Նվիրվում է Հայոց բանակի 24-րդ տարեդարձին.Պայքարից ծնված երգեր

Ազգային, հայրենասիրական երգեր լսելիս՝ հոգիդ կամա թե ակամա ալեկոծվում է, պարուրվում հայրենասիրական վառ ապրումներով: Սկսում ես ավելի արժևորել հայրենիքդ, այն հողը, որի վրա ապրում ես, արարում, որից ուժ ես ստանում ու չես կարողանում, որքան էլ փորձես, ազատվել նույնիսկ այն ժամանակ, երբ ոտքերդ այլ հող են «շոշափում»:

Այդ երգերի անհրաժեշտությունն ավելի քան կարևոր և հրատապ է դառնում օրհասական պահերին: Մարտի դաշտում կենաց-մահու պայքար մղող մեր հայորդիների համար դրանք դառնում են բալասան, որից նրանք գոտեպնդվում են, ոգի առնում, համախմբվում:

Իսկ պատմությունն էլ մեզ հուշում է, որ Գողթան գուսանները Հայոց արքաներին հաղթական երգերով են պատերազմ ճանապարհել:

Այսօր մենք հայրենասիրական երգերով, ազգային դհոլ ու զուռնայով Հայոց բանակ ենք ճանապարհում մեր զինվորներին:

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձն է: Այս առիթով «Հայերն այսօրը» ներկայացնում է հայրենասիրական մի քանի երգերի ստեղծման նախապատմությունը: Երգեր, որոնք դեռ երկար կոգևորեն, կապրեցնեն ու կառաջնորդեն…

«Մարտիկի երգը»

Գրվել է 1944-1945 թվականներին՝ Հայրենական պատերազմի տարիներին: Խոսքերի հեղինակը Գեղամ Սարյանն է, երաժշտությունը գրել է Աշոտ Սաթյանը: «Հայերն այսօրի» հետ զրույցում Արամ Սաթյանի եղբորորդին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նշեց, որ եղել են տարիներ, երբ կուսակցական շահերից ելնելով, արգելել են երգի տարածումը, սակայն հետագայում այն կրկին թույլատրել են հնչեցնել:

Երաժշտական ձևավորման առումով երգն ունեցել է 18 տարբերակ: Երկարատև քննարկումից հետո ընտրվել է բոլորիս ծանոթ մեղեդին: Ստեղծագործության առաջին կատարողներից են եղել Շառա Տալյանն ու Հովհաննես Բադալյանը: Հետագայում արդեն երգը տարածվել է և մեծ ճանաչում գտել՝ խտացնելով մարտի դաշտում հայրենիքի, մոր, հարազատ հանդ ու սարի կարոտն ապրող զինվորի ապրումները:

Երգը լայն կիրառում է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում:

Արամ Սաթյանը հավելեց, որ հայ անվանի կոմպոզիտոր Դավիթ Թուխմանովը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ «Մարտիկի երգը» շատ սրտամոտ ստեղծագործություն է, որը պրոֆեսիոնալ շատ բարձր մակարդակով է գրվել:

Տարիների ընթացքում այս մեղեդային երգը ճանաչվեց ամբողջ աշխարհում, և ոչ միայն հայերի շրջանում: Այն առ այսօր շարունակում է մեծ հնչեղություն և պահանջարկ ունենալ:

Արամ Սաթյանի հուզմունքը մեծ է եղել, երբ 2015 թվականի աշնանը Բոստոնում տեղի ունեցած հայկական երգի երեկոյի  ժամանակ այլազգի երգիչները «Մարտիկի երգն» են երգել:


Գուսան Հայկազունու երգերը

Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Նազարյանը (Գուսան Հայկազուն) հեղինակել է այնպիսի երգեր, որոնք ոչ միայն չեն կորցրել արդիականությունը, այլև շարունակում են հնչել ամենուր: Երգերի մեծ մասը Գուսանը գրել է հենց պատերազմի տարիներին: Նրա երգերից մի քանիսը Հայկական բանակում որպես քայլերգ են հնչում: Գուսանն իր երգացանկից «Հայերն այսօրին» ներկայացրեց մի քանի երգերի պատմությունը:

Նրա առաջին հեղինակային ստեղծագործությունը «Հայեր, միացե՛ք» երգն է, որը Արցախյան շարժման սկզբում է գրվել: Գուսանը երգն առաջին անգամ կատարել է 1988 թվականի մայիսի 17-ին՝ Ազատության հրապարակում: Այն հետագայում հայերի միասնությունը խորհրդանշող համազգային երգ է դառնում:

Երգը գրելիս նրան ոգևորել է այն ժամանակ հաճախ հնչող համանուն վանկարկումը: Երգը ծնվում է 10 օրվա ընթացքում և արագորեն տարածում գտնում ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Գուսանը տեսնելով, որ երգը մեծ սեր է վայելում մարդկանց մոտ, ընկերների հետ 1000 օրինակ տպագրում է ու բաժանում զինվորներին:

Երգի «ծնունդից»  27 տարի է անցել: Այս տարիների ընթացքում այն փոփոխությունների է ենթարկվել, նորացվել:

Գուսանը երգը «թարմացնելու», մերօրյա կատարում դարձնելու առաջարկ Սփյուռքից է ստանում: Ընդառաջում է խնդրանքին և պահելով երգի հիմնական բովանդակությունը՝ բառերը փոխում է՝ համահունչ դարձնելով Հայրենիքի և Սփյուռքի այսօրվա պահանջներին:

Ստեղծագործությանը նոր կյանք տալու ջատագովներից է եղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարն առաջիններից մեկն էր, ում Գուսանը ցույց է տվել երգի նորացված տարբերակը՝ արժանանալով Հրանուշ Հակոբանի համաձայնությանն ու հավանությանը:

«Գետաշեն» երգն ազդեցիկ նախապատմություն ունի. 1990 թվականին շուրջ 25 զինված տղաներից բաղկացած կամավորական ջոկատը՝ հրամանատար Լաերտ Սաղաթելյանի գլխավորությամբ, ժամանել է Երևան՝ Գետաշեն մեկնելու և այն պաշտպանելու համար։ Տղաների շարքում Գուսան Հայկազունին տեսնելով՝ հրամանատարը նրան արգելում է մեկնել, ասելով՝ եթե հանկարծ մի «քոռ գյուլա» նրան դիպչի, ինչ պետք է անեն:

Սակայն Գուսանը անդրդվելի էր իր որոշման մեջ և փորձում է թաքուն ինքնաթիռ մտնել, սակայն հրամանատարը նկատում է և ասում. «Արագ իջի´ր, ո՞ւր ես թռչում։ Ես քեզ չասացի՞, որ չես մեկնելու։ Ավելի լավ է՝ մնա այստեղ ու մի երգ գրի Գետաշենի մասին»:

Կոչը կարծես սթափեցրեց Գուսանին: Մնալով Երևանում՝ երեք օրվա ընթացքում Գետաշենի մասին երգ է գրում։ Չորրորդ օրը զենք ու սննդամթերք տեղափոխող ինքնաթիռով նա մեկնում է Գետաշեն ու միանում ջոկատին։ Հենց այնտեղ էլ տեղի ունենում երգի առաջին կատարումը:

«Գետաշեն» երգի հետ կապված Գուսան Հայկազունը մի ուշագրավ պատմություն էլ պատմեց: Շահումյանը կորցնելուց հետո ժողովուրդը Մարտակերտ էր գաղթում, ճանապարհին հսկողություն էր սահմանվել, որ թշնամին չհարձակվի մարդկանց վրա: Մի գիշեր զինվորներից մեկը գալիս է հրամանատարի՝ Մայիս Մկրտչյանի մոտ և ասում, որ անտառում հայ երեխաներ կան թաքնված: Հրամանատարը հարցնում է, թե ինչու է վստահ, որ հայ երեխաներ են: Զինվորը պատմում է, որ երեխայի լացի ձայն է լսել, և մի մեծահասակի, որը անընդհատ սո´ւս, սո´ւս է ասել:

Սկսում են փնտրել երեխաներին, սակայն ապարդյուն. անտառում նրանց բղավոցներին ոչ ոք չի արձագանքում: Հրամանատարը, տեսնելով, որ որոնումներն անիմաստ են դառնում, շարում է զորքը և հրամայում «Գետաշեն» երգը երգել: Քիչ անց թփուտներից դուրս է գալիս մի ծերունի`հետևից մոտ 40 երեխա: Ծերունին պատմում է, որ երբ լսել են նրանց ձայները, վախեցել են դուրս գալ: Կարծել են, որ հնարավոր է ադրբեջանցիներ լինեն, որոնք իրենց մոլորեցնելու համար հայերեն են խոսել: Եվ միայն «Գետաշեն» երգը լսելուց հետո են համոզվել, որ հայեր են:

Գուսան Հայկազունու «Հպա՛րտ գնացեք» երգը Դուշման Վարդանի (Վարդան Ստեփանյան) հիշատակին է նվիրված: Երբ 1992 թվականին Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ քաջաբար զոհվում է Դուշման Վարդանը, նրա զինակից ընկերները հոգեկան ծանր ապրումների մեջ են ընկնում և հուսալքվում: Նրանց վիշտը փարատելու, գոտեպնդելու համար Գուսան Հայկազունը գրում է «Հպա՛րտ գնացեք» երգը: Ավարտելով՝ անմիջապես շտապում է Երևան՝ երգիչ Սահակ Գալոյանի մոտ: Միասին վերախմբագրելով ստեղծագործությունը՝ սկսում են այն տարածել զինվորների շրջանում:

Այն, իրոք, ծառայեց իր նպատակին. երգի շնորհիվ մարտի դաշտում կռվող հայորդիների մոտ կրկին արթնացավ հաղթանակի հանդեպ հույսը, որոնք անկոտրում ոգով շարունակեցին պայքարը:

«Ախպերս ու ես».

Արցախյան պատերազմի տարիների ճանաչում ունեցող ստեղծագործություններից է նաև ազատամարտիկ, երգահան Գուսան Տոտիկի (Աշոտ Բեգոյան) հեղինակած «Ախպերս ու ես» երգը:

Երգի պատմության մասին «Հայերն այսօրի» հետ զրույցում տեղեկություններ հաղորդեց Գուսանի կինը՝ տիկին Անուշը: «Մարտի դաշտ գնալուց առաջ ամուսինս որոշեց մի երգ գրել, որը կօգնի սփոփել որդիներին ռազմաճակատ ճանապարհող մայրերի կարոտը: Ամուսինս երգը նվիրել է իր զինակից ընկերներին, որոնք շատ են ոգևորվել երգից»,-նշեց տիկին Անուշը և հավելեց, որ Գուսան Տոտիկը բազմաթիվ այլ հայրենասիրական երգերի հեղինակ է, որոնք, ցավոք, ծանոթ  չեն ունկնդրին:

«Երազ իմ երկիր հայրենի».

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը վստահեցնում է, որ «Երազ իմ երկիր հայրենի» երգը  Հայոց բանակի խորհրդանիշն է:

Հարցազրույցներից մեկի ժամանակ Հայոց բանակի օրհներգի հեղինակը նշել է, որ երգն իր մեջ արթնացնում է ոչ թե վերամբարձ, այլ նուրբ հայրենասիրական զգացումներ: Հիշում է, որ մի զինվոր իրեն ասել էր, որ երբ երգում է այս երգը, այն օգնում է դիմակայել դժվարություններին, հավատալ ուժերին և հայրենասիրությամբ լցվել:

Երգահանի խոսքով՝ իր համար լիարժեք երջանկությունը հենց այդ գնահատականն է, երբ ծառայության դժվարին պայմաններում էլ երգը ոգևորում է զինվորներին: Նրա բնորոշմամբ` իր հեղինակած երգը երկրի հանդեպ հիացումի զգացողության արտացոլումն է:


«Կարմիր կակաչները», «Որ սարերը չմնան անտեր».

Կարմիր կակաչները», «Որ սարերը չմնան անտեր» ստեղծագործությունները Ռուբեն Հախվերդյանը գրել է 1997 թվականին: Խոսելով երգերի մասին՝ «Հայերն այսօրի» հետ զրույցում երգիչն ասաց, որ մարտի դաշտում ընկած ընկերների կարոտն է ստիպել նրան գրելու այս երգերը:

Պատրաստեց Գևորգ Չիչյանը

Scroll Up