«Արի տուն» ծրագիրը պատճառ դարձավ, որ Հայաստանը տեսնեմ». «Արի տուն-2016» ծրագրի մասնակից

«Իմ ծննդավայր Ջավախքում միշտ հայկական մթնոլորտ է տիրում, շրջապատված ենք բազմաթիվ հայերով: Համայնքում տարբեր հայապահպան ծրագրեր են իրականացվնում,  նշվում են բոլոր տոները, ինչն էլ օգնում է երիտասարդներիս իբրև հայ մեծանալ»,- «Հայերն այսօրի» հետ զրույցում պատմում է ծրագրի մասնակից Գևորգ Գրիգորյանը և հավելում, որ  համայնքում ամեն տարի ապրիլի 23-ին մեծ ոգևորությամբ են անցկացնում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված Ջահերով երթը, որին ամբողջ ջավախահայերն են մասնակցում:

Գևորգի արմատներն Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքից են: Նրա պապերը, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ լինելով, հաստատվել են Ախալցխայում: Նախնիների հետ տեղի ունեցած դաժան պատմությունն է հիմք հանդիսացել, որ սկսել է Հայոց ցեղասպանության մասին հանգամանալից տեղեկություններ իմանալ. համապատասխան գրականություն է կարդում, փաստագրական ֆիլմեր դիտում՝ հարստացնելով գիտելիքները:

Գևորգ Գրիգորյանն առաջին անգամ է Հայաստանում: Ստացած տպավորությունների մասին՝ հետևյալը պատմեց. «Հիմա արդեն ինձ լիարժեք հայ եմ զգում, քանի որ վերջապես տեսա իմ Հայրենիքը, ոտք դրեցի հայրենի հողի վրա, որի համար անչափ հպարտ եմ և ուրախ: Այս տարիների ընթացքում միշտ ձգտել եմ Հայաստան գալ, սակայն չէր ստացվում: Հավանաբար ամեն ինչն իր ժամանակն ունի: Կարող եմ ասել՝ «Արի տուն» ծրագիրը պատճառ դարձավ, որ Հայաստանը տեսնեմ»:

Գևորգին Հայաստանում միանգամից գրավել է մարդկանց  ջերմությունը: Նկատել է, որ այստեղ մարդիկ հարգալից են և պատրաստակամ ցանկացած հարցով աջակցել միմյանց: Հասցրել է նաև «Արի տան» ընկերների հետ ծանոթանալ՝ նկատելով, որ բոլորն էլ հայրենասեր են:

Նա լիահույս է՝ «Արի տուն» ծրագիրն իրեն կկապի Հայաստանին, և հետայսու իրեն պարտավորված կզգա կրկին Հայրենիք այցելել:

Գևորգ Չիչյան

Scroll Up