«Ես ուրախ եմ, որ իմ երեխաները բացի Հայաստանից, այլ վայրում իրենց ապագան չեն պատկերացնում». Անժելա Աճեմյան
Անժելա Աճեմյանը Հալեպից Հայաստան է տեղափոխվել ավելի քան մեկ ու կես տարի առաջ 3 երեխաների՝ Հովհաննեսի, Մեղեդիի եւ Մովսեսի հետ: Հայաստանը գրկաբաց է ընդունել նրանց, սակայն Հալեպում ստացած վերքերը դեռեւս չեն սպիացել: «Հայերն այսօրի» հետ զրույցում Անժելան պատմում է պատերազմի բերած դժոխքի, Հայաստան-հայրենիքի և կիսատ մնացած պատմությունը նորովի շարունակելու մասին:
–Անժելա´, ասում են՝ Հալեպում չկա մի հայ ընտանիք, որ 1915-ի իր պատմությունը չունենա: Ու՞ր են տանում Ձեր արմատները:
– Այո´, սիրիահայ ցանկացած ընտանիք իր գերդաստանի պատմությունը սկսում է Արևմտյան Հայաստանից: Հորս հայրը սասունցի է եղել, նրա ընտանիքը տեսել է ցեղասպանությունը, ապրել այդ դժոխքի մեջ: Ինչպես պապս էր ասում՝ ճակատագիրը ճակատների վրա գրված են տեսել: Փախուստի ճամփան բռնելիս` պապիս մայրը իր աղջիկների մազերը հյուսել է միմյանց ու նետել գետը, որպեսզի թուրք ասկյարները հանկարծ չփորձեն մատով անգամ դիպչել, պղծել նրանց: Շատ խիզախ ընտանիք են եղել. Տիգրան պապս զինյալ է եղել, թուրքական բանակից զենքը գողացել, բաշխել է հայ զինվորներին, որ պաշտպանվեն, սակայն երբ թուրքերը իմացել են ճշմարտությունը, հետապնդել են նրան, եւ մեծ պապս թուրքերի ձեռքով չզոհվելու համար թույն է խմել եւ մահացել:
Հայրիկիս հայրն էլ, երբ փոքրիկ էիք, միշտ մեզ ասում էր, որ մուսուլմաններին չվստահենք, քանի որ անցել էին նրանց պատճառած արհավիրքի միջով: Հետագայում, երբ մենք ապրեցինք այս ամենը, պապիս պատմածը մի նոր ձևով վերաիմաստավորվեց ինձ համար:
-Անժելա’, այնուամենայնիվ, Հալեպ բառը արտաբերելիս Ձեր աչքերում լույս ու հիշողություններ են արթնանում: Ենթադրում եմ, որ նախքան պատերազմը խաղաղ, բարեկեցիկ ու երջանիկ կյանքով եք ապրել:
– Այո’, այդպես է եղել: Ես մանկապարտեզում դաստիարակչուհի էի աշխատում, բայց քանի որ երեխաներս փոքր էին, ստիպված էի աշխատանքս թողնել` նրանց խնամելու եւ մեծացնելու համար: Սակայն ամուսինս աշխատում էր երկու տեղ՝ սառույցի գործարան ուներ, իսկ երկրորդ արհեստով` երկաթագործ էր: Աշխատում էր, արդար քրտինքով վաստակում իր հացը, և մենք բավարարված ու շնորհակալ էինք մեր ունեցածով (լռում է, աչքերը մշուշվում են-հեղ.):
-Ի՞նչ պատահեց հետո: Ինչպե՞ս պատերազմը ներխուժեց Ձեր կյանք:
– Պատերազմը նոր էր սկսվել: Ամուսնուս աշխատանքի վայրը քաղաքից մի փոքր հեռու էր՝ մոտակա գյուղում, քանի որ կառավարությունը արգելում է քաղաքի մեջ գործարաններ ունենալ և աշխատացնել: Երբ իսլամական բանակը հարձակվեց այդ գյուղի վրա, ամուսինս՝ Մինասը, եւ նրա հայրը` այնտեղ էին: Դրացիներից մեկը, որ խմած, ոչ սթափ վիճակում է եղել, մատնել է, որ գործարանում քրիստոնյա հայր ու որդի են աշխատում՝ ոչ իրենց կրոնից ու հավատից, ոչ իրենց ազգից, իսկ իսլամիստերի համար, որոնց ուղեղները լվացված է, ով իրենցից չէ, ուրեմն իրավունք չունի ապրելու: Այդ էր պատճառը, որ ամուսնուս եւ սկեսայր-հայրիկիս առևանգեցին: Մի քանի օր լուր չունենալուց հետո` ես մարդ ուղարկեցի նրանց հետևից, նամակ գրեցի, քանի որ հեռախոսակապերը չէին աշխատում, իսկ պատասխանը չկար ու չկար:
Միայն մեկ շաբաթ անց լուրը տեղ հասավ, երբ հայերից մեկը կարողացել էր փախուստի դիմել և հասնել քաղաք: Ըստ նրա՝ իսլամիստները առևանգել և գերի էին պահում ամուսնուս և իր հորը նրանց «դատելու համար»: Մենք արդեն պատկերացնում էինք, թե ինչ կարող է պատահել, դրա համար մի մուսուլման ուղարկեցինք նրանց մոտ, որ իրենց հավատից ու գաղափարակից էր (հայ չէինք կարող ուղարկել, քանի որ կարժանանար ամուսնուս ճակատագրին): Նրա միջոցով գումար առաջարկեցինք, պատրաստ էինք տալ այն, ինչ կցանկանային: Սակայն զինյալները չէին խոստովանել, որ իրենց մոտ նման մարդիկ են պահվում (դարձյալ ձայնը դողում է-հեղ.):
– Եվ իսկապե՞ս նրանց մոտ չէին:
–Ո´չ, մենք վստահ էինք, որ նրանք են պահում, ես անգամ պատկերացնում եմ՝ ինչ տանջանքների են ենթարկել, սովի մատնել: Մեկ ժամը մեկ դար էր մեզ համար, գիշեր ու ցերեկ խառվել էին իրար: Մեկ ամիս անց ես հեռախոսազանգ ստացա: Զանգողը մուսուլման էր, խոսում էր իրենց լեզվով: Իր ասելով՝ փաստաբան էր, դարձյալ գերի էր ընկել, ամուսնուս հետ մնացել այդ մեկ ամիսը, սակայն կարողացել էր ազատվել: Ես սկզբում չհավատացի, սակայն նա գիտեր այնպիսի բաներ, որ միայն ամուսինս կարող էր նրան պատմած լինել: Նա ինձ փոխանցեց, որ Մինասը և Հովհաննես հայրիկը ողջ են: Նոր հույս էր դա: Ես նրանից փորձեցի փրկության ճամփաներ հարցնել, սակայն նա, հեգնելով ինձ, ասաց, որ իսլամիստները և´ փող ունեն, և´ զենք, և´ մարդկային մեծ ներուժ: Պարզապես նրանց նպատակը ամուսնուս և իր հորը կրոնափոխ անելն է:
Այս դեպքից անցավ 4 ամիս: Անասելի դժոխք էր: Սակայն զանգը չուշացավ: Ես լսեցի ամուսնուս և նրա հոր մահվան բոթը: Հետ զանգահարեցի մուսուլման փաստաբանին, որ ճշտի լուրը: Մեկ օր անց նա զանգահարեց և ասաց, որ ամուսնուս և հորը սպանել են կրոնափոխ չլինելու պատճառով:
Մեզ անգամ դիերը չտվեցին, չնայած ամեն ինչ արեցինք, նույնիսկ Կարմիր խաչին դիմեցինք: Սակայն զինյալները պատասխանել էին, որ եթե հետ վերադարձնեն մարմինները, մենք նրանց քրիստոնեական կարգով կթաղենք, դրա համար իրենք պիտի թաղեն, այն էլ՝ մուսուլմանական ծեսով: 5 օր սպասեցինք, ու կամաց-կամաց դիերը հետ ստանալու հույս մարեց (Զրույցը մի փոքր դադարում է: Ներս է մտնում Մեղեդին, որն իր հետ սենյակում թևածող տխրությունը ցրող լույս է բերում: Նա եկել էր դպրոցական տետրերը վերցնելու):
-Անժելա´, պատկերացնում եմ՝ ինչքան դժվար է եղել: Սակայն որքան էլ տեղին չէ, ժողովրդական խոսքն ասում է՝ քանի դեռ երկրագունդը պտտվում է, կյանքը շարունակվում է: Ինչպե՞ս շարունակվեց Ձեր և Ձեր երեխաների կյանքը:
– 2 ամիս անց զանգահարեցին ինձ ու սպառնացին՝ ասելով, որ գիտեն տանս տեղը, ու թե երեխաներս ինչ դպրոց են հաճախում: Թաղամասում լրտեսներ շատ կային: Անհնար էր արդեն այդ պայմաններում ապրելը: Ես հոգեպես ամբողջովին քայքայված էի, երեխաներս ընկճված էին: Ինձ մնում էր միայն երեխաներիս անվտանգության համար ամեն կերպ դուրս գալ այդ երկրից: Սակայն կառավարությունը ամուսնուս մահվան կամ անհայտ կորածի թուղթը չտվեց, քանի որ ֆիզիկապես նրա մարմինը չկար: Ես այդ թղթին պիտի 3 տարի սպասեի: Երեխաներին առանց հոր ստորագրության երկրից դուրս չէին թողնում: Ես ստիպված էի ստել, որ ամուսինս Լիբանանում է աշխատում, ու ես շտապ նրա մոտ պիտի գնամ: Այդպես հասա Բեյրութ: Այնտեղից էլ 15 օր հետո եկանք Հայաստան:
-Սկսել ամեն ինչ նորից: Որտե՞ղ դրեցիք մեկնակետը:
-Այո´, սկսել զրոյից: Ինձ չէր թվում, թե ես կարող եմ նորից ապրել, բայց… երեխաներս ուժ տվեցին: Այն փաստաբանը, որ Մինասի հետ մեկ ամիս մնացել էր, ինձ առաջին զանգի ժամանակ փոխանցել էր նրա խոսքեր. «Ես երեխաների խնամքը միայն քեզ եմ թողնում: Նրանց ապագան այս երկրից դուրս թող լինի: Դաստիարակի´ր նրանց այնպես, ինչպես կանեինք դա միասին»: Ադպես էլ շարունակում եմ:
Երևանում երեխաների դպրոցը հիանալի է, ուսումը ևս: Միջավայրը շատ առողջ է, բոլորը ցանկանում են օգնել: Այստեղ մեզ շատ օգնեցին, շա՜տ: Հիմա էլ պատրաստակամ են օգնելու: Երբեք սիրիահայ կամ հայաստանցի անջրպետը չեմ զգացել:
Ինձ համար Սիրիան մնում է հայրենիք: Երբ 6-րդ դասարանում Հալեպում հանդեսի ժամանակ Հայաստանի հիմն էինք երգում, ես ամբողջ մարմնով փշաքաղվում էի, իսկ հիմա, երբ այստեղ Սիրիայի քայլերգն եմ լսում, կարոտից արյունս պաղում է երակներումս: Իմ ամենաերջանիկ օրերը այնտեղ են անցել: Դժբախտ օրերս դարձյալ հիշել չեմ ուզում:
Իսկ երեխաների համար Հայաստանը միակ հայրենիքն է: Դպրոցը երկրորդ տունն է, ուսուցչուհիները՝ երկրորդ մայր: Այդպես չէր լինի, եթե նրանք այն ընկալումը չունենային, որ սա իրենց հայրենիքն է: Իհարկե, հոգեբանորեն դեռ վերքերը չեն սպիացել, սակայն իմ երեխաները այստեղ ուրախ են:
-Անժելա´, Ձեր երեխաների ապագան Ձեր ապագան է նաև: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ ապագան:
– Գիտեք, երբ Մինասը ողջ էր, ամեն գիշեր երեխաների հետ աղոթում էր, սովորեցնում նրանց տարբեր աղոթքներ: Հիմա էլ երեխաներս աղոթում են: Փոքրս՝ Մովսեսը, ասում է, որ հայրիկը գիշերները իջնում է, համբուրում նրան, նորից բարձրանում վերև:
Մինասի հոգևոր ներկայությամբ ու Տիրոջ բարեհաճությամբ փորձում ենք ապրել ու մտածել ապագայի մասին: Երբ հայրը իր փոքրիկ երեխային օդ է նետում, երեխան հրճվում է, չի վախենում ընկնելուց, քանի որ վստահ է՝ հայրը բռնելու է: Ես, իմ երեխաները կորցրել ենք այդ վստահությունը, սակայն այստեղ փորձում ենք վերագտնել դա: Ես ուրախ եմ, որ իմ երեխաները բացի Հայաստանից, այլ վայրում իրենց ապագան չեն պատկերացնում:
Ամալյա Կարապետյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի 4-րդ կուրսի ուսանողուհի
Հ. Գ. Անժելայի տան սեղանին դրված նկարում մի երջանիկ ընտանիք է՝ մայրը, հայրը և երեք սիրունատես փոքրիկները: 2 տարի առաջ կյանքն այդ նկարը մի փոքր վերախմբագրեց, սակայն երջանիկ ընտանիքի մնացած անդամների համար այն մնում է չխմբագրված: Այսօր էլ, Անժելայի մատնեմատը օղակված է ամուսնական գեղեցիկ մատանիով, իսկ երեխաները հայրիկի մասին միայն ներկայով են խոսում: