«Մեծ ցանկություն ունեմ ՝ դառնանք այնքան հարուստ երկիր, որ մե՛նք ուրիշներին օգնենք». սիրիահայ գյուտարար

«Երևան- էքսպո» ցուցահանդեսային համալիրում կայացած «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսի  մասնակիցներից Կարապետ Ջոգարյանը ներկայացրել է տարիների տքնանքով իրականություն դարձած իր սեփական հետաքրքիր գյուտը՝ HYDRO TORNADO  DRIVE with H2O –ը, որն այցելուներից շատերի ուշադրությունն է գրավել:

Հայերն այսօրի հետ զրույցի ընթացքում Կարապետը  մանրամասնեց այդ նորարարության առավելությունները , խնայողություններն  ու մատչելիությունը:

« Ես այս գյուտի շուրջ մտորել եմ դեռևս 14 տարեկանից , երբ  դպրոցում քիմիա էի անցնում.  2001 թվականից այն գրանցված էր իմ մտքում, սակայն պաշտոնապես գրանցել եմ   անցյալ տարի: Ես մասնագիտական որևէ կրթություն չունեմ.  այդ ամենին հասել եմ դպրոցում ստացած գիտելիքների շնորհիվ և ինքնաշխատությամբ: Տարիքով ու փորձառու շատ գիտնականներ՝ ֆիզիկոսներ, քիմիկոսներ, ովքեր գործել են դեռևս Խորհրդային Միության տարիներին, չեն հավատում, որ այսպիսի նորույթն իրականություն է և կաշխատի, ես  հրավիրում եմ նրանց  և  սարքի աշխատանքը  ցույց եմ տալիս փաստացի:  Այն կատարելագործված  սարք է, հրաշալի արդյունք է տալիս: Սիրիայում  ես զբաղված էի մեր պապենական արհեստով՝  բարձր ճնշման  ռետինե խողովակների գործով, իսկ դրանից դուրս  աշխատում էի իմ նորարական գյուտի շուրջ, որի մասին միայն իմ ընտանիքը գիտեր:  Բոլորն էլ գիտեն, որ  եթե ջուրն անջատեն թթվածնից ու  ջրածնից, դա արդեն վառելանյութ է:  Հենց այդ անջատման ընթացքն արդեն թանկ է, սակայն իմ գյուտը չունի այդ խնդիրը. դա գաղտնիք է, որը չեմ կարող բացահայտել: Իմ նորույթն ապահովում է վառելիքի՝ մինչև 50%  խնայողություն, երկարացնում է մեքենայի շարժիչի կյանքը, էկոլոգիապես մաքուր է և անվտանգ, ապահովում է շարժիչի յուղի  խնայողություն և մաքրություն , մեքենան դառնում է արագընթաց և սլացիկ, սարքն աշխատում  է միայն ջրով,  խնայում է գումար և ժամանակ: Այս սարքի միայն հումքը բավականին թանկ արժե: Նորույթը պատրաստ է, ունեմ արտոնագիր,  շատ ցանկացողներ կան, ովքեր արդեն հերթագրված են:  Ցավոք, ժողովրդի զգալի մասը գնողունակ չէ, թեև ես, չնայած նորույթի բավականին թանկ լինելուն, համեմատաբար էժան եմ տալիս սարքը: Ես իմ մեքենայի վրա տեղադրել եմ այն և արդեն 15 տարի է, ինչ օգտագործում եմ: Սարքն աշխատում է միայն ջրով, դրա այրումից հետո միայն գոլորշի է առաջանում, էկոլոգիապես շատ մաքուր է: Եթե  ուրիշ վառելանյութով աշխատող մեքենաների դեպքում  հաճախ   լրիվ այրում չի կատարվում, և օդը կեղտոտվում է, ապա  այս սարքի տեղադրման դեպքում կատարվում է լրիվ այրում: Այդ ցուցահանդեսն ավելացրեց  իմ  ստեղծած գյուտով հետաքրքրվողների թիվը, բջջայինիս զանգերը չեն լռում: Շնորհակալ եմ   ցուցահանդեսի բոլոր կազմակերպիչներին,աջակիցներին:

Բազմաթիվ   առաջարկներ ունեմ արտերկրից, սակայն  ես ուզում եմ Հայաստանում մնալ և այս նորույթի արտադրությանը զարկ տալ իմ Հայրենիքում:  Երեքուկես տարի է, ինչ Հայաստանում եմ: Սիրիայում շատ մեծ գործարան ունեինք, պատերազմը ստիպեց թողնել ամեն ինչ ու  հանգրվանել Հայաստանում: Մեր ընտանիքում այժմ աշխատում  են եղբայրս ու հայրս: Ամուսնացած եմ,  յոթ  տարեկան մի դուստր ունեմ , ով ծնվել է Սիրիայում.բոլորս էլ հարմարվել ենք նոր միջավայրին, որովհետև մենք օտարների մեջ  չենք:

Հայերը շատ տաղանդավոր են, բազմաթիվ գյուտերի հեղինակներ են, սակայն, ցավոք, շատ հաճախ, հայի գյուտը   ուրիշներն  իրենց են վերագրել: Այդ ժամանակներն անցել են, այսօրվա հայն  առաջվանը չէ: Արդեն  իմ մեջ խմորվում է  մեկ այլ նոր գյուտի գաղափար, որն առայժմ գաղտնիք է, և, բնականաբար, չեմ կամենում այն կիսել ոչ մեկի հետ: Մի մեծ ցանկություն ունեմ՝ ստեղծել արտադրություն և աշխատատատեղեր.մենք պետք է լինենք արտադրող ու արտահանող, ոչ թե   ուրիշների ապրանքները ներկրողներ կամ դրսից  անընդհատ օգնություն ակնկալողներ:Պետք է այնքան  հարուստ երկիր դառնանք, որ ինքներս ուրիշներին օգնենք. մենք ունենք այդ ներուժը, մենք կարող ենք դառնալ զարգացած  և համաշխարհային շուկայում  իշխող պետություններից  մեկը՝ միջազգային հարթակներում  լինելով գերակայող ու պահանջատեր»: 

 Կարինե Ավագյան

198a7f5a-a296-4ff5-abb5-e76c254882e7 614905b4-94c8-48b4-95ba-87c3c6ad1589

Scroll Up