Օքսֆորդի համալսարանում հայկական ուսանողական միություն ենք ստեղծել. «Հայաստան. ստեղծենք միասին» հավաքի մասնակից

«Հայերն այսօրի»  հարցազրույցը  Օքսֆորդի համալսարանի «Մաթեմատիկական տրամաբանություն»  ֆակուլտետի ասպիրանտ Վահագն Ասլանյանի հետ է, որը մասնակցում էր հունիսի 11-14-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ կազմակերպված «Հայաստանստեղծենք միասին»  երիտասարդական հավաքին:

-Վահա՛գն, մինչ Օքսֆորդի համալսարան ընդունվելը, որտե՞ղ ես սովորել:

– Ծնվել և մեծացել եմ Երևանում: Սովորել եմ «Քվանտ»  վարժարանում, նաև «Լույս»  հիմնադրամի ուսանողներից եմ եղել: Այս կրթական հաստատություններում սովորելն էլ հող նախապատրաստեցին, որ բարձրագույն կրթությունս Օքսֆորդի համալսարանում շարունակեմ: 2011 թվականին ընդունվեցի Օքսֆորդի համալսարանի «Մաթեմատիկական տրամաբանություն»  ֆակուլտետ:

– Ինչու՞ ընտրեցիր հենց բնական գիտության ճանապարհը:

– Դպրոցական տարիներից հետաքրքրված եմ եղել մաթեմատիկայով, միշտ օլիմպիադաների եմ մասնակցել, հաղթող ճանաչվել, որոնք էլ հետագայում գիտելիքների հարուստ պաշար ամբարելու համար ոգեշնչման աղբյուր հանդիսացան:

Մասնագիտական ընտրության հարցում դիրքորոշումս արդեն հստակ էր. ցանկանում էի մաթեմատիկոս դառնալ:

– Կարծում եմ՝ Օքսֆորդի համալսարանում սովորելը որքան բաղձալի, այնքան էլ բարդություններով լի է: Ի՞նչ դժվարությունների ես հանդիպում ուսանելուդ տարիներին:

– Շատ հագեցած և բազմաբովանդակ են անցնում օրերը: Այժմ ասպիրանտուրայում եմ սովորում, դեռ մեկ տարի էլ ունեմ ավարտելու համար: Բնական է, սկզբնական շրջանում անծանոթ միջավայրում էի հայտնվել, բայց նոր պայմաններին արագ ընտելացա:

Շրջապատին ինտեգրվելուն շատ օգնեց Օքսֆորդում սովորող հայ ուսանողների և հայ ընտանիքների հետ շփումը: Նրանք ինձ այնքա՜ն ջերմ, բարեհամբույր վերաբերմունքի են արժանացնում, որ կարծես՝ ընտանիքիս գրկում լինեմ: Ի դեպ, Օքսֆորդում ընդամենը երեք հայ ընտանիք է ապրում:

-Իսկ  քանի՞ հայ ուսանող է սովորում Օքսֆորդի համալսարանում:

-Այս դրությամբ, 20-ից ավելի հայ ուսանող է սովորում: Հայաստանն ու հայկական մշակույթն ու պատմությունը օտարազգիներին ներկայացնելու համար՝ հայ ուսանողներով որոշեցինք Հայկական ուսանողական միություն ստեղծել, որը համալսարանում տարբեր միջոցառումներ է կազմակերպում:

Ինչպես օրինակ՝ անցյալ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի մի քանի միջոցառում կազմակերպեցինք, որոնցից կառանձնացնեմ համերգային երեկոն: Իսկ միության կազմում գործող հայկական ուսանողական երգչախումբը տարբեր առիթներով համերգային ծրագրերով է հանդես գալիս, որոնցից մեկը երկու ամիս առաջ տեղի ունեցած  հոգևոր համերգն էր:

Կարևոր նախաձեռնություն էր Անգլիայի հայ համայնքի ջանքերով անցյալ տարի Օքսֆորդի կենտրոնական գրադարանում հայկական մշակույթին նվիրված ցուցահանդեսի կազմակերպումը, որի շնորհիվ շատերը մեր ազգային հարստություններին ծանոթացան և դրվատանքի խոսքեր հնչեցրին:

Համալսարանում նաև հայագիտության ամբիոն է գործում, որտեղ հայերեն, գրաբար սովորելու և հայկական մշակութային արժեքները ճանաչելու են գալիս ոչ միայն հայերը, այլև՝ այլազգիները: Ուսանողներից նույնիսկ մի թուրք աղջկա եմ ճանաչում, որը  հայերեն է սովորում: Հիմա երբ նրան հանդիպում եմ, ինձ հայերենով «բարև»է ասում:

Թուրք ուսանողների շրջանակ էլ կա, որոնք հայամետ են և մեզ հետ  բարիդրացիական հարաբերությունների մեջ են գտնվում:

-Վահա´գն, ապագադ ինչպե՞ս ես պատկերացնում: Օքսֆորդի համալսարանում ուսումը ավարտելուց հետո կվերադառնա՞ս Հայաստան, թե՞ արտասահմանում գործունեություն կծավալես:

-Ավարտելուց հետո Հայաստանի հետ կապն անպայման պահելու եմ: Ընտրածս մասնագիտության հեռանկարները Հայաստանում այդքան էլ գոհացուցից չեն: Պետք է ավարտած ուսանողներն այդ ուղղությամբ սրտացավ աշխատանքներ կատարեն, որպեսզի մաթեմատիկական գիտությունները Հայաստանում զարգացում ապրեն:

Կարելի է հետագայում մասնագիտական դպրոցներ բացել, որտեղ աշխատելու կհրավիրվեն արտասահմանյան տարբեր համալսարաններում սովորած հայ ուսանողները: Այդպիսով, նրանք հնարավորություն կունենան իրենց գիտելիքները և տարիների կուտակած փորձը հաջորդ սերունդներին փոխանցել: Ճիշտ է, հեշտ բան չեմ ասում, բայց կարևորը ցանկությունը և նպատակասլացությունն է:

-Մասնակցեցիր նաև «Հայաստանստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքին: Տպավորություններն ինչպիսի՞ն են հավաքից:

– Նախ ասեմ, որ «Լույս» հիմնադրամի ուսանողներն ամեն տարի ամռանը գալիս են Հայաստան և նմանատիպ հավաքների մասնակցում:

Ինչ վերաբերում է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ կազմակերպված երիտասարդական հավաքին, ապա այն հետաքրքիր և ուսանելի  դարձավ  ինձ  համար:

Հագեցած ծրագրով էինք աշխատում. այցելեցինք տարբեր կազմակերպություններ, որտեղ ծանոթացանք աշխատանքային պայմաններին, նաև լայնածավալ քննարկումներ ունեցանք:

-Հավաքին ընդգրկված էիր Տեղեկատվական տեխնոլոգիաներ աշխատանքային խմբում: Քո կարծիքով, Հայաստանում ՏՏ ոլորտը որքանո՞վ է զարգացած:

-Որքան նկատել եմ, Հայաստանում ՏՏ ոլորտը բավականին զարգացած է, վարձատրությունն է բարձր, աշխատատեղեր կան:

Իմ շրջապատում շատ մարդկանց գիտեմ, որոնք հենց այս բնագավառում աշխատելով՝ մեծ բարձունքների են հասել:

Իհարկե, դեռ անելիքներ կան: Պետք չէ բավարարվել ունեցածով և տեղում կանգնած մնալ. նոր հորիզոններ նվաճելու  համար անհրաժեշտ է առաջ սլանալ:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

Վահագն1

Scroll Up