«Կարևոր չէ, թե որտեղ ենք ապրում, կարևորը Հայրենիքում ներդրումներ անելն է». Նարեկ Դշխունյան
«Հայաստան. ստեղծենք միասին» համահայկական երիտասարդական հավաքի «Բժշկություն և առողջապահություն. հեռաբժշկություն» աշխատանքային խմբի մասնակիցներից շատերն արտերկրում սովորող, կրթություն ստացած և արդեն աշխատանքային գործունեություն ծավալած մեր երիտասարդներն են, ովքեր այս հավաքին մասնակցում են ոչ միայն սեփական գիտելիքները Հայրենիքի բժշկագիտության ոլորտում ներդնելու մեծ ցանկությամբ, այլև՝ աշխարհի լավագույն համալսարաններում և իրենց պրակտիկ գործունեության ընթացքում ձեռք բերած հմտություններն ու փորձը հաղորդելու, սովորեցնելու Հայաստանում բժշկական կրթություն ստացող մեր երիտասարդներին: Ամերիկայի Միացյալ Նահանգներում Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտում «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրով սովորող Նարեկ Դշխունյանի հետ էլ ծավալվեց իմ զրույցը, որի ընթացքում Նարեկը սիրով, ոգևորությամբ ներկայացրեց իր աշխատանքային առօրյան Հայաստանում:
«Սովորում եմ մագիստրատուրայի 1-ին կուրսում: Իմ մասնագիտությունը կոնկրետ բժշկությունը չէ, այլ՝ համակարգչային գիտությունն է և կենսաբանությունը, որը, բնականաբար, բավականին կապված է բժշկության հետ: Իմ երկրորդ մասնագիտությունը ուղեղագիտությունն է: Ինձ բժշկության մեջ ավելի շատ հետաքրքրում է գիտական կողմը, ասենք՝ մաթեմատիկական մոդելը, կենսաբանական փորձերը: Արդեն երրորդ ամառն է, որ գալիս եմ, իմ հիմնական ծրագիրը Երևանի «Այբ» դպրոցում եմ իրականացնում, որտեղ արդեն 2-րդ տարին է, ինչ նոր ծրագիր ենք սկսել, որի շրջանակներում ամառային դպրոց ենք կազմակերպում, MIT-ից (Massachusetts institute of Technology) հայ և արտասահմանցի ուսանողների ենք հրավիրում: Այս ծրագիրն արդեն պաշտոնական է դառնում, ֆինանսավորվում է MIT-ի և «Լույս»-ի կողմից: Մենք MIT-ի ոճով տարբեր առարկաներ ենք ստեղծել, ունենք հստակ դասացուցակներ, արդեն երեք շաբաթ է, ինչ դասավանդում ենք. դասընթացի ընդհանուր տևողությունը 4 շաբաթ է: Աշակերտները, որոնց կեսը մարզերից է, հաճույքով են մասնակցում. անցյալ տարի աշակերտներ ունեինք Գյումրիից, Վանաձորից, Մարալիկից, Ստեփանակերտից, իսկ այս տարի միայն Երևանի տարբեր դպրոցների աշակերտներ են մասնակցում դասընթացներին: Եթե ամռան շոգին, առավոտյան 9-ից այս երեխաները գալիս են սովորելու նորն ու հետաքրքիրը, ուրեմն կարիք ունեն ինչ-որ բան լսելու, նոր գիտեփլիքներ ստանալու: Այսպիսի ծրագիր առաջին անգամ է կազմակերպվում «Լույս»-կողմից. անցած տարիներին հիմնական ուղղվածությունը մարզերը, համայնքներն էին: Կարծում եմ՝ կարևոր չէ, թե հայը որտեղ է ապրում, կարևորը Հայրենիքում ներդրումներ անելն է: Հայաստանում ծնված ու մեծացած շատ ուսանողներ են դրսում կրթություն ստանում, ովքեր, 11 ամիս դրսում լինելով, միայն ամռան ընթացքում գտնվելով Հայրենիքում, կարողանում են օգտակար լինել մեր գիտական, կրթական համակարգին. իրենց ստացած գիտելիքներով, ձեռք բերած փորձով նրանք, կարելի է ասել, արդեն ներդրումներ են անում: Պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ ինքս էլ չգիտեմ, թե 5 կամ 10 տարի հետո ես որտեղ կլինեմ. կվերադառնա՞մ Հայաստան, սակայն մի բան հստակ է ու հաստատ՝ ես իմ մասնագիտական ներդրումներն առաջին հերթին Հայրենիքո՛ւմ պետք է անեմ, որովհետև այս երկի՛րը, այս հողն ու ջո՛ւրն են ինձ ծնունդ տվել, դաստիարակել ինձ անանց արժեքներով: Մենք բոլորս պարտք ունենք Հայրենիքին, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրած մասնագիտությամբ պետք է օգտակար լինի իր երկրին ու պետությանը: Կյանքն առջևում է. դեռ մագիստրատուրայում սովորելու մեկ տարի ունեմ, կավարտեմ և անմնացորդ կնվիրվեմ իմ ընտրած մասնագիտությանը: Շնորհակալությո՛ւն «Հայսատան. ստեղծենք միասին» համահայկական երիտասարդական հավաքի նախաձեռնողներին, կազմակերպիչներին ու հովանավորներին՝ ՀՀ սփյուռքի նախարարաությանը, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակին, «Լույս» հիմնադրամին, «Այբ» հիմնադրամին, «Վարդանանց» նորարական բժշկական կենտրոնին, միկրովիրաբույժ Գևորգ Յաղջյանին, այս ծրագրին անգամ մի փոքր մասով աջակցող բոլոր մարդկանց՝ անկախ իրենց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից:
Նարեկ Դշխունյանի հետ «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի համար արված հարցազրույցն ավարտվեց նույն խոստումնալից ու լավատեսական վերջաբանով, ինչպիսին էին «Բժշկություն և առողջապահություն. հեռաբժշկություն» աշխատանքային խմբի մյուս 5 մասնակիցների հետ արված հարցազրույցները… ու չես կարող չհավատալ երիտասարդական այս մեծ ներուժին, որովհետև գործնական աշխատանքում նրանք արդեն ապացուցում են դա:
Կարինե Ավագյան