Հայաստանն առաջին անգամ տեսնելով՝ հպարտությամբ լցվեցի. «Արի տուն-2016» ծրագրի մասնակից

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի մասնակից  Բըրքըր Ֆըսթըքը 18 տարեկան է, ապրում է Ստամբուլում:

«Հայերն այսօրի» հետ զրույցում Բըրքըրը տեղեկացրեց, որ հայկական «Եսայան» վարժարանի 10-րդ դասարանում է սովորում:  Հայոց լեզվի ուսուցչուհուց է իմացել «Արի տուն» ծրագրի մասին, որի հորդորով էլ եկել է մասնակցելու:

Հայաստանն առաջին անգամ տեսնելով՝ հպարտությամբ է լցվել: Հիացել և հպարտացել է, որ այդքան շքեղ կառույցներ, հուշակոթողներ, հնամենի եկեղեցիներ և այլ պատմամշակութային վայրեր ունենք: Ափսոսում է, որ մինչև հիմա չի վայելել այդ ամենը:

Հյուրընկալ ընտանիքի մասին, որտեղ  այժմ  բնակվում է  Բըրքըրը, գոհունակությամբ է խոսում: Ասում է՝ տարբեր հայկական ուտելիքներ են հյուրասիրում, ծանոթացնում հայ ընտանիքի ավանդույթներին, ինչն էլ նրան շատ է դուր գալիս:

Բըրքըրը կարևորում է նաև ծրագրի շրջանակներում հայոց լեզվի դասընթացներին մասնակցելը: Միայն արևմտահայերենից-արևելահայերեն անցման ժամանակ է փոքր-ինչ դժվարությունների հանդիպում, սակայն չի տրտնջում՝ մտածելով, որ այն անպայման կհաղթահարի և վարժ կտիրապետի արևելահայերենին նույնպես:

Գևորգ Չիչյան

Scroll Up