ՀՀ սփյուռքի նախարարը «Մայրենիի դեսպան» մեդալով պարգևատրեց կինոռեժիսոր Մանանա Հակոբյանին

Մարտի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց կինոռեժիսոր, հեռուստահաղորդումների հեղինակ Մանանա Հակոբյանին:

Մանանա Հակոբյանն առաջինն էր, որ 10 տարի առաջ նախաձեռնեց և կյանքի կոչեց «Աշխարհի հայերը» հաղորդաշարը, որը հեռարձակվել է Հ1 եւ «Արմենիա» հեռուստաընկերությունների՝ մետրային և արբանյակային ալիքներով:

Կարևորելով աշխարհասփյուռ նշանավոր հայերին և՛ Հայրենիքում, և՛ Սփյուռքում ճանաչելի դարձնելու հաղորդաշարի առաքելությունը՝ նախարարը նշեց. «Ծագումով հայեր» հաղորդումը ծառայում է իր նպատակին՝ հատկապես երիտասարդ սերնդի  շրջանում արթնացնելով և զորացնելով հպարտության զգացումն ու սերը հայ ազգի ու Հայրենիքի հանդեպ: «Ծագումով հայեր» հաղորդաշարից հետագայում օրինակ վերցրին այլ հեռուստաընկերություններ ևս՝ ստեղծելով նմանատիպ հաղորդաշարեր, և մենք ուրախ ենք դրա համար, քանի որ որքան շատ լինեն այդօրինակ հաղորդումները, այդքան մեր ազգին պատիվ կբերեն և ճանաչելի կդարձնեն»:

 Բարձր գնահատելով Մանանա Հակոբյանի՝ Սփյուռքում հայապահպանությանը, մայրենիի պահպանմանն ու տարածմանը, ազգային ներուժի բացահայտմանն ուղղված, ինչպես նաև հայկական կինոարվեստի զարգացման գործում ներդրած ջանքերն ու նվիրումը, նախարար Հրանուշ Հակոբյանը նրան պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով:

 Մանանա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը և անձամբ նախարարին՝ տարիներ շարունակ հաղորդմանը սատար կանգնելու համար և նշեց, որ պարգևը պարտավորեցնող է և այսուհետ առավել մեծ ջանքերով պիտի փորձի իրականացնել հայապահպանությանն ուղղված իր բոլոր նախաձեռնությունները և հեռուստանախագծերը:

Scroll Up