Լալա Միսկարյան-Մինասյանի «Սիրիական օրագրություն»-ը՝ արաբական չծաղկած գարունների վավերագրություն

ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված վաստակաշատ մանկավարժ, խմբագիր, դասախոս, հրապարակագիր, խմբագիր Լալա Միսկարյան-Մինասյանը մեկն է բազմաթիվ սիրիահայերից, ովքեր ապրել են սիրիական պատերազմի արհավիրքը, անցել տագնապի դժոխային տարիների միջով, ապրել ու վերապրել այդ սարսափելի օրերը, հողին հանձնել ծանոթ ու անծանոթների, բոլորի նման երազել մոտալուտ խաղաղության մասին, որը, տարիներ ի վեր, պատերազմի՝ ասես հրեշային ամենակուլ երախով, վերացել էր արաբական այդ աշխարհից, ուր ամեն օր մորթվում էին կյանքի զարթոնքի ծաղկող գարունները:

Լալա Միսկարյան-Մինասյանի հետ «Հայերն այսօր»-ի համար ունեցած իմ հարցազրույցը, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը, ամբողջացումն է վաստակաշատ մանկավարժի հայրենանվեր գործունեության և պատերազմական տարիների օրագրության:

 -Տիկի՛ն Միսկարյան-Մինասյան, պատմեք, խնդրեմ Ձեր անցած ճանապարհների մասին, որտեղ կայացաք իբրև հրապարակագիր, բանախոս, մանկավարժ, խմբագիր և դասախոս:

-Ասեմ, որ ես հայաստանցի եմ, ծնվել եմ Նոյեմբերյանի շրջանի Արճիս գյուղում, մանկավարժների ընտանիքում. ես ինձ լոռեցի եմ համարում: Բարձրագույն կրթություն եմ ստացել Երևանի պետական համալսարանի բանասիրության բաժնում: Հենց համալսարանական տարիներին հանդիպել եմ ապագա ամուսնուս՝ Բյուզանդ Մինասյանին, ամուսնացել ենք, Երևանում ունեցել եմ առաջնեկիս, որից հետո տեղափոխվել ենք Հալեպ: Հալեպում ծնվել է երկրորդ տղաս: Աշխատանքային գործունեությունս սկսել եմ Ազգային Կարեն–Եփփե ճեմարանում. դա իմ մանկավարժական գործունեության դարբնոցն է եղել, ուր աշխատել եմ մինչև 60-ամյակս, որից հետո, 5 տարի ևս, ինձ պահեցին: Աշխատել եմ «Մխիթարյան» վարժարանում, 2011-ից 2014 թթ. դասավանդել եմ «Սարգիս Ջեմբերջյան» կրթասիրաց վարժարանում, մի կարճ ժամանակով աշխատել եմ նաև «Կիլիկյան» ճեմարանում, հիմնադրության օրից ի վեր՝ ես նաև Համազգայինի հայագիտական ամբիոնի դասախոս եմ:

-Ինչպե՞ս հաղթահարեցիք արևմտահայերենի խնդիրները. չէ՞ որ Դուք հայաստանցի եք, կրթվել էիք արևելահայերենով: Ձեզ համար դժվար չէ՞ր հայոց լեզու և գրականություն դասավանդել արևմտահայերենով:

-Գիտեք, որ բանասիրականում սովորելու տարիներին անցնում ենք նաև գրաբար հայերեն, որի հիմքերն այն ժամանակ բավականին լավ էին դրվում. գրաբարից ունեցած գիտելիքներս ինձ շատ օգնեցին: Բանավոր խոսքն էլ հեշտությամբ տրվեց, որովհետև ապրում էի հալեպահայի ընտանիքում, շփվում էի սիրիահայերի հետ: Հիմա, երևի, արևմտահայերենով ավելի լավ եմ խոսում: 1973-ից այնտեղ եմ, քիչ ժամանակ չէ:

-Բանասերները մեծամասամբ ստեղծագործող անհատներ են, և այդ շնորհը Ձեզանում ևս դրսևորվեց, և Դուք սիրիական պատերազմի տարիներին սկսեցիք Ձեր օրագրությունները հրապարակել տարբեր թերթերում՝ հետագայում դրանք ամբողջացնելով «Սիրիական օրագրություն» գրքում: Ինչպե՞ս ծնվեց այդ տարիների համայնապատկերը մի գրքում ամբողջացնելու գաղափարը:

-Սիրիահայերն անցնում էին դժոխքի միջով, ամեն օր մեր աչքերի առջև մարդիկ էին զոհվում, վիրավորվում, շենքեր էին փլուզվում, ամեն օր մեր աչքերի առջև ավերակի էր վերածվում սիրելի քաղաքը՝ Հալեպը: Մենք տեսանք դանակը ձեռքներին մանուկների, ում ստիպում էին սպանել դիմացինին, մենք տեսանք հաշմված ու քաղցած մարդկանց, մենք ապրեցինք մութ ու անօթևան օրերում, ապրեցինք առանց ջրի, առանց սնունդի…Այս ամենի մասին ես սկսեցի գրել իմ մտորումները, իմ ապրումները 2011-ի մարտ ամսից. դրանք տպագրվում էին տարբեր թերթերում, որից հետո, բարեկամներիս խորհրդով, որոշեցի հավաքել մի գրքում:

-Իմաստնացած տարիքում եք. սիրիական պատերազմի հրձիգն ո՞վ էր Ձեր կարծիքով:

-Պատերազմը դեռևս չի ավարտվել, պատերազմի հրձիգները նյութի ու սեփական շահերի համար ավերակում են մի չքնաղ երկիր, հայկական մի հնագույն հոգևոր կենտրոն. ձեռագիրը նույնն է՝ թուրքական՝ հար և նման 1915 թվականի Հայոց եղեռնը սանձազերծած բարբարոսներին: Այստեղ Թուրքիայի գործոնը մեծ է. դեռևս պատերազմի սկզբում նրանք 7-8 խոշոր, շահութաբեր ձեռնարկություններ Հալեպի շրջակայքից տեղափոխեցին Թուրքիա: Ես կարծում եմ, որ սա ծրագրված է եղել: Սիրիային լիարժեք ու մշտատև խաղաղություն է պետք, որպեսզի այն վերականգնվի, ստանա իր նախկին հրաշագեղ տեսքը:

-Տիկի՛ն Մինասյան, Ձեր օրագրությունն ընթերցելիս՝ նկատեցի, որ գրեթե բոլոր օրերի գրառումներից առաջ բնաբան եք ընտրել Աստվածաշնչից, հայկական առածներից, հայ դասական գրողների թևավոր խոսքերից, սակայն ակնառու է Հանճարեղ լոռեցու իմաստուն խոսքերին կատարած անդրադարձի առավելությունը…

-Հասկացա Ձեր մտորումների խորհուրդը. Թումանյանին ավելի շատ եմ անդրադարձել, որովհետև նրա, Իսահակյանի փիլիսոփայական մտքերը տիեզերական ճշմարտություններ են: Այդ բնաբաններին հաջորդում են օրագրություններումս տեղ գտած, դրանց համահունչ իրադարձությունները:

-Կարդալով Ձեր գրառումներից մեկն՝ առանձնացրեցի հետևյալ տողերը. «Այսօր վաղ առավոտյան ահավոր պայթյունից ցնցվելով արթնացանք…Թաղի բնակիչները քնկոտ, պատշգամբները ելած, միմյանց էին նայում, և մի լուռ հարցում կար՝ որտե՞ղ եղավ…Մոտիկ տեղ էր, դեռ պետք է սպասենք լուրի՝ ի՞նչ շենք փլվեց, քանի՞ մարդ այսօր աչքը չբացեց: Մինչդեռ՝ հրաշալի կապույտ երկնքով մի լուսաբաց էր…ու պատշգամբումս ճերմակ ժպտում են նոր բացված հասմիկները…»:

 Դուք տեսաք կյանքն ու մահն իրար կողք կողքի. ի՞նչը Ձեր մեջ պահեց լավատեսությունն ու ապրելու հույսը:

-Այո՛, այդ քնքուշ հասմիկները խորհրդանիշն էին նոր բացվող խաղաղ առավոտների, մաքրության, լույսի…Խավարը երկար չէր կարող թագավորել, լույսն ինչ-որ տեղից, ինչ–որ ժամանակ գտնում է իր ճանապարհը: Կյանքն ու մահը բոլոր ժամանակներում ապրում են մարդկանց կողքին, խաղաղությունն ու պատերազմները միշտ պայքարի մեջ են եղել, ողջ աշխարհի մարդկությունը միշտ անամպ երկինք է երազել: Հույսը չպետք է լքի մարդուն:

-Ձեր գիրքն արժանացել է Գևորգ Մելիտինեի գրական մրցանակին…սպասու՞մ էիք դրան:

-Ես հատուկ մտադրություն չունեի գիրքս մրցանակաբաշխության ներկայացնելու. ծանոթներիս խորհրդով այն ուղարկեցի Բեյրութ և չէի կարծում, թե պետք է մրցանակի արժանանա. այդ մրցանակն ինձ համար անակնկալ էր:

-Սա Ձեր միա՞կ գիրքն է…

-Ո՛չ, ուրիշ գրքեր էլ ունեմ. առաջին գիրքս կոչվում է «Հույսի հորիզոններ», որը հայաստանյան տարիների հուշագրություններիս ամբողջացումն է, լույս է ընծայվել 2007-ին, երկրորդ գիրքս, որը լույս է տեսել 2015-ին, կոչվում է «Հող ու երկինք», այս գրքում էլ զետեղել եմ պատմվածքներ, օրագրություններս ամբողջացնող գիրքս Բեյրութ ուղարկելուց հետո ես շարունակեցի գրել, սակայն ոչ օրագրության ձևով: Այստեղ զետեղել եմ պատմվածքներ: Նոր գրքիս առաջին մասը կոչվում է «Պատերազմ»:

-…Հրապարակագիր, խմբագիր, բանախոս, մանկավարժ, գրող…Այս կոչումներից ո՞րն է գերակշռում Ձեր կենսագրության մեջ:

-Մանկավարժությունը. ես իմ գիտակցական կյանքի մեծ մասը նվիրել եմ մանկավարժությանը:

-Դուք ծնունդով հայաստանցի եք, տավուշցի. ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը, որտեղից գնացել եք շատ տարիներ առաջ:

-Կարոտում եմ իմ ծննդավայրը, իմ Հայրենիքը. դրանք մի անբաժան ամբողջություն են ինձ համար: Հայրենիքն ինձ համար ամե՛ն ինչ է՝ իմ երազը, իմ ցավը, իմ սերը, իմ ուրախությունը: Կարծում եմ՝ ես իմ հայասիրական պարտքը Հալեպում կատարել եմ, շատ եմ ցանկանում մի քիչ էլ Հայրենիքիս ծառայել, Հայրենիքում ապրել: Եթե բախտ վիճակվի վերադառնալ Հայրենիք, կնախընտրեմ ապրել իմ ծննդավայրում:

 -Հարգելի՛ հայրենակցուհի, շնորհակալությու՛ն սրտառուչ հարցազրույցի համար, շնորհակալությու՛ն Ձեր արժեքավոր փաստագրական օրագրությունների գրքի համար. մեր զրույցն ավարտենք Ձեր՝ «Սիրիական օրագրություն» գրքի վերջաբանի մի քանի տողերով. «Չե՛նք ուզում հավատալ, թե «մեր Հալեպը» կկործանվի օրըստօրե, թե մեր հարյուրամյակների պատմությունը կջնջվի, թե Լեհաստանի, Հնդկաստանի, Նոր Նախիջևանի, Ղրիմի, Ռումինիայի և երբեմնի՝ այլ շեն ու ծաղկուն բազմաթիվ գաղութների պես պիտի քայքայվի նաև բյուրավոր նահատակների ու հրաշքով վերապրածների շունչը կրող այս գաղութը…այնքա՜ն հայաբույր ու հայադրոշմ, որ ավելին էր, քան՝ ծննդավայրը»:

Հարցազրույցը ՝ Կարինե Ավագյանի

Scroll Up