Սփյուռքի նախարարն ընդունեց ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանին

Սեպտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի և Արցախի անկախության 25-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց սփյուռքահայ արվեստագետին Հայրենիքին սատարելու, նրա զարգացման առաջամարտիկը լինելու սկզբունքային ու գործուն դիրքորոշման և այն ազգաշահ ծրագրերի համար, որ նա իրականացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հրանուշ Հակոբյանն իր գոհունակությունը հայտնեց 1996 թվականից առ այսօր Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքների բանուկ հատվածներում Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող իր մեծադիր ցուցապաստառները ներկայացնելու համար: Այս տարի Դանիել Վարուժան Հեջինյանը ցուցադրել է 101 աշխատանք՝ անընդհատ, որպես անհերքելի պատմական փաստ հանրությանը հիշեցնելով Հայոց ցեղասպանության ողջ իրողությունը, կոչ անելով ճանաչել այն, դատապարտել ոճրագործին և հատուցում պահանջել:

Նախարարը նշեց. «Սիրելի Դանիել Վարուժան, անչափ ուրախ եմ, որ լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրած և Սիրիայում օթևան գտած հայ ընտանիքի զավակ, դու մանկուց ականջալուր ես եղել կոտորածի դաժան պատմություններին և քո ծնողների աչքերով տեսել այն, դա են վկայում քո «Մոր ձեռքերը», «Մայր խաչքար» աշխատանքները, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն նահատակների հիշատակին: Իզուր չէ, որ դու կրում ես մեծ նահատակ բանաստեղծի անունը՝ եթե Դանիել Վարուժանն իր եղեգնյա գրչով ներկայացրեց Հայոց վիշտն ու իղձերը, ապա դու  դա անում ես վրձնով»:

Սփյուռքահայ արվեստագետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ տոնական մթնոլորտից և Հայաստան աշխարհից ստացած լիցքերը նոր ստեղծագործական մտահղացումների, նոր ձեռնարկներ կյանքի կոչելու ազդակ կդառնան:

Scroll Up