«Առաջ Հայրենիքս էր երազ, իսկ հիմա՝ Հալեպը՝ իմ քաղցր ծննդավայրը». Աղավնի Քեվրանյան

«Հայաստանը մեզ համար երազ էր, Արարատը՝ հեքիաթ, և այսօր իրական են այդ երազն ու հեքիաթը»

Ո’չ սիրիահայերը, ոչ էլ մենք՝ հայաստանաբնակներս, երբևէ չէինք կարող պատկերացնել, թե մեր օրերում հայրենադարձության այսպիսի մի ալիք կբարձրանա: Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների համար ՀայաստանՀայրենիք բառերի արտաբերումն անգամ անափ հուզմունքի, կարոտի անբացատրելի մի զգացում է առաջացնում. շատերի համար Հայրենիքը երազ է միայն: Այդ երազն իրենց հոգում տարիներ շարունակ փայփայած շատ հայորդիներ են հայրենադարձվել և իրենց նոր բույնը հյուսել՝ հայացքներն Արարատի ադամանդափայլ գագաթին հառած: Թեև սիրիական՝ անվերջանալի թվացող պատերազմի պատճառով, կյանքին սպառնացող վտանգի պարտադրանքով, այնուամենայնիվ, Հայրենիքում հանգրվանեցին շատ սիրիահայեր և փորձեցին նոր կյանք սկսել, ընտելանալ նոր միջավայրին: Ոմանք աշխատանք գտան, ոմանք դեռ փնտրտուքների մեջ են, երեխաները մանկապարտեզ ու դպրոց են հաճախում, երիտասարդներից շատերն ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ, և մի փոքրիկ Հալեպ  է շունչ առել քաղաքամայր Երևանում: Բազմաշնորհ սիրիահայ կանայք ու աղջիկները, հարսները Հայրենիքում էլ շարունակում են ավանդական ասեղնագործությունը, ձեռագործը, ճաշատեսակներ ու անուշեղեն պատրաստելը, որոնց մասին տեղացիներս շատ էինք լսել, նաև՝ երբեմն ճաշակել: Ձեռքի աշխատանքն էլ, անշուշտ, հայկական ընտանիքը պահպանելու մշակույթի մի մասն է: Հերթական անգամ սիրիահայ ընտանիք մտնելիս այլևս չզարմացա՝ տեսնելով սեղանին, բազմոցին փռված՝ ասես անձեռակերտ աշխատանքներ, այլ կրկին առա ավանդույթի բույրը. այո‘, այո՝ հայկական ավանդույթի բույրը

Իմ հարցազրույցի հերոսուհիների՝ հարսի՝ Աղավնի Քեվրանյանի ու սկեսրոջ՝ տիկին Մարի Սեդրակյանի հետ ծավալվեց հետաքրքիր ու թերևս ՝ քիչ թախծալուր զրույցը:

Աղավնի ՔեվրանյանՀինգ ամիս է, ինչ Հայաստանում ենք: Շատ սպասեցինք, որ պատերազմն ավարտվի, վտանգն անցնի, սակայն չեղավ: Երկու աղջիկներիցս մեծն արդեն ավարտում էր 12-րդ դասարանը և բարձրագույն կրթություն ստանալու համար պետք է դուրս գար մեր թաղամասից, որը շատ վտանգավոր էր, փոքրս դեռևս միջնակարգում էր սովորում: Ամուսինս՝ Արամ Աթթարյանը, շարժիչների մասնագետ է: Տանը միայն ինքն էր աշխատում, և բոլորս ապահով ապրում էինք: Հետո սկսվեց վախի, տագնապի զգացումների անվերջանալի թվացող ժամանակը՝ սիրիական պատերազմը: Որոշեցինք գալ Հայրենիք, որի մասին միշտ լսել էինք դեռ մանկուց. Հայաստանը մեզ համար երազ էր, Արարատը՝ հեքիաթ, և այսօր իրական են այդ երազն ու հեքիաթը, արդեն մոտ են ու շատ ջերմ: Դրախտ է Հայաստանը, միայն թե տնտեսական վիճակը բարելավվի: Շարունակում եմ ասեղնագործել, գործել… Իմ գործերի դիզայնի հեղինակն ինքս եմ, ասեղնագործել եմ Սուրբ Էջմիածինը, մեր Արարչագործ այբուբենը, գործում եմ նաև բլուզներ, տոնածառի և այլ խաղալիքներ, մանուկների համար մաշիկներ, հաճախում եմ զբոսավարության դասընթացների: Մեծ աղջիկս սովորում է Ճարտարագիտական համալսարանում, փոքրս սովորում է Եղիշե Չարենցի անվան դպրոցի 9-րդ դասարանում: Մեծ աղջկաս ուսման վարձի մի մեծ մասը բարեգործությամբ է լուծվում: Ամուսինս էլեկտրականության հետ կապված մանր-մունր գործեր է անում, սկեսուրս էլ գործում է, ճաշեր պատրաստում: Դե, այսպես էլ ապրում ենք և ուզում եմ անկեղծ լինել՝ պատերազմն ավարտվելուց հետո կվերադառնանք մեր սիրելի ծննդավայր, բայց մի տուն էլ այստեղ կհիմնենք, որ մշտապես Սիրիա-Հայաստան կապի մեջ լինենք: Այսուհետ դժվար կլինի Հայաստանից հեռու ապրելը: Հալեպում տուն ունենք, հարազատներ, դպրոցներ, պատմամշակութային հուշարձաններ… Շա՜տ ենք կարոտում Հալեպը, պատմելու բան չէ… Ես չեմ կարող ասել, թե որն է իմ հոգում ու սրտում ամենամեծ տեղը գրավում՝ Հայաստանը, թե՝ Հալեպը… Սիրելի են թե’ ծննդավայրս, թե’ Հայրենիքս: Մեկում ծնվել եմ, մյուսի մասին՝ միշտ երազել կարոտով: Առաջ Հայրենիքս էր երազ, իսկ հիմա՝ Հալեպը՝ իմ քաղցր ծննդավայրը:

Մարի Սեդրակյան – Հույսով ենք ապրում, որ մի օր Սիրիան նորից կծաղկի, խաղաղություն կհաստատվի: Ես մեկ տղա և երկու աղջիկ ունեմ. Աղջիկներիցս մեկն այժմ Իտալիայում է ապրում, մյուսը՝ Լիբանանում: Աղջկաս ընտանիքը 20 տարի Իտալիայում էր, եկան Լիբանան, տուն գնեցին, սակայն 1-2 ամիս անց սկսվեց պատերազմը, և աղջկաս ամուսինը որոշեց, որ ետ գնան Իտալիա: Հայի ճակատագիր է… Հայրենիք ենք եկել, որի կարոտով շատ ենք ապրել, Հայրենիքը մեկն է, միակն է ու անփոխարինելի ծնողի նման: 50 տարի առաջ, երբ դեռ շատ չէին գալիս-գնում Հայրենիք, խնդրում էի եկողներից, որ ափ մը հող բերեն Հայրենիքից, հիմա կանգնած եմ այդ փափագած հողին: Երանի՜ նրան, ով Հայրենիք ունի, ո՞ւմ է պետք անհայրենիք մարդը:

Եվ ապրում են այսպես մեր սիրիահայ հայրենակիցները՝ իրենց շնորհաշատ մատներով ասեղնագործելով, հյուսելով երկնքից թափվող մանանայի բույր ունեցող ծննդավայրի կարոտով, նրա ներկայով ու կրկին ծագող ապագայի հույսով:

Կարինե Ավագյան

1 2 3 4 6 7

Scroll Up