«Ձեր աշխատանքը նվիրում է» ամերիկահայ գրող

Օգոստոսի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ գրող հրապարակախոս Հրանդ Մարգարյանին՝ տիկնոջ հետ:

Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց Հրանդ Մարգարյանի ազգանվեր գործունեությունը, շնորհակալություն հայտնեց սրտացավության ու նվիրումի համար:

Տեր և տիկին Մարգարյանները հաճախ են լինում Հայաստանում և Արցախում, մտահոգված են Հայրենիքի խնդիրներով ու դժվարություններով, Ղարաբաղին ցուցաբերված օգնության կազմակերպման ակտիվ մասնակիցներից են: Այս անգամ էլ նրանք Կալիֆորնիայում հանգանակված գումարով 100 հազար դոլարի չափով բժշկական սարքեր ու սարքավորումներ են բերել Արցախի համար:

Նախարարը հետաքրքրվեց անվանի գրողի նոր ստեղծագործություններով, առաջիկա պլաններով, մեկ անգամ ևս արժևորեց տաղանդաշատ գրողի վերջին ստեղծագործությունը, որը ստեղծվել է ԱՄՆ-ում հավաքված պատմական փաստերի հիման վրա, և հայ անվանի նահատակ գրողների համար մնայուն պատմական հուշարձան է: «Այն կարևոր է ոչ միայն մատաղ սերնդին Հայ դատի համար պայքարում ներգրավելու, այլև պատմական ճշմարտությունը, մեր գրողների տաղանդն ու լայնախոհությունը անգլախոս հասարակությանը, համաշխարհային գրական աշխարհին ներկայացնելու առումով», – հավելեց նախարարը:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության ու հետաքրքիր զրույցի համար: Բարձր գնահատելով նախարարի աշխատանքը՝ անվանի գրողը ամփոփեց իր խոսքը. «Ձեր աշխատանքը նվիրում է, ճիշտ ճանապարհի վրա եք ու ձեր հայրենասիրությամբ, ազգային նկարագրով կհաջողեք»:

Scroll Up