցուեց մեր անկախութեան գաղափարը: Երբ առաջին անգամ Հայաստանի անկախացման մասին թռուցիկներ տարածուեցին փողոցներում, մենք վախենում էինք անգամ այդ թռուցիկներից, որովհետեւ այդ գաղափարը մեզ այնքան անծանօթ էր: Քայլ առ քայլ, օր առ օր հասարակութիւնը հասունացաւ, հասունացաւ նախ եւ առաջ այն պարզ պատճառով, որ Ղարաբաղեան արդարացի շարժումը սկսուեց ճնշուել, տեղի ունեցան անընդունելի դէպքեր: Անգամ Խորհրդային բանակը փորձեց մեր բնակչութեանը վնասել, էլ չեմ խօսում Սումկայիթի մասին: Այս բոլորը ժողովրդի մէջ առաջացրեց այն գիտակցութիւնը, որ այն պետութիւնը, որի մէջ մենք ապրում ենք, ի վիճակի չէ այլեւս պաշտպանելու իր բնակչութեանը:
Ես նաեւ տեսել եմ այն պայքարը, որը ծաւալւում էր քուլիսներում: Տեսել եմ, թէ մեր ղեկավարներն ինչպէս էին փորձում կենտրոնին համոզել, բացատրել, որ ժողովրդի պահանջն արդարացի է, Ղարաբաղեան շարժումը պէտք է արդարացի լուծում ստանայ: Տեսել եմ այն հարուածները, որոնք ստացել են մեր պետութեան ղեկավարները, որոնք անելանելի վիճակում էին. մի կողմում ժողովուրդն էր, միւս կողմում` կենտրոնը:
Այդ օրերի ամենամեծ նուաճումն այն է, որ ի տարբերութիւն Խորհրդային Միութեան մի շարք երկրների` Վրաստանի, Ատրպէյճանի, Ռուսաստանի, որտեղ տեղի ունեցան քաղաքացիական պատերազմներ, արիւն հոսեց` իշխանութեան տարանջատումը կատարելու համար, Հայաստանը քաղաքակիրթ ուղին ընտրեց, եւ իշխանութեան տարանջատումը` օրեսնդիրի, գործադիրի եւ դատականի, առանց բախումների կատարուեց: Առաջին պառլամենտի ամենամեծ ձեռքբերումը հէնց այդ էր:
90-ական թուականների սկզբին մեր քաղաքական գործիչները, պառլամենտականները կարողացան առանց մեծ ցնցումների երկիրը տեղափոխել անկախութեան փուլ:
Անկախութիւնը հեշտութեամբ չտրուեց, անկախութեան ճամփան լի էր դժուարութիւններով ու խոչընդոտներով:
Ինչ վերաբերում է 1991 թուականի Սեպտեմբերի 21-ին, այդ օրը ես Միհրան Տապաղի ( ներկայիս Պոխումի համալսարանի դասախօս, Սփիւռքի եւ Ցեղասպանութեան հիմնարկի հիմնադիր տնօրէն, փրոֆէսոր-հեղ.) եւ Ցոլակ Յարութիւնեանի հետ գտնւում էի Գաւառում, նրանք` որպէս դիտորդ` ուղարկուած Գերմանիայի Դաշնութեան կողմից, հետեւում էին հանրաքուէի գործընթացին: Յիշում եմ, թէ նրանք որքան զարմացած էին` տեսնելով ժողովրդի ոգեւորութիւնը, թէ ինչպէս էին խմբերով, շատ յաճախ տհոլ-զուռնայով գալիս տեղամասեր ու միաձայն իրենց «այո»-ն ասում: Բոլորս էլ հասկանում էինք, որ հանրաքուէով յաղթելու ենք, եւ ամբողջ գիշեր գրեթէ ողջ ժողովուրդն անքուն էր: Մեծ ուրախութիւն էր, տօն, երբ հաղորդւում էին տուեալներն այս կամ այն տեղամասերից:
Համաժողովրդական հանրաքուէի արդիւնքները յայտարարուեցին Սեպտեմբերի 23-ին Գերագոյն խորհրդի նիստում. ընդունուեց Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակման մասին պատմական որոշում: Հանրաքուէի արդիւնքները խորհրդարանի բարձր ամբիոնից հրապարակեց Բաբգէն Արարքցեանը, Հայաստանի ԳԽ-ի որոշումը ՀՀ անկախութեան մասին ընթերցեց պատգամաւոր Արամ Մանուկեանը, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Առաջինի օրհնութեամբ որոշումը սկսեց ճամփայ հարթել:
Պատգամաւորների ծափերը չէին դադարում, մենք ոտքի էինք կանգնել եւ երկար ժամանակ յոտնկայս ծափահարում էինք: Բառերն անզօր են նկարագրելու այն ապրումները, ինչ մենք ապրեցինք այդ պահին: Անկախութեան, ազատութեան, հպարտութեան, քո պետութեան տէրը լինելու գիտակցումը փոթորկում էր իւրաքանչիւրիս հոգին: Այլեւս մենք էինք մեր երկրի, մեր պետութեան լիիրաւ տէրն ու տիրոջ իրաւունքով պէտք է կառուցէինք մեր Հայրենիքը` Ազատ ու Անկախ Հայաստանի Հանրապետութիւնը:
Այս էր այդ օրերին օդում տարածուող այն հիմնական, ոգեւորիչ ուժը, որն իր շրջապտոյտի մէջ էր առել պատգամաւորին, պաշտօնեային, սովորական քաղաքացուն: Այդ «ուժն» ալիքուեց դէպի Սփիւռք, եւ Սփիւռքը միանգամից պոռթկաց: Վերջապէս իրականութիւն էր դարձել այն երազը, որով նա ապրում էր 70 տարի շարունակ:
25 տարի առաջ յայտարարութիւններով ու կոչերով` յօգուտ անկախութեան, հանդէս եկան նաեւ մեր ճանաչուած մտաւորականները, գիտնականները: Անկախութեան օրերի իմ վառ յիշողութիւնները կապուած են նաեւ Վարդգէս Պետրոսեանի հետ, ով այդ ժամանակ Գերագոյն խորհրդի պատգամաւոր էր: Մենք քննարկում էինք, թէ այս պահին ինչ է կատարւում Սփիւռքում (չէ՞ որ ներկայ տեղեկատուական միջոցները չկային, եւ միայն հեռախօսով էր հնարաւոր պարզել նրանց ոգեւորութիւնը): Երեկոյեան երբ տուն վերադարձայ, առաջինը հեռաձայն ստացայ Ուաշինկթընից, Ռիթա եւ Վարդգէս Պալեաններն էին: Ռիթան ուրախութիւնից ե՛ւ լաց էր լինում, ե՛ւ երջանկութիւնից խենթացած բացականչում. «Արդեօք ճի՞շդ է, միթէ՞ մեր Հայաստանը այլեւս անկախ է»:
– Տիկի՛ն Յակոբեան, գաղտնիք չէ, որ Խորհրդային Միութեան մէջ ազգային գործունէութիւն ծաւալելը, ազգային նկարագիրը առաջ մղելը մեծ խիզախութիւն կը պահանջէր: Պատմութեան նման շատ դէպքեր յայտնի են: Այսօր ժամանակները այլ են: Որքանո՞վ փոխուած են հայ քաղաքական գործիչի նպատակները ու տեսլականը պետութեան զարգացման արդի փուլին մէջ:
– Աշխատող, հայրենիքին ծառայող մարդու տեսակը կը փորձի օգտակար լինել իր երկրին ու ժողովրդին` անկախ նրանից, թէ ինչ ժամանակներում եւ հասարակարգում է ապրում: Կարեւոր է, որ ունենայ նպատակներ, որոնց հասնելու համար երբեք չպէտք է դադարի սովորել եւ ոչ մի խոչընդոտի առջեւ չպէտք է ընկրկի:
Խորհրդային փակ հասարակարգում կատարել եմ քայլեր, որոնցից երբեք չեմ ամաչել: Աւելին` հպարտ եմ իմ անցեալով, որովհետեւ անցած ճանապարհին հետք եմ թողել, գործեր կատարել: Հայաստանի 700 հազարանոց երիտասարդական կազմակերպութիւնը ղեկավարելը ե՛ւ պատիւ էր, ե՛ւ պատասխանատուութիւն երիտասարդ աղջկայ համար: Մինչ այդ ղեկավարում էի ԵՊՀ-ի երիտասարդական կոմերիտական 10-հազարանոց կառոյցը: Համալսարանում մշտապէս կազմակերպում էինք ուսանողական գարուն եւ քաղաքական երգի փառատօն, փոքր ակադեմիայ, մանկավարժական ջոկատներ: Համալսարանը բոլոր մրցոյթներում յաղթանակած էր դուրս գալիս: ՀԼԿԵՄ կենտկոմում աշխատած տարիները ամենադժուարն էին, քանի որ մեզ բաժին հասան ամենածանր ժամանակները` երկրաշարժ եւ դրա հետեւանքների վերացում, Ղարաբաղեան շարժում, որին անմնացորդ մասնակցեց երիտասարդութիւնը:
Հպարտ եմ նաեւ, որ այդ երիտասարդները, որոնց հետ աշխատել եմ այդ տարիներին, ամբողջութեամբ իրենց ուսերին կրեցին երկրաշարժի առաջին դժուարութիւնները, իսկ յետագայում դարձան Ղարաբաղեան շարժման ազատամարտիկներ եւ պատերազմի հերոսներ:
Եւ բնական է, որ Խորհրդային Միութեան տարիներին իրեն դրսեւորած մարդիկ պէտք է գային եւ փորձէին նուիրուել հայրենիքի կառուցմանը: 1990 թուականին ես ամենաերիտասարդ պատգամաւորներից էի նորանկախ Հայաստանի խորհրդարանում:
Ուզում եմ յիշեցնել, որ երբ ես ստանձնեցի կոմերիտմիութեան ղեկը, սկսուեց կորպաչովեան վերակառուցումը եւ հրապարակայնութիւնը: Այն ճզմիչ մեքենան, որը աշխատել էր ինձանից առաջ, իմ ժամանակ այլեւս չկար: Աւելին` ազատութեան շունչը ներթափանցեց յատկապէս երիտասարդական կազմակերպութիւն, որը ես ղեկավարում էի: Այդ տարիները ե՛ւ դրամատիկ էին, ե՛ւ դժուար էին, ե՛ւ ողբերգական, ե՛ւ պատուաբեր:
Ապա սկսուեց անկախ Հայրենիքի կառուցումը: Շատերը վախենում էին փոփոխութիւններից: փոփոխութիւնները պէտք է ողջունել, այլ ոչ թէ պէտք է դրանցից վախենալ: Անկախութեան 25 տարիները մեզ դարձրին աւելի կոփուած եւ առաւել պատասխանատու գործիչներ: Մենք ոնեցանք ե՛ւ վերելքներ, ե՛ւ վայրէջքներ, ե՛ւ ձեռքբերումներ, ե՛ւ կորուստներ: Սակայն չշեղուեցինք հիմնական ուղուց` ժողովրդավարական, իրաւական եւ սոցիալական պետութիւն կառուցելուց:
Այսօր ժամանակներն այլ են: Ապրում ենք ազատ ու անկախ երկրում, եւ իւրաքանչիւրիցս է կախուած մեր վաղուայ օրը, թէ վաղն ինչպիսի Հայաստանում կ’ապրենք:
Այսօր իւրաքանչիւր քաղաքական գործչի ուղենիշը կեանքում պէտք է լինի նժդեհեան ուսմունքը` պետութիւնն ու հայրենիքն ամէն ինչից վեր դասելը: Իսկ տեսլականը պէտք է լինի Հզօր Հայաստանի ստեղծումը:
– Ո՞վ կամ ի՞նչն է Ձեզի համար անկախութեան խորհրդանիշը:
– Ինձ համար անկախութեան խորհրդանիշը նախ եւ առաջ Հայոց բանակն է` հզօր ու անպարտելի: Հայաստանի եւ Արցախի խաղաղութիւնը, կայունութիւնը նախ եւ առաջ պայմանաւորուած է նաեւ Հայոց հզօր, ուժեղ, կարող բանակով: 25 տարի շարունակ կարողացել ենք կառուցել մեր երկիրը, զարգանալ, առաջ ընթանալ, միջազգայնօրէն ճանաչում ստանալ` շնորհիւ մեր սպաների, մեր զինուորների արիութեան, կամքի: Մեր բանակը, իրօք, ոգով շատ ուժեղ է. վկան` նրա բազում յաղթանակները:
Հայկական բանակի կազմում մարտնչեցին նաեւ Սփիւռքից եկած տղաները: Նրանք կարողացան թողնել իրենց տաքուկ անկիւնը, իրենց խաղաղ կեանքը փոխարինեցին խրամատներով, եկան, զէնք վերցրին եւ Հայաստանի, Արցախի որդիների հետ միասին պաշտպանեցին մեր հայրենի հողը:
Այսօր հայ զինուորն ամենախիզախն է: Ես հպարտանում եմ նրանց քաջութեամբ, հակառակորդին ըստ արժանուոյն պատասխան տալու վճռականութեամբ, Հայաստանի սահմանների ամբողջականութիւնը պաշտպանելու պատրաստակամութեամբ ու խիզախ կեցուածքով:
Հայոց բանակը մեր ազգի մեծագոյն նուաճումն է, ամբողջ ազգը, Սփիւռքը պէտք է սատարի, կանգնի բանակի կողքին:
– Հարց, որ բնորոշ է այս օրերուն. որո՞նք են Ձեր կարծիքով Անկախութեան ամենամեծ ու կարեւոր ձեռքբերումները:
– Այսօր մենք հպարտութեամբ կարող ենք ասել, որ ունենք երկու անկախ Հանրապետութիւն` Հայաստանի եւ Արցախի, մնայուն արժէքներ, որոնք կերտել ենք անցնող տարիների ընթացքում:
Կարեւոր ձեռքբերում է այն, որ Հայաստանի անկախացումից յետոյ Սփիւռքի հետ յարաբերութիւնների զարգացման նոր շրջափուլ սկսուեց: Անկախութիւնը մեծ ոգեւորութիւն առաջացրեց Սփիւռքում: Փակ սահմանների պայմաններում տարեկան միայն տասնեակ անհատներ էին կարողանում այցելել հայրենիք: Անկախութեան պարգեւած առաջին բերկրանքն էր այն, որ իւրաքանչիւրը ցանկութեան դէպքում առանց դժուարութեան կարող էր այցելել Հայաստան:
Սփիւռքը սկսեց համախմբուել հայրենիքի շուրջ` իր մարդկային, նիւթական ռեսուրսները, կապերն ու հնարաւորութիւնները, կարողութիւնները ի սպաս դնելով ՀՀ եւ ԼՂՀ կայացման ազգանուէր գործին: Սփիւռքը, որի պայքարի, համախմբման կարեւորագոյն առարկան Հայոց ցեղասպանութիւնն էր, Հայ դատի լուծման համար պայքարը, Հայաստանի անկախացումից յետոյ իր հիմնական խնդիրը դարձրեց նաեւ Հայաստանին եւ Արցախին սատար կանգնելը:
ՀՀ անկախութեան տարիներին Սփիւռքի եւ Հայաստանի համատեղ ուժերով, միմեանց օգնելով պետութիւն է կառուցուել, ՀՀ-ն միջազգային իրաւունքի սուբյեկտ է դարձել, Արցախում ժողովուրդն իր անկախ պետականութիւնն է կերտում: Հայաստանն անդամակցում է տասնեակ միջազգային կազմակերպութիւնների, որպէս զարգացման ուղի է ընտրել ժողովրդավարութիւնը, սահմանադրօրէն մարդուն ճանաչել է որպէս բարձրագոյն արժէք, ձեւաւորում է քաղաքացիական հասարակութիւն: Փորձ է արուել այս գործընթացներում որքան հնարաւոր է ճիշդ օգտագործել սփիւռքահայութեան ուժերը:
Քառորդ դար հայութեան հաւաքական ջանքերով կառուցուեց անկախ եւ ազատ պետութիւն. ձեւաւորուեցին պետական կառավարման ժողովրդավարական հիմքեր ու մարմիններ, կազմաւորուեց տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, ազատականացուեց տնտեսութիւնը, ստեղծուեց քաղաքացիական հասարակութիւն, Հայաստանը դարձաւ միջազգային հանրութեան լիիրաւ անդամ:
Հայրենիքի հետ Սփիւռքի կապերը գնալով ուժեղանում են, համահայկական ցանցային կառոյցները կարողանում են համազգային առաջնահերթ խնդիրների շուրջ համախմբել ազգը: Հայկական սփիւռքը դարձել է անկախ Հայաստանի Հանրապետութեան շարունակութիւնն ու մրցակցային առաւելութիւնը, նրա անվտանգութեան բաղադրիչը: Սփիւռքը դարձել է յաւերժ ներկայութիւն Հայաստանում, հայկական մերօրեայ իրականութեան անբաժանելի մասը:
Անկախութեան 25 տարիներին աւելի են բիւրեղացել համահայկական նպատակներն ու համազգային առաջնահերթութիւնները: Առաջնահերթութիւններ` հզօր եւ ապահով Հայաստանի կառուցում, Արցախի անկախութեան եւ անվտանգութեան ապահովում, կազմակերպուած Սփիւռք, հայոց լեզուն` որպէս հայապահպանութեան կռուան, 100 տարի անց Հայոց ցեղասպանութեան համար պայքար, հայ եկեղեցու շուրջ համախմբում, արտակարգ իրավիճակներում յայտնուած հայերի անվտանգութեան ապահովում, որով պէտք է առաջնորդուի իւրաքանչիւր հայ:
– Տիկի՛ն Յակոբեան, որեւէ բան միանգամէն չի կառուցուիր եւ բնական է, որ այս տարիներուն ընթացքին մեր պետութիւնը ունեցած է նաեւ բացթողումներ: Ին՞չ չենք յաջողած անցնող 25 տարիներուն ընթացքին:
– Ցաւօք, անցնող 25 տարիները եղել են բարդ ու խոչընդոտներով լեցուն. ժողովուրդը ծանրագոյն պայմաններում մի կողմից երկիր է կառուցել, միւս կողմից` ստիպուած եղել պայքարել նենգ ու անկանխատեսելի հակառակորդի թշնամական գործողութիւնների դէմ: Օբյեկտիւ դժուարութիւնների (արտաքին մարտահրաւէրներ, տնտեսական ճգնաժամեր, պատերազմական իրավիճակներ, փախստականներ, ԼՂ-ի չկարգաւորուած հակամարտութիւն) հաշուառմամբ անգամ, այնուամէնայնիւ, Հայաստանում կան դեռեւս չլուծուած շատ հարցեր:
ԼՂՀ հիմնախնդիրը, շրջափակումը, արդարութեան, հանդուրժողականութեան պակասը, կոռուպցիայի յաղթահարման դանդաղ ընթացքը, կառավարման համակարգի անկատարութիւնը, մարզերի անհամաչափ տնտեսական զարգացումները էական խոչընդոտներ են Հայաստանի զարգացման համար:
25 տարուայ փորձը, քաղաքական, սոցիալ-տնտեսական զարգացման անհրաժեշտութիւնը յանգեցրին սահմանադրական բարեփոխումներին: Այդ գործընթացը որակապես փոխելու է կառավարման համակարգը եւ միտուած է իրաւական պետութեան կառուցմանը, որտեղ մարդը եւ նրա իրաւունքները բարձրագոյն արժէք են, բոլորը հաւասար են օրէնքի առաջ, արդարադատութեան համակարգը զերծ է ազդեցութիւններից, խորհրդարանը ընտրւում է ժողովրդի կամքով, գերակայում է իրաւունքը:
Հզօր Հայաստանի կառուցման նպատակով պետութիւնը ձեռնարկում է բոլոր հնարաւոր միջոցները` ջանքեր գործադրելով ազատ եւ հաւասար տնտեսական մրցակցութիւն ապահովելու, ազգի կապիտալը խելամտօրէն օգտագործելու, գործարար գրաւիչ մթնոլորտ ձեւաւորելու եւ ներդրումները խրախուսելու ուղղութեամբ:
Կառավարման համակարգի փոփոխութիւնը, իշխանութեան ճիւղերի միջեւ պատասխանատուութեան յստակ բաժանումը, ընդդիմութեանը տրուած սահմանադրական երաշխիքները, քաղաքացիական հասարակութեան ակտիւացմանը նպաստող քայլերը, Սփիւռքի ներուժի օգտագործումը կը յանգեցնեն իրաւական եւ ժողովրդավարական պետութեան հիմքերի ամրապնդմանը:
Միայն հաւաքական ուժով կարող ենք հայրենիքը դարձնել զարգացած ու բարեկեցիկ, միայն համախմբուած ունակ կը լինենք դիմակայելու բոլոր կարգի մարտահրաւէրներին, միայն միասնաբար կը յաջողենք դառնալ հայրենիքի զօրացման համար պայքարող, ազգային պետականութեանն ու բանակին սատարող հաւաքականութիւն: Զօրութիւնը միութեան մէջ է:
Հայ ժողովուրդը պէտք է ձեւակերպի այսօրուայ իր գերագոյն խնդիրը` Հայաստանի Հանրապետութեան հզօրացումը, որի իրականացմանը պէտք է մասնակցի իւրաքանչիւր հայ: Մեր պետութիւնը բոլորիս երազների հայրենիքը դարձնելով միայն կը կարողանանք աւելի կազմակերպուած եւ ուժեղ Սփիւռք ունենալ: Միայն հզօր հայրենիք ունենալու դէպքում սփիւռքահայերն իրենց աւելի ապահով, հպարտ ու պաշտպանուած կը զգան:
Դժբախտաբար, անընդունելի երեւոյթներ գոյութիւն ունեն, որոնց դէմ փորձում ենք պայքարել:
Պէտք է մի քիչ էլ համբերել: Տեսէ՛ք, Ատրպէյճանի համեմատ, որը նիւթական մեծ կարողութիւններ ունի, Հայաստանը ժողովրդավարութեան եւ քաղաքակրթութեան տեսանկիւնից շատ աւելի բարձր է գնահատւում միջազգային ատեանների կողմից: Անշուշտ, համեմատութիւնը խորհրդային կարգեր ապրած հանրապետութիւններին է վերաբերում:
Մենք աւելի քան 600 տարի (չհաշուած, ի հարկէ, մեր Առաջին, սակայն կարճ կեանք ունեցած հանրապետութիւնը) պետականութիւն չենք ունեցել եւ ապրել ենք օտարի լծի տակ, ինչը, բնականաբար, ազդեցութիւն է թողել մեր կերպարի, գործունէութեան եւ, ընդհանրապէս, գոյութեան վրայ: Եւ միայն վերջին 25 տարում է, որ առիթ ունեցանք ինքնուրոյն լինելու եւ իշխանութիւն կերտելու: Բնականաբար, ժամանակ է պէտք դարերի ընթացքում մեր կրած բացասական ազդեցութիւնները թօթափելու համար: Պէտք է համբերատար լինել, որպէսզի ազգովի կառուցենք հզօր Հայրենիք:
– Տիկի՛ն Յակոբեան, Հայաստանի երրորդ հանրապետութեան համար կարեւոր ձեռքբերում է նաեւ ՀՀ սփիւռքի նախարարութեան ստեղծումը: Ին՞չ նոր որակ հաղորդեց նախարարութիւնը Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններուն:
– 2008 թուականից մինչ այսօր Հայաստան-Սփիւռք գործակցութեան նոր փուլ արձանագրուեց ՀՀ սփիւռքի նախարարութեան ստեղծումով: Որպէս երկրի Նախագահի քաղաքական ծրագրի մաս` Սփիւռքի նախարարութիւնը մշակեց Հայկական սփիւռքի նկատմամբ Հայաստանի պետական քաղաքականութիւնը, Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման հայեցակարգ եւ ռազմավարական ծրագիր, որոնք յաջողութեամբ իրագործւում են Սփիւռքի համապատասխան կառոյցների եւ կազմակերպութիւնների աջակցութեան, մասնակցութեան եւ համախմբման արդիւնքում: Առանց Սփիւռքի կառոյցների համաձայնութեան եւ գործակցութեան անհնար կը լինէր նախարարութեան գործունէութիւնն ու նոր ծրագրերի իրականացումը: Այսօր բոլորովին նոր որակ, նոր ձեւեր եւ մօտեցումներ է որդեգրել Հայաստան-Սփիւռք գործակցութիւնը:
Նախարարութիւնը ստեղծուել է պահի նպատակայարմարութիւնից ելնելով: Իսկ այն, որ այս նախարարութիւնն արդէն 17 տարի ուշացած է ստեղծուել, արդէն իսկ փաստ է: Երբ 1991 թուականին Հայաստանն անկախացաւ, ամբողջ հայութիւնը երջանկութիւնից, ոգեւորութիւնից չգիտէր ինչ անել: Ժողովուրդն ուզում էր համախմբուել, ներդրումներ անել Հայաստանում, բայց այդ ամէնը համակարգող մարմին չկար: Այսօր արդէն, կարելի է ասել, որ գոյութիւն ունի մի մարմին, որը փորձում է համախմբել Սփիւռքի ներուժը, դառնալ նրանց օգնականը բոլոր հարցերում:
Հանրապետութեան Նախագահը ՀՀ սփիւռքի նախարարութեանն առաջադրեց երեք ռազմավարական խնդիր: Առաջին` նպաստել հայապահպանութեանը Սփիւռքում, մշակել յատուկ ծրագրեր հայ ինքնութեան պահպանման, Սփիւռքի ուծացման դէմ պայքարին օժանդակելու համար, երկրորդ` բացայայտել եւ համախմբել Սփիւռքի ներուժը եւ օգտագործել Հայաստանի տնտեսութեան զարգացման համար եւ երրորդ` մշակել ծրագրեր, որոնք կարող են խթանել հայրենադարձութիւնը:
ՀՀ սփիւռքի նախարարութիւնը, որպէս պետական կառավարման մարմին Սփիւռքի հետ աշխատելով, ունի առանձնայատկութիւններ` այլ նախարարութիւնների հետ համեմատած: ՀՀ սփիւռքի նախարարութիւնը չի ղեկավարում Սփիւռքը, Սփիւռքի հետ չի աշխատում հրամանների, հրահանգների միջոցով, չի կարող պահանջներ առաջադրել Սփիւռքին կամ յանձնարարութիւններ տալ սփիւռքեան որեւէ կառոյցի, անհատի:
Հայաստան-Սփիւռք գործակցութեան քաղաքականութիւնը գլխաւորապէս հիմնուած է գործընկերային յարաբերութիւնների կառուցման եւ զարգացման, փոխադարձ վստահութեան եւ փոխըմբռնման վրայ, ինչն իրականացւում է երկխօսութեան, փոխադարձ յարգանքի, փոխզիջումների եւ փոխհամաձայնութեան ճանապարհով` զարգացման նոր հեռանկարների ուղենշմամբ:
Սփիւռքի նախարարութեան խնդիրն է Սփիւռքի հետ աշխատանքները կազմակերպել «Ճանաչել, վստահել եւ գործակցել» սկզբունքով:
Գործունէութեան 8 տարիների ընթացքում Սփիւռքի նախարարութիւնը կազմակերպել է մօտ 100 մասնագիտական համաժողով, գիտաժողով, հաւաք-հանդիպում եւ կլոր սեղան-քննարկում, ստեղծել 13 համահայկական մասնագիտական ընկերակցութիւն, միութիւն եւ կազմակերպութիւն, որպէսզի ուժեղացնի մասնագէտների կապերը միմեանց հետ, դրա արդիւնքում ստեղծուեն Հայաստանի համար օգտակար ծրագրեր, կատարուեն ներդրումներ:
Սփիւռքի նախարարութեան բոլոր ծրագրերի նպատակը հայապահպանութիւնն է, մայրենիի պահպանութիւնը, Հայրենիքի ճանաչողութիւնն ու Սփիւռքի ներուժի օգտագործումը` ի նպաստ Հայաստանի հզօրացման ու համահայկական օրակարգային խնդիրների լուծման: Տարիների ընթացքում Սփիւռքում քննութիւն են բռնել տասնեակ ծրագրեր` «Արի տուն», «Սփիւռք» ամառային դպրոց, «Իմ Հայաստան» համահայկական փառատօն, «Մեր մեծերը», համահայկական մասնագիտական ու հայրենիք-սփիւռք համաժողովները, մրցոյթները, մրցանակաբաշխութիւնները եւ այլն:
Նախարարութեան ծրագրերի շնորհիւ այսօր շատ սփիւռքահայ երիտասարդներ իրենց կրթութիւնը շարունակում են Հայաստանի տարբեր բուհերում, շատերն ընտանիք են կազմել հայրենիքում: Ծրագրին մասնակից երիտասարդների համար Հայաստանը դարձել է իւրատեսակ ժամադրավայր: Շատ երիտասարդներ, որոնք ինչ-ինչ պատճառներով հեռացած են եղել հայկական ինքնութիւնից, նախարարութեան ծրագրերի շնորհիւ վերադարձել են իրենց արմատներին եւ իրենց կեանքն այլեւս չեն պատկերացնում առանց Հայաստանի ու հայերէնի: Նախարարութեան ծրագերին մասնակից են դարձել նաեւ իսլամացուած հայերը:
Ուրախ եմ, որ Սփիւռքում քայլառքայլ հաւատում են մեր գործին: Ունենք հայրենակիցներ, կազմակերպութիւններ, որոնք անչափ ոգեւորւում են մեր ծաւալած գործունէութեամբ եւ ձեռք են մեկնում մեր ծրագրերի իրականացման ճանապարհներին: Եթէ Սփիւռքը չարձագանքի, չաջակցի, շատ ծրագրեր չեն իրագործուի, քանի որ մեր գործունէութեան օբյեկտը Հայրենիք-Սփիւռք գործակցութեան միասնութեան գաղափարական հենքն է:
– Տիկի՛ն Յակոբեան, երիտասարդ Հայաստան պետութեան համար լուրջ մարտահրաւէր էր Սումկայիթէն, Պաքուէն, Իրաքէն, Սուրիայէն Հայաստան տեղափոխուած ընտանիքներու խնդիրը: Մեր պետութիւնը ինչպէ՞ս կրցաւ յաղթահարել այդ փորձութիւնը:
– Վերջին 25 տարիներին Հայաստանն ունեցել է 3 պարտադրուած հայրենադարձութիւն: Առաջինը հայերի աղէտալի բռնագաղթն էր Սումկայիթից եւ Պաքուից, որի արդիւնքում շուրջ 400.000 հայ տեղափոխուեց Հայաստան: Դրամատիկ մի ժամանակաշրջան, երբ Հայաստանն ինքն էր վշտի ու վէրքերի մէջ 1988-ի Սպիտակի երկրաշարժի պատճառով: 1991-1995 թուականներին նոր-նոր ձեւաւորւում էր Հայոց պետութեան անկախութիւնը: Դժուար տարիներ էին, երկրի շուրջ 40 տոկոսը փլուել էր երկրաշարժի հետեւանքով, պատերազմական վիճակում էինք: Երկրում երկու ժամեայ էներգետիկ ռեժիմ էր եւ, բնականաբար, շատ-շատերը չդիմացան: Ներգաղթած 400.000-ից միայն տասնեակ հազարները հաստատուեցին Հայաստանում, միւսները դարձեալ սփռուեցին աշխարհով մէկ:
Հայրենադարձութեան կամ բռնագաղթի երկրորդ ալիքը բարձրացաւ իրաքեան դէպքերի արդիւնքում: 2001-2003 թուականներին Հայաստանում հաստատուեց շուրջ 2.000 իրաքահայ, սակայն նրանցից եւս միայն մի քանի տասնեակ կամ 100-200 մարդ մնաց Հայաստանում: Անհրաժեշտ պայմաններ չստեղծուեցին նրանց համար, նրանք էլ հեռացան:
Երրորդը` սիրիահայերի ներգաղթն է: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի յանձնարարութեամբ Հայաստան տեղափոխուած սիրիահայերի հիմնախնդիրների լուծման համակարգումն իրականացնում է ՀՀ սփիւռքի նախարարութիւնը: 2012 թուականի ամրանը նախարարութիւնում ստեղծուել է սիրիահայերի հիմնահարցերով զբաղուող աշխատանքային խումբ:
2013 թուականին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծուել եւ գործում է սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական յանձնաժողով: 2012 թուականի Օգոստոսից մինչեւ 2016 թուականի Սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատուածում կազմակերպուել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական յանձնաժողովի» 35 նիստ: Քննարկուել են 120-ից աւելի հարցեր, վեր հանուել հիմնախնդիրները, մշակուել են դրանց լուծման կառուցակարգերը:
Սիրիահայերին աջակցելու նպատակով կատարուել են փոփոխութիւններ ՀՀ օրէնքներում, ՀՀ կառավարութեան որոշումներում, մի շարք գերատեսչական ակտերում: Սիրիահայերին ՀՀ քաղաքացիութիւն շնորհւում է պարզեցուած կարգով: Հայաստանում ապրող սիրիահայերից ՀՀ քաղաքացիութիւն է ստացել շուրջ 13.000-ը, իսկ 1800-ը ունի կացութեան կարգավիճակ:
Գործում է սիրիահայերի կողմից ստեղծուած 4 հասարակական կազմակերպութիւն, որոնք էլ իրականացնում են բոլոր բարեգործական ծրագրերը (սննդի, հագուստի, ֆինանսների, կենցաղային իրերի եւ այլնի բաշխում):
Սիրիահայերի կրթական, սոցիալական, լեզուական ինտէգրման աշխատանքները կարելի է համարել աւարտուած: Շարունակւում են տնտեսական ինտէգրմանն ուղղուած արդիւնաւէտ քայլերը` միտուած նրանց համար կենսական անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:
Մեր խնդիրն է` գործի դնել բոլոր հնարաւոր կառուցակարգերը, որպէսզի շատ սիրիահայերի հայրենադարձութեան հարցը վերջնականապէս լուծուի` օգնելով նրանց արագ ինտէգրուել հայ հասարակութեանը: Իւրաքանչիւր սիրիահայ պէտք է գիտենայ, որ Սիրիայից տեղափոխուելիս ինքը ունի մէկ հասցէ` Հայաստանի Հանրապետութիւն:
Այսօր սիրիահայերը բաւական ակտիւ են մանր ու միջին բիզնեսում: Կարելի է ասել, նրանք մեր ամենալաւ աշխատողներն են` համեստ, խելացի, կազմակերպուած: Նրանք նոր մշակոյթ բերեցին մեր աշխատանքում:
– Տիկի՛ն Յակոբեան, Ձեր կարծիքով` այօրուան 25-ամեայ երիտասարդը ինչո՞վ կը տարբերի Ձեր ժամանակներու իր հասակակիցէն:
– Երիտասարդութիւնը միշտ աւելի առաջադէմ եւ աւելի գրագէտ է, քան նախորդող սերունդը:
Իմ երիտասարդութիւնն անցել է Խորհրդային Հայաստանում: Ես եղել եմ կոմերիտմիութեան անդամ: Կոմերիտմիութիւնը դպրոց էր, որը ձեւաւորում էր երիտասարդութեանը, օգնում գործեր իրականացնել: Երբեք չեմ փոշմանել, որ այդ կառոյցի անդամ եւ ղեկավար եմ եղել: Ինչպէս վերեւում նշեցի, կոմերիտմիութեան շարքերում էին հիմնականում այն երիտասարդները, ովքեր համարձակութիւն գտան սկսելու ղարաբաղեան շարժումը, կոմերիտմիութեան բովով անցած երիտասարդներն էին, որ կարողացան պատերազմում յաղթել` ապահովելով, կառուցելով մեր անկախ պետականութեան հիմքերը:
Այսօր մեր երկրում ազատ մտածողութեամբ, անկաշկանդ երիտասարդութիւն է մեծանում: Մենք փայլուն երիտասարդներ ունենք, ովքեր իրենց գիտելիքներով, գաղափարներով մրցունակ են աշխարհի ցանկացած տարածքում: Ուրախ եմ, որ հասարակական կեանքում ընդգրկուած են մեծ թուով կանայք եւ աղջիկներ: Իսկ հասարակութեան դաստիարակը կինն է, մայրն է, հետեւաբար որքան կինը կիրթ եւ գրագէտ լինի, այնքան հասարակութիւնը կիրթ կը լինի:
Մենք պէտք է երիտասարդութեանը ասպարէզ տանք, ոգեւորենք, որպէսզի ինքնադրսեւորուելու հնարաւորութիւն ունենան, քանի որ երիտասարդութիւնը մեր ներկան է ու ապագան:
Բոլորովին վերջերս այդ երիտասարդութիւնը նաեւ ապացուցեց, որ ինքն է այս երկիրը տէրն ու լիիրաւ պաշտպանը: Արցախեան քառօրեայ պատերազմի ժամանակ նա զէնքը ձեռքին ոչ միայն մասնակցեց իր երկրի սահմանների պաշտպանութեանը, գիտակցօրէն մահուան գնաց` ապահովելով մեր խաղաղութիւնն ու ազատութիւնը, այլեւ «ստիպեց» մեզ բոլորիս` Հայաստանում եւ Սփիւռքի տարբեր համայնքերում ապրող հայերին, ոտքի կանգնել, միաւորուել ու հայեացքներս ուղղել դէպի հայրենիք:
18-20 տարեկան երիտասարդն արթնացրեց այն կայծը, որը կարող է հրդեհել այն ամէնը, ինչը վտանգում է մեր հայրենիքն ու ազատ ապրելու իրաւունքը:
Այդ երիտասարդն էր, որ ուղղեց մեր ողնաշարը, «ստիպեց» մի կողմ դնել բոլոր տարաձայնութիւնները, անհամաձայնութիւններն ու բռունցքուել Հայաստանի շուրջ:
Այդ օրերին Սփիւռքը ոտքի էր կանգնել պատրաստ տրամադրել եւ՛ ֆիզիկական, եւ՛ նիւթական օգնութիւն, ինչպէս նաեւ բարոյական եւ քաղաքական ճնշում գործադրել իրենց իշխանութիւնների վրայ` Ատրպէյճանի ագրեսիան կասեցնելու եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքը խաղաղ ճանապարհով լուծելու համար: ԼՂՀ պաշտպանութեան բանակից յայտարարեցին, որ եղել են անգամ մարդիկ, ովքեր միացել են սահման պահող տղաներին:
Վտանգի պահին Սփիւռքն առաւել կազմակերպուած է դառնում, եւ պատահական չէր, որ ապրիլեան օրերին գլխաւոր կարգախօսներն էին` «Մենք Արցախն ենք» եւ «ձեռք-ձեռքի տուած պէտք է պաշտպանենք Հայաստանը»:
Այս տօնական օրը ես խոնարհւում եմ իւրաքանչիւր հայ զինուորի, հերոսի առջեւ, ով իր արիւնը տուեց մեր անկախութիւնը պահպանելու համար: Այսօր նրանք են կանգնած թշնամուն դէմ յանդիման եւ պաշտպանում է Հայաստանն ու Արցախը: Այսօր ես հպարտ եմ մեր անպարտ բանակով: Սա նշանակում է, որ մենք կարողացել ենք դաստիարակել եւ դաստիարակում ենք հայրենիքի նուիրեալ, հայրենիքի պաշտպանութեան համար անձնազոհ երիտասարդներ:
Սակայն այս տարիների ընթացքում մենք դեռեւս չենք կարողացել դաստիարակել ՀՀ քաղաքացուն: Քաղաքացի-պետութիւն յարաբերութիւններում մենք խնդիրներ ունենք: Այն ժամանակ, երբ հայրենասէր հայը դառնայ նաեւ իրական քաղաքացի, կարծում եմ, իրաւական եւ ժողովրդավարական պետութեան կառուցման գործում աւելի քիչ խնդիրներ կ’ունենանք: Քաղաքացին պէտք է ունենայ ե՛ւ իրաւունքներ, ե՛ւ պարտականութիւններ:
Հայաստանի քաղաքացին մայրենիի ու մշակոյթի, եկեղեցու ու ընտանիքի պահպանողն ու հայրենիքի զարգացման նախանձախնդիրը պէտք է լինի: Հայաստանի քաղաքացին պէտք է նպաստի, որ մեր հանրապետութիւնը դառնայ ամուր ու բարեկեցիկ, կայուն ու բարգաւաճ:
– Տիկի՛ն Յակոբեան, Սփիւռք ապրող հայերուն համար Հայաստան նախ եւ առաջ հայրենիք է, յետոյ միայն պետութիւն: Ձեր կարծիքով` ո՞րն է այս երկուքի սահմանը (եթէ այն կայ), ո՞ւր կը հատուի այն:
– Հայաստանն ու Սփիւռքը կազմում են մէկ ընդհանրութիւն` ազգ: Հայ ժողովրդի ու Հայաստանի շահերը պէտք է լինեն գերակայ արժէքներ, եւ բոլորի գործողութիւններն ու քայլերը պէտք է բխեն այդ իրողութեան գիտակցումից: Ես յաճախ եմ ասում` հայրենիքում ապրողները` հայրենապահներ են, Սփիւռքում ապրողները` հայրենապաշտներ: Հայրենիք-պետութիւն «սահման»-ը կարող է հատուել, երբ հայրենապահն ու հայրենապաշտը միասնաբար գործեն: Երբ հեռւում, օտար երկրում ապրող հայի համար Հայաստանը կը լինի ոչ միայն երազի երկիր, այլ հէնց ինքը կը դառնայ այդ երազի կերտողը: Երկքաղաքացիութեան ինստիտուտը հնարաւորութիւն է ընձեռում իւրաքանչիւր սփիւռքահայի` դառնալ ՀՀ քաղաքացի եւ մասնակցել հայրենիքի առաջընթացի ապահովման գործին:
Հայրենիքը հայ ազգային ինքնութեան գլխաւոր հենքն է: Հայրենիքն ազգի գոյութեան, ինքնութեան եւ արժանապատուութեան առհաւատչեան է, հայ մնալու, հայ ապրելու խարիսխը: Արտերկրում ապրող հայերի ճնշող մեծամասնութեան համար, իսկապէս, Հայաստանը լոկ պատմական հայրենիք չէ, այլ իր օճախը, իր տունը, իր հայ մնալու փրկութիւնը:
Մայրենին, պետականութեան հետ միասին, հայ ազգի պահպանման հիմքն ու կարեւորագոյն գրաւականն է:
Հայաստանը համայն հայութեան հայրենիքն է: Կայացած ու գրագէտ, կազմակերպուած ու կարող հայերը ջանք ու եռանդ չպէտք է խնայեն հայրենիքին օգտակար լինելու համար:
Հայաստանն ու Սփիւռքը, սերելով ազգային, պատմամշակութային նոյն արմատից, հզօր են մէկը միւսով: Հայաստանի առջեւ ծառացած մարտահրաւէրները Սփիւռքինն են, իսկ Սփիւռքի հիմնախնդիրները` Հայաստանինը: Հայ ժողովրդի հզօրութիւնը բոլոր հայերի հաւաքական միասնութեան մէջ է: Ուստի Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացումն ուղղուած է հայ ժողովրդի տարբեր հատուածների կարողութիւնների բազմապատկմանը, Հայաստանի եւ Սփիւռքի հզօրացմանն ու առաջընթացին:
Առաջնորդուենք այն գիտակցութեամբ, որ հայ լինելը եւ՛ պատիւ է, եւ՛ պարտաւորութիւն, որ սփիւռքահայի համար բնակութեան երկիրը ծննդավայր է, իսկ Հայաստանը` հայրենիք, ուրեմն համատեղ ուժերով կառուցենք «Հզօր Հայաստան»:
Մենք միասին ենք կերտելու մեր պատմութիւնն ու ապագան` յանուն հզօր Հայաստանի, յանուն անկախ եւ պաշտպանուած Արցախի, յանուն առաջադէմ ու կազմակերպուած Սփիւռքի, յանուն հայ տեսակի պահպանման:
Երիցս արդիական են հնչում Թէքէեանի խօսքերը. «Երկիրն իր զաւակինն է այլեւս»:
Լուսինէ Աբրահամեան