Քննարկվեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Լիբանանում կատարվելիք աշխատանքները
Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի` Լիբանանի կենտրոնական մարմնի անդամներ Շահան Գանտահարյանին, Սեդա Խտշյանին, Ռաֆայել Ուդումյանին եւ Վաչե Նաջարյանին:
ՀՀ սփյուռքի նախարարը կարեւորեց սեպտեմբերի 19-20-ը կայացած Հայրենիք-Սփյուռք 5-րդ համահայկական համաժողովում Լիբանանի կենտրոնական մարմնի մասնակցությունը եւ հնչեցրած կառուցողական առաջարկությունները:
Իրենց հերթին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի՝ Լիբանանի կենտրոնական մարմնի անդամները բարձր գնահատեցին Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի աշխատանքների ընթացքը եւ համոզմունք հայտնեցին, որ համաժողովին հնչած բոլոր առաջարկությունները եւ հարցադրումներն՝ իբրեւ ծրագրային դրույթներ եւ գործողության ուղենիշ կամրագրվեն եւ խորությամբ քննության կառնվեն ՀՀ սփյուռքի նախարարությունում:
Քննարկվեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Լիբանանում կատարվելիք աշխատանքներին, «Իրաքի և Սիրիայի Իսլամական պետության» (ISIS) ահաբեկիչների կողմից Դեր Զորի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին պայթեցնելուն, ինչպես նաեւ՝ ՀՀ սփյուռքի նախարարության հետ գործակցությանը վերաբերող հարցեր: