Անվանի երգչուհիները պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով

Հուլիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում յուրահատուկ օր էր: Այստեղ հյուրընկալում էին միջազգային ճանաչման արժանացած երեք անվանի երգչուհիների՝ Ժնևի «Գրանդ» օպերայի մեներգչուհի Վարդուհի Խաչատրյանին (Շվեյցարիա), Նյուրնբերգի օպերային թատրոնի մեներգչուհի Հրաչուհի Բասենցին (Գերմանիա) և Ժնևի կոնսերվատորիայի վոկալի պրոֆեսոր, մեներգչուհի Ջուլիետ Գալստյանին (Շվեյցարիա):

Հրավերի առիթն ավելի քան ուրախալի էր. միջազգային ասպարեզում հայկական արվեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական և կատարողական բարձր վարպետության և իրենց գործունեությամբ Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման գործում ունեցած ներդրման համար նրանք պարգևատրվել էին ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը գնահատանքի ջերմ խոսքեր ասաց երգչուհիների հասցեին՝ հպարտությամբ նշելով, որ ծնված լինելով Հայաստանում և կրթություն ստանալով Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ նրանք իրենց բացառիկ  ձայնի և կատարողական արվեստի շնորհիվ հնարավորություն են ստացել հրավիրվել և աշխատել տարբեր երկրների ամենահեղինակավոր օպերային թատրոններում՝ համագործակցելով այս ոլորտի նշանավոր արվեստագետների հետ: Նախարարը կարևորեց նաև այն հանգամանքը, որ միջազգային ամենամեծ բեմահարթակներում նրանք արևմտաեվրոպական կոմպոզիտորների կողքին մշտապես հնչեցրել են հայ կոմպոզիտորների՝ մասնավորապես Կոմիտասի ստեղծագործությունները:

 Ներկայացենլով երգչուհիների կենսագրության կարևոր դրվագները՝ Հրանուշ Հակոբյանն ուրախությամբ շեշտեց նաև ժառանգականության դերը՝ քանի որ երեք երգչուհիներն էլ հայ մշակույթի ասպարեզում նշանակալի վաստակ ունեցող արվեստագետների ժառանգներ են:

 Հանձնելով մեդալները՝ նախարարը մեկ անգամ ևս շեշտեց, որ նման պատվավոր պարգևի նրանք արժանանում են հատկապես հայ երգարվեստի տարածման և  հայության անունը միջազգային ասպարեզում բարձր պահելու համար:

 Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ արվեստագետները նշեցին, որ թեև արժանացել են բազմաթիվ միջազգային մրցանակների, սակայն հայրենիքի պարգևներն ընդունում են շատ ավելի  մեծ հուզումով ու երախտագիտությամբ:

 Հանդիպման ավարտին նրանք իրենց ձայներիզները նվիրեցին նախարարին՝ հավաստիացնելով, որ պարտավորված են զգում անել ավելին՝ հայ արվեստը աշխարհում տարածելու ուղղությամբ:

պարգևատրում3պարգևատրում2 պարգևատրում1IMG_3274

Scroll Up