Մեզ հայրենիքն է կապել, ուրեմն կապվել ենք մեկընդմիշտ. «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներ

  «Սփյուռք» ամառային դպրոց-2016-ը արդեն հիշողություն է, հիշողություն, որ հարյուրավոր հայորդիների դարձյալ բերեց հայրենիք, հյուրընկալեց Մայր բուհում, տվեց նոր գիտելիքներ, ծանոթություններ, կապեր, հայրենիքը ճանաչելու ու սիրելու եզակի հնարավորություն եղավ: Ես տեսել եմ, թե ինչպես են ամառային դպրոցի մասնակիցները արցունքներով բաժանվում միմյանցից, իրենց դասախոսներից: Նրանց կյանքի ճանապարհները տարբեր ուղղություններով են տանում՝ մեկին Եգիպտոսո ու Լիբանան, մյուսին՝ ԱՄՆ ու Կանադա: Սակայն այս մեկ ամսում ստեղծված ընկերությունը, հաստատված հարաբերությունները, վստահ եմ, դեռ երկար կշարունակվեն, և ոչ միայն այն պատճառով, որ աշխարհը գնալով նմանվում է գլոբալ գյուղի, ու կապի միջոցները հաղթահարում են ցանկացած հեռավորություն, այլ նաև այն պատճառով, որ հայրենիքում հաստատված այս ընկերական հարաբերությունները թանկ են յուրաքանչյուրի համար, անփոխարինելի են:

Այս տարվա ամառային դպրոցի մասնակիցներից շատերի հետ ևս ամուր կապեր հաստատվեցին: Տասն օր էլ չկա, որ նրանք վերադարձել են իրենց բնակավայրեր, սակայն կարոտն արդեն իր «գործառույթները» քիչ-քիչ ստանձնում է: Մասնակիցներին խնդրում եմ մի փոքր պատմել իրենց հիշողություններից: Բոլորը միաձայն ասում են. «Կարծես թե դեռ այդտեղ ենք, դեռևս այն զգացողությունը չկա, որ հայրենիքում ապրած օրերը այլևս հիշողություն են»:

Սակայն «Սփյուռք» ամառային դպրոց-2015-ի մասնակիցներն արդեն հիշողության վարագույրից են նայում անցյալ տարի Հայաստանում ապրած պահերին: «Հայոց լեզվի արագացված ուսուցում» դասընթացին Մոսկվայից մասնակցելու եկած Մանե Հարությունյանը այս մեկ տարվա ընթացքում օր չի եղել, որ չի հիշել հայրենիքը, Երևանի փողոցները, շենքերը, ընկերներին, ուսուցիչներին: Շատերի հետ հիմա էլ կապի մեջ է, հաճախ են զրուցում, հնարավորության դեպքում՝ հանդիպում: «Չէինք կարող այդքան հեշտ մոռանալ իրար. մեզ հայրենիքն է կապել, ուրեմն կապվել ենք մեկընդմիշտ: Լիբանանի իմ ընկերների հետ միշտ խոսում ենք, պատմում մեր կյանքում եղած փոփոխությունների, գրանցած հաջողությունների մասին: Մենք այնքա՜ն տարբեր ենք ու այնքա՜ն նման: Շատ ենք կարոտում միմյանց, քանի որ մի ամսվա ընթացքում (իսկ դա այնքան էլ մեծ ժամանակ չէ) իրար հարազատացանք, սիրեցինք, օրիորդ Սոսեն էլ մեզ համար կյանքի ուսուցիչ դարձավ: Համբուրում ու ամուր գրկում եմ նրան: Նույնիսկ մտքեր կան միմյանց հանդիպելու Լիբանանում գտնվող Զմմառի Սուրբ Տիրամոր վանքում, որտեղ նրանք ապրում եւ սովորում են։ Սանկտ Պետերբուրգից Լուսինեի հետ էլ դարձանք ընկերուհիներ։ Ճիշտն ասած՝ ես երազում եմ նորից գալու եւ նույն խմբում, նույն մարդկանց հետ, իմ ընկերների հետ տարբեր թեմաներ քննկարկելու, զրուցելու,  «Սարերի հովին մեռնեմ» -ը նորից երգելու մասին: Վստահ եմ՝ երազանքս մեկ օր իրականություն կդառնա»,- պատմում է Մանեն:

Նման թանկ ու լուսավոր հիշողություններ ունի նաև Իսպանիայում բնակվող Ալինա Շապաղաթյանը: Նա անցյալ տարի մեկնարկած «Սփյուռք» ամառային դպրոցի ամենաակտիվ մասնակիցներից էր՝ միշտ կենսուրախ, աշխույժ ու գեղեցիկ: «Ամառային դպրոցն ինձ տվեց ամենակարևորը. հնարավորություն ծանոթանալու այլ հայերի հետ, իմ տարեկիցների հետ, ովքեր ուրիշ կյանք, մտածելակերպ ու պատմություններ ունեին: Մեզ համար հետաքրքիր էր այդ շփումը, քանի որ մենք ամեն օր նոր բացահայտումներ էինք անում, օրինակ՝ ի՞նչ ավանդույթներ ունի սիրիահայը կամ լիբանանահայը, ինչու՞ է ռուսախոս հայ Արամը, ինչու՞ ենք մենք հայրենիքից հեռու, ինչպե՞ս են մեր ծնողները հայտնվել տարբեր երկրներում և այսպես շարունակ: Բայց մենք մի մե՜ծ ընդհանրություն ունեինք. մեր մեջ հայկականությունը անսպառ էր, ամեն բջջի մեջ, ու կապ չուներ, որ Արամը ռուսախոս էր, նա մեզնից ավելի հայրենասեր էր ու ավելի էր ջանում հայերեն սովորել: Ամառային դպրոցում անցկացրած մեկ ամիսը մեզ համար ուղղակի միայն լավ ժամանակ, ծանոթություններ ու երջանիկ պահեր չդարձավ, այն նաև կենսափորձ էր՝ հասկանալու, ճանաչելու Հայաստանի կյանքը, առօրյան, խնդիրները: Շատ հեշտ է գալ հայրենիք, հանգստանալ, լիցքաթափվել, կարոտդ առնել ու գնալ: Այդպես բոլորը կարող են: Պետք է նաև հասկանալ հայրենիքի խնդիրները, դժվարությունները, փորձել որպես հայ մասնակից լինել դրանց լուծմանը: Ես պլանավորում եմ դարձյալ գալ Հայաստան, գուցե ստացվի ամառային դպրոցի շրջանակներում ձեռք բերած ընկերներս ևս գան, ու մեր հանդիպման վայրը դարձյալ լինի Հայաստանը»,-ասում է Ալինան:

Լրագրության դասընթացին մասնակցած Լուսինե Մկրտչյանը հայրենիքում հաստատվելու մտադրություն ունի, իսկ Նարեն արդեն իսկ հաստատվել է հայրենիքում, աշխատում է և ակտիվ կենսակերպ վարում: Մասնակիցներից շատերն են խոստովանում՝ Նարեի փորձին հետևելու մեծ ցանկություն ունեն, մտածում են Հայաստան վերադառնալու մասին և վաղ թե ուշ վերադառնալու են՝ մեկընդմիշտ հաստատվելու նպատակով:

«Սփյուռք» ամառային դպրոց-2015-ի մասնակիցների ու նրանց հիշողությունների մասին կարելի է անվերջ գրել՝ մեկ բան հստակ առանձնացնելով. ամառային դպրոցը նանց համար  դպրոց է եղել բոլոր իմաստներով:

Ամալյա Կարապետյան

Scroll Up