Անահիտ Աստոյան. «Հայերի ունեզրկումը եղել է Հայոց մեծ եղեռնի դրդապատճառներից մեկը…»
2013-ին թվականին հրատարակվեց Մատենադարանի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանի «Դարի կողոպուտը. Հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1914-19 թթ.» գիրքը:
Հեղինակի վկայությամբ հայ ժողովրդի անհատական և հավաքական ունեցվածքի յուրացումը պետության կողմից ծրագրավորված լինելու մասին վկայություններ կան թե՛ վերապրողների, թե՛ Օսմանյան կայսրության տարածքում գործած օտար դիվանագետների զեկուցագրերում և թե՛ թուրքական աղբյուրներում, որոնք հաստատում են, որ հայերի ունեզրկումը հայ ժողովրդի բնաջնջման ծրագրում եղել է կարևոր գործոն:
Այդ նպատակով երիտթուրքական իշխանությունները 1915 թ. հունիսի 1-ին հրապարակեցին «Տեղահանության օրենքը», որի գործադրմամբ 1.500.000 հայ բռնի տեղահանվեց ու բնաջնջվեց:
Իսկ հետագայում արդեն օրինականացվեց հայերի անշարժ և շարժական գույքերի, ամբողջ հարստության բացահայտ կողոպուտն ու յուրացումը, ինչին և անդրադարձել է Անահիտ Աստոյանը:
– Ո՞րն է եղել գրքի հրատարակման շարժառիթը:
– Գիտնական Լևոն Վարդանը, ով հեղինակել է «1915 և հայերի լքյալ գույքերը» վերնագրով գիրքը, առաջինն է ուսումնասիրել այս թեման: Գիտնականը միաժամանակ հորդորել է շարունակել այս թեմայով ուսումնասիրությունները:
Որքան էլ զարմանալի հնչի, բայց վերջին տարիներին հատկապես թուրք պատմաբաններն են սկսել անդրադառնալ այս թեմային: Եվ վերջին 5-6 տարիներին 5 գիրք է հրատարակվել, որոնց հեղինակներն են՝ Թաներ Աքչամը, Ունգուր Ումիթը, Սաիթ Չեթիօղլուն, Նեվզաթ Օնարան, Այշե Հյուրին:
Թուրք հեղինակաները գտնում են, որ թուրքական ժխտողականության հիմքում հայերի ունեցվածքի վերադարձի խնդիրն է: Եթե թուրքերը ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, ապա ստիպված կլինեն հաշտվել այն իրականության հետ, որ պարտավոր են հատուցել հայերի կրած նյութական կորուստները: Այդ պատճառով նախընտրում են ժխտել:
Ես զբաղվել եմ Օսմանյան կայսրությունում հայերի տնտեսական գործունեության ուսումնասիրությամբ, որի ընթացքում շատ հետաքրքիր փաստեր պարզվեցին:
Հայերը Թուրքիայի տնտեսության տերն էին, ինչը խիստ անհանգստացնում էր թուրքերին, հատկապես երիտթուրքերին, ովքեր մտահոգված էին, որ կարճ ժամանկահատվածից հետո հայերը կտիրանան նաև երկրի քաղաքական իշխանությանը: Օսմանյան կայսրության բոլոր ասպարեզներում էին հայերն առաջատար՝ ճարտարապետություն, երաժշտություն… Իսկ օսմանյան դպրոցների 80 տոկոսը հայկական էին:
Շատ պատմաբանների, քաղաքագետների, օտար դիվանագետների կարծիքով հայերի ունեզրկումը եղել է Հայոց մեծ եղեռնի դրդապատճառներից մեկը: Թուրքիայում ԱՄՆ դեսպան Մորգենթաունը բացահայտ ասում է՝ տեղահանության հիմնական նպատակը կողոպուտն է: Նույնն են ասում նաև թուրք պատմաբանները:
Իրապես, ունեզրկումն առաջնային նպատակներից էր, որովհետև պետությունն ինքնին մեծ պարտքերի մեջ էր: Բացի այդ, երիտթուրքերը երկիրը թրքացնելու ծրագիր ունեին, որի տնտեսական քաղաքականությունն իրականացվեց հայերի և հույների ունեցվածքի թրքացմամբ:
– Ի՞նչ ուսումնասիրություններ են արվել գրքի պատրաստման համար:
– Մատենադարանում է պահվում Օսմանյան կառավարության ներքին գործերի նախարարության հրամանները` հայերի ունեցվածքը բռնագրավելու մասին, որոնք վերաբերում են Կեսարիայի լքյալ գույքերի հանձնաժողովներին:
Հայերի տեղահանությունից հետո՝ հայերի ունեզրկման գործընթացն օրինական հիմքերի վրա է դրվել: 1915 թվականի հունիսի 10-ին հրապարակվեցին հայերի լքյալ գույքերի հետ վարվելու 34 հոդվածից բաղկացած հրահանգները, իսկ արդեն սեպտեմբերին՝ «Լքյալ գույքերի մասին» օրենքը: Օսմանյան խորհրդարանի մակարդակով օրինականացվեց հայերի ունեցվածքի յուրացումն ու բռնագրավումը, որն արդեն իրականացվում էր ողջ երկրի տարածքով:
Այնուհետև այս օրենքի կիրառման համար պատրաստվեց կանոնադրություն: Իսկ իրավական ակտերի հիման վրա ստեղծվեցին լքյալ գույքերի հանձնաժողովներ, որոնք էլ կազմակերպեցին հայերի ունեցվածքի բռնագրավումը: Այս փաստաթղթերը պահվում են Մատենադարանում:
Շատ կարևոր փաստաթղթեր են լքյալ գույքերի հանձնաժողովների արձանագրությունները, որոնք կարող են իրական պատկերը տալ, թե մենք ինչ ենք կորցրել:
Գրքում օգտագործված աղբյուրները շատ-շատ են:
1918 թվականի հոկտեմբերի 30-ի Մուդրուսի զինադադարից հետո Պոլսո թերթերը լեցուն են այս նյութերով, հրապարակումներով, որոնք հիմնականում թուրքական թերթերի արտատպություններ էին: Պարտված թուրքերը սկսել էին խոստովանել:
Ես միշտ կրկնում եմ հարցազրույցների ժամանակ, որ միայն Պոլսո թերթերը բավական են, որ ստեղծվեր մի գիրք:
Այնուհետև օտար դիվանագիտական փաստաթղթերը, օտար դիվանագետների կարծիքները: Հայոց ցեղասպանության մասին ցանկացած գրականության մեջ կարելի է գտնել հայերի ունեզրկման մասին նյութեր:
Ինձ շատ են օգնել նաև այս վերջին շրջանում հրատարակված թուրք պատմաբանների աշխատությունները:
– Եթե հայերի ունեզրկումը, չակերտավոր ասած, օրինական ձևով է կատարվել, մենք այդ ամենը հետ պահանջել չե՞նք կարող այլևս:
– Լքյալ գույքերի մասին օրենքները, որոնք 1920 թվականին Անտանտի երկրների ճնշման տակ չեղյալ հայտարարվեցին, քեմալականները վերականգնեցին, որոնք և գործել են մինչև 1988 թվականը:
Որպես իրավական փաստաթուղթ` մեզ կարող է օգնել Լոզանի դաշնագրում ընդգրկված կետերը, որոնք վերաբերում են հայերի ունեցվածքին: Հանրապետական Թուրքիան պարտավորվել էր վերադարձնել հայերի ունեցվածքը: Բայց Քեմալական Թուրքիան 1923 թվականի սեպտեմբերին Լոզանի դաշնագրի հոդվածների կիրառումը և հոդվածների հիման վրա Ազգերի լիգայի միջամտությունը բացառելու նպատակով, 1923 և 1927 թվականներին ընդունեց օրենքներ: Այդ օրենքներով հայերին զրկեց իրենց հայրենի երկիրը վերադառնալու իրավունքից: Տեղահանվածների կամ կամավոր գաղթածների անձնագրերում դրվեց կնիք` Թուրքիա հավերժ վերադարձը արգելված է: Այդպիսով, նա տիրացավ հայերի թողած ունեցվածքին:
Քեմալական շարժման տարիներին ավելի դաժանորեն շարունակվեցին թե կոտորածները, թե հայերի ունեցվածքի բռնագրավումը: Քեմալական շարժման շարժիչ ուժը` հայերի ունեցվածքն էր: Քեմալն ամենուր ասում էր` դուք ինձ պետք է օգնեք, եթե չօգնեք, ապա հայերը հետ կվերադառնան և իրենց ունեցվածքին տեր կդառնան:
Թուրք, քուրդ մահմեդական երևելիները ֆինանսավորում էին քեմալական շարժումը, որի հաղթանակի արդյունքում 1923 թվականին ստեղծվեց Թուրքիայի հանրապետությունը:
– Արդյոք հնարավո՞ր է հաշվել մեր նյութական կորուստները:
– Մարդկային ուղեղն ի զորու չէ հաշվարկել: Ես գրքի մի գլխում անդրադարձել եմ մոտավոր հանրագումարին` բերելով թվերի վերածված փաստեր:
Գոյութուն ունեն նաև տարբեր հանձնախմբեր, որոնք հաշվարկներ են արել: Բացի 1919 թվականի Փարիզի վեհաժողովին Ազգային միացյալ պատվիրակության ներկայացրած պահանջներից, որը կազմվել է օտար մասնագետների միջոցով, հնարավոր չէ ստույգ հաշվարկներ անել:
Մի օրինակ բերեմ. այս գրքի հրատարակությունից հետո Մատենադարան եկավ մի կին, որի պապը վանեցի է եղել: Նա բերել էր իր պապի Օսմանյան բանկի Վանի մասնաճյուղի գրքույկը, որին նա 7 հազար կտոր ձուլածո ոսկի էր պահ տվել: Եթե մի սովորական մարդը կարող էր բանկին այդքան ոսկի ի պահ տալ, ապա մյուսնե՞րը, հարուստ ու երևելի մարդիկ բանկերում որքա՞ն գումար կարող էին ունենալ…
Ահռելի են նյութական կորուստները, որը դարերի, հազարամյակների տնքնությամբ ստեղծված հարստություն է:
Լքյալ գույքերի հրահանգներում հատուկ կետ կար, որը վերաբերում էր հայկական եկեղեցական գույքի և մշակութային արժեքների կողոպուտին, որը անչափելի է:
Ըստ թուրքական տվյալների մինչև 1914 թվականը հայերը Թուրքիայում ունեցել են 2538 եկեղեցի, 451 վանք, 2000 դպրոց: Այս հաստատություններում պահվող հարստությունը ևս յուրացվեց, կողոպտվեց, ավիրվեց: Եվ սա անդառնալի կորուստ է ոչ միայն հայ, այլև՝ համաշխարհային մշակույթի համար: Հնարավորինս մոտավոր տվյալներով փորձել եմ ի մի բերել կորուստը. 30 հազար մասնատուփ, 600 հազար ծիսական առարկաներ:
Մինչև հիմա են թուրքերը հարստանում մեր հաշվին: Հայերի մեծամասնությունը վստահ է եղել, որ տեղահանությունը ժամանակավոր է: Բոլորն իրենց հարստությունը մի «ապահով» տեղ են թաղել: Արդեն 100 տարի թուրքերի մոտ ոսկու տենդ կա` քանդում, ավիրում են հայկական եկեղեցիների, տների, գերեզմանների հիմքերն անգամ: Հատուկ սարքավորումներով որոնումներ են կատարում առ այսօր:
Հայերի ունեցվածքի հաշվին թրքացրին ոչ միայն տնտեսությունը: Թուրքիայի ազգային կապիտալի 32-35 տոկոսը հայկական ունեցվածքն է. այս մասին թուրք պատմաբաններն են ասում: Թուրքերը վճարեցին արտաքին պարտքերի զգալի մասը, լցրեցին պետական դատարկ գանձանակը: Փաստեր կան, թե ինչպես է պետական բյուջեն ավելանում պատերազմի տարիներին, երբ պետք է հակառակը լիներ:
Կազմակերպեցին քեմալական շարժումը, որի հաղթանակի արդյունքում ստեղծվեց Թուրքիան: Թուրքիայի Հանրապետությունը ստեղծվեց Հայոց ցեղասպանության հենքի վրա, նրա նյութական, ռազմական, քաղաքական շահույթների հիման վրա:
Հայ ժողովուրդն այնքան է սգացել իր զավակների կորստով, որ նյութական կորուստը չի կարևորել, ինչը մեկ անգամ ևս հայ ժողովրդի բարոյական նկարագրի մասին է վկայում:
– Արդյոք այլ պետություններ մասնակցե՞լ են հայերի ունեզրկմանը:
– Շատ տարօրինակ երևույթ է նկատվում. մինչև 1914 թվականը Պոլսո, Զմյուռնիայի թերթերը ողողված են օտար ապահովագրական ընկերությունների գովազդներով: 19-րդ դարի կեսերից երկիրը սկսեց ողողվել օտար ապահովագրական ընկերություններով, որոնք բոլորն ունեին հայ հաճախորդներ: Թուրքիայում գործող 63 օտար ապահովագրական ընկերություն, ունեցել են հայ հաճախորդներ: Իսկ ապահովագինը ստանում էին ոսկե դրամով: Ապահովագրական ընկերությունները բոլոր կենտրոնական քաղաքներում ունեցել են մասնաճյուղեր: Նրանք ևս յուրացրել են մեր ունեցվածքը: Միայն «Նյու Յորք Լայֆը» չնչին գումարներ վերադարձրեց:
Թուրքիայում գործում էին նաև օտար դրամատներ: Ինչպես նշեցի, Թուրքիայի տնտեսության հիմնական մասը հայերի ձեռքում էր, և հայ առևտրականները, արդյունաբերողներն աշխատում էին բանկերի հետ: Բանկերը նույնպես հայերի գումարները յուրացրեցին: Փաստեր կան, թե ինչպես էին գերմանական բանկերը յուրացնում նաև հայերի լքյալ գույքերը:
– Գիրքը գրելիս՝ ո՞ր փաստերի հետ առնչվելն է Ձեզ համար առավել ծանր եղել:
– Շատ ծանր փաստերի եմ առնչվել, որոնք հիշելն առ այսօր շատ ծանր են ինձ համար: Ամենասարսափելի վճարվող փրկագինն է: Հայերի քարավանները փողոց, կամուրջ, գյուղից-գյուղ անցնելու համար փրկագին էին տալիս, անընդհատ ոսկիներ էին բաժանվում: Ժանդարմերիայի մի հրամանատար խոստովանել է, որ իրեն 40 արկղ (20 լիտր տարողությամբ) ոսկի է հասել հայկական քարավանից:
Մարդիկ իսլամանալու համար էին փրկագին տալիս: Հայտնի մեծահարուստ Իբրանոսյանը 15 հազար թուրքական ոսկուն համարժեք շենք է տվել՝ իսլամանալու համար: Իսկ իսլամացած հայերի թիվը դեռ պետք է պարզել:
Հայտնի է, որ 63 հազար երեխա մնաց Թուրքիայում, 250 հազար հայ կանայք ու աղջիկներ, ըստ Մորգենթաունի, որոնց մեծ մասը հարեմներում են եղել: Միայն 10 հազարին է հնարավոր եղել հետ բերել՝ ամերիկյան նպաստամատույցի աշխատակիցների ջանքերով:
Մարդիկ փող, մեծ գումարներ էին տալիս գնդակահարվելու, այդ մեկ փամփուշտի համար:
Տեղյակ եք, որ Ցեղասպանության ժամանակ հանցագործների հատուկ կազմակերպություն էր գործում: Բանտերից դուրս բերված հանցագործների հատուկ կազմակերպությունների հետ երիտթուրքերը համագործակցում էին պայմանով, որ նրանք կազատվեն քրեական հետապնդումից պայմանով, որ հայերի կողոպուտը պետք է կիսեին:
Ըստ ամերիկյան տվյալների, նրանց թիվը եղել է 300 հազար և հաշվարկել եմ, որ յուրաքանչյուրին հասել է 15 հազար հնչուն ոսկի: Եթե բազմապատկենք, ապա միայն այդ հատուկ կազմակերպությանը հասել է 70 միլիարդ թուրքական հնչուն ոսկի…
Փաստեր, փաստեր, որոնք ինքնին ամեն ինչ ասում են: Ինձ մնում է միայն հուսալ, որ այս թեմային շատերը կանդրադանան: Թեև փորձել եմ ամբողջական պատկերը տալ հայերի ունեզրկման առարկայական պատմության, բայց սա ընդամենը մի չնչին մասն է:
Շուտով լույս կտեսնի նաև գրքի անգլերեն հրատարկությունը՝ Մատենադարանի նախաձեռնությամբ և պետպատվերով:
Հուսով եմ նաև, որ գիրքը Հայ դատին ևս իր նպաստը կբերի…
Կանադայի «Հորիզոնի» համար զրուցեց Լուսինե Աբրահամյանը