Ամերիկացի հայագետ Պիտեր Քաուին այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն

Մարտի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հայոց լեզվի և մշակույթի «Նարեկացի» ամբիոնի պրոֆեսոր Պիտեր Քաուիին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց հայագետ գիտնականի ազգանվեր գործունեությունը, հատկապես, երիտասարդությանը հայագիտական խորը գիտելիքներ հաղորդելու նրա ջանքերը:

Պրոֆեսոր Պիտեր Քաուին դասավանդում է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Նա շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նախարարին հրավիրեց մասնակցելու «Հայկական Ռեքվիեմ» երեկույթին, որով Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկում է ասպիրանտական եռօրյա ծրագիր՝ նվիրված ժամանակակից հայ ինքնության կերտման գործընթացին:

Քննարկվեցին Սփյուռքի նախարարության ծրագրերին սփյուռքի երիտասարդների մասնակցության ակտիվացման հարցեր, ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հեռանկարները:

Scroll Up