«Հրաժարվում եմ հայրիկիցս՝ հանուն Հայաստանի». Նարե Բեջանյան

Նարե Բեջանյանը 15 տարեկանում ստիպված էր ընտանիքի հետ Երևանից տեղափոխվել Դոնի Ռոստով՝ Ռուսաստան: Սակայն հայկականության պակասը, ներքին տագնապներն ու հայ լինելու, բայց օտար հողում ապրելու հակասությունը Նարեին դարձյալ հայրենիք բերեցին:

Երիտասարդ հայրենադարձի հետ «Հայերն այսօրի» թղթակիցը խոսել է օտար հողում հայերեն խոսելու և մտածելու դժվարությունների, երևանյան ջերմության և Հայաստանի սիրո մասին:

Նարե´, ի՞նչը ընտանիքիդ տարավ ՌուսաստանԻնչպե՞ս 15-ամյա աղջնակը ընդունեց տեղափոխության լուրը:

– Ծնողներիս որոշումն էր Հայաստանից դուրս գնալը, այդ պահին նրանք հայրենիքում ապագա չէին տեսնում իրենց զավակների համար: Հասկանում եմ նրանց, քանի որ մարդիկ 90-ականներից հետո ուզում էին մի կերպ ոտքի կանգնել, հաստատվել, ֆինանսական միջոցներ ունենալ: Ես՝ որպես զավակ, ծնողներիս մեղադրելու իրավունք չունեմ: Ամեն դեպքում մեր բարօրության համար են նրանք դիմել այդ քայլին:

Սակայն իմ գնալու մտքի հետ հենց առաջին օրվանից չեմ համակերպվել: Ծանր հոգեվիճակում էի, ներշխարհումս ամեն ինչ փլուզվել էր, չէի ցանկանում թողնել իմ Հայաստանը: Լացում էի անընդհատ: Հայրս ինձ ասաց, որ թղթի վրա գրեմ. «Ես հրաժարվում եմ հայրիկիցս՝ հանուն Հայաստանի»: Եվ ես գրեցի: Մի քանի տարի հայրս բարկացած պատմում էր դա ուրիշներին, բայց հիմա հպարտությամբ է հիշում:

Այդքան թանկ է եղել հայրենիքս ինձ համար, առավել թանկ է հիմա: Հիշում եմ նաև, որ մայրիկս ինձ խոստանում էր, որ մեկ տարի հետո կվերադառնանք: Դա իհարկե ինձ ոգևորելու, ծանր հոգեկան իրավիճակից հանելու համար էր ասում: Մեկ տարին երկար ձգվեց, մինչև որ ես իմ վաղուցվա երազանքը և ցանկությունը կոնկրետ նպատակի վերածեցի՝ վերադառնալ Հայաստան:

Կարոտն ինձ տարիներ շարունակ խեղդել է, միգուցե այս ամենը պաթետիկ թվա, բայց գոնե մի քանի օրով հայրենի հողից կտրված մարդիկ ինձ լավ կհասկանան:

– Ի՞նչ էր քեզ սպասում այնտեղ: Ենթադրում եմ, որ ուսումդ ռուսական դպրոցում շարունակելու խնդրին ես բախվել:

– Վերջին երեք տարիներին ռուսական դպրոց եմ գնացել: Իհարկե, սկզբում դժվար էր արտահայտվել օտար լեզվով, բայց շփման ընթացքում խնդիրը վերացավ: Դպրոցից հետո ընդունվել եմ քաղաքի իրավաբանական ուղղվածությամբ համալսարաններից մեկը, ավարտել այն: Որոշ ժամանակ աշխատել եմ մասնագիտությամբ, սակայն այդ ընթացքում անդամակցում էի նաև Ռոստովում գործող հայկական երիտասարդական կազմակերպություններից մեկին: Քիչ ժամանակ անց դարձա այդ կազմակերպության ղեկավարը:

Աշխատանքս սիրում էի, քանի որ ինձ հնարավորություն էր տալիս առնչվելու Հայաստանի հետ կապ ունեցող մարդկանց, մտավորականներին, խելացի, հայրենասեր երիտասարդներին: Ինչ-որ չափով Հայաստանիս կարոտը առնում էի: Միաժամանակ թղթակցում էի Ռոստովի «Դոնի Նախիջևան» թերթին:

 – Նարե´, հայեցի ապրել ցանկացող երիտասարդը հնարավոր չէ, որ հակասությունների, խնդիրների ու դժարությունների չհանդիպեր հայրենիքից հեռու: Այդ դժվարություններից որո՞նք կառանձնացնես:

 -Ամենկարևոր խնդիրը հայեցի ապրելու հնարավորության բացակայությունն էր: Երկրորդ խնդիրը լեզվի նահանջի վտանգն է: Ես այստեղից հայերենի հիմնավոր գիտելիքներով եմ գնացել, իսկ փոքր տարիքում արտագաղթած երեխաների մոտ խնդիր է առաջանում՝ ինչպե՞ս խոսել հայերեն և պահպանել հայերենը՝ հայկական միջավայրից հեռու լինելով:

Տարիներ առաջ մի գիրք էի կարդում, որտեղ հետաքրքիր խոսքի կար. մարդ պատկանում է այն լեզվին, որով մտածում: Ես այն մտքին հանգեցի, որ ռուսերեն եմ մտածում: Ներքին տագնապի մեջ հայտնվեցի այդ պահից:

– Նարե´, Ռոստովում շա՞տ կան քեզ նման հայրենասեր երիտասարդներ: Ի՞նչ է հայկական համայնքն անում նրանց հայ պահելու համար:

– Հայրենասեր երիտասարդներ շատ կան, բայց նրանցից քչերն ունեն հայրենիք վերադառնալու մտադրություն: Ռոստովի հայկական համայնքը ակտիվ գործունեություն է ծավալում հայապահպանության համար: Միջոցառումներից զատ՝ կազմակերպվում են հանդիպումներ Հայաստանից եկած դասախոսների, մասնագետների ու մտավորականների հետ:

Օրինակ՝ Մհեր Հովհաննիսյանը, որ իր գործի նվիրյալն է, ամեն տարի գալիս է Ռոստով, փորձում է ամեն կերպ շահագրգռել հայ երիտասարդներին, նրանց մեջ ինքնության արժանապատվությունը արթնացնել, հայոց պատմությանն ու մշակույթին ծանոթացնել:

Սակայն երիտասարդները ևս պիտի շահագրգռված լինեն, ցանկություն ունենան, որը ոչ միշտ է լինում: Ես ցավում եմ դրա համար: Հայապահպանմանը միտված միջոցառումներ շատ են կազմակերպվում, սակայն այդ միջոցառումներին ներկաների շարքերը միշտ նոսր են լինում: Համայնքում գործում է նաև հայկական վիրտուալ քոլեջ, բոլոր հայկական եկեղեցիներին կից հայկական կիրակնօրյա դպրոցներ կան: Կարծում եմ՝ ցանկության դեպքում անգամ օտար հողի վրա կարելի է պահպանել մեր հայկականը:

– Նարե´, ամռանը կլրանա քո վերադարձի մեկ տարին: Ինչպե՞ս արձագանքեցին ծանոթներդ ու ընկերներդ: 

-Իմ շրջապատում այսօր հիմնականում իմ մանկության ընկերներն են: Նրանք, իհարկե, ուրախությամբ ընդունեցին իմ վերադարձը: Շփվում եմ նաև հայրենադարձ և հայաստանցի երիտասարդների հետ. նրանք են ինձ ոգևորում:

 – Ի՞նչ խոչընդոտներ եղան այստեղԵրբևէ զղջման վայրկյան ունեցե՞լ ես:

 – Ընտանիքիցս հեռու եմ, երբեք մենակ չեմ ապրել: Դժվար է, իհարկե: Բայց ես գիտեի՝ ինչու եմ գալիս, ինձ պատրաստել էի հնարավոր դժվարություններին: Եթե ես հայաստանյան իրականությանը նայեի վարդագույն ակնոցներով, ավելի դժվար կլիներ, բայց ես կանխատեսում էի, թե ինչ պիտի լինի:

Այստեղ հոգեպես ինձ հանգիստ եմ զգում: Ռուսաստանում ապրած տարիները վատ չեն եղել: Սակայն մարդկային հարաբերությունները այնտեղ այլ են, այլ որակի, ավելի սառը, իսկ մենք՝ հայերս, ավելի ջերմ շփման ենք սովոր:

Պակաս եմ զգացել հայերենի, հայ ընկերների, հայկական մթնոլորտի: Չնայած վերջին տարիներին աշխատանքի բերումով հայերի հետ շատ էի շփվում, այստեղ այդ ամենն ավելի հայաստանոտ է. արթնանում ես, բացում պատուհանը, քո երկիրն է քո առաջ, վերևում քո երկրի կապույտ երկինքը, գուցե սրանք ինչ-որ մեկի համար մանրուքներ են, բայց ինձ դրանք հոգեկան բավարարվածություն են բերում: Միակ խնդիրը հիմնական աշխատանք գտնելու դժվարությունն է:

– Նարե´, դու նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակից ես եղել անցած ամռանըԻնչպիսի՞ հիշողություններ կանԻ՞նչ տվեց այն քեզ:

– Ամենամեծ ձեռքբերումը, իհարկե, նոր ծանոթություններն էին, ինչպես նաև հետաքրքիր հիշողություններն ու գիտելիքները: Միշտ ցանկացել եմ շփվել սփյուռքահայ երիտասարդների հետ՝ հասկանալու համար ինչպես և ինչով են նրանք ապրում:

Նարե´, հայրենիքի ցավով ապրող հայ եսԻ՞նչ կփոխեիր այստեղ:

– Արդարացում դարձած ասացվածքը՝ որտեղ հաց, այնտեղ կաց, դարձել է հիմնավորում: Դժգոհությունն է շատ: Բոլորը խոսում են հայրենասիրությունից, բայց տարրական հոգածություն չեն դրսևորում իրենց հայրենիքի հանդեպ:

Ամենով հանդերձ՝ Հայաստանը մնում է ջերմ երկիր: Մարդիկ միշտ պատրաստ են օգնելու, ձեռք մեկնելու: Սա նկատել են անգամ իմ ռուս ընկերները՝ Հայաստան այցելելու ժամանակ:

-Նարե´, երբ հետահայաց նայում ես ապրածդ կյանքին, ի՞նչը կցանկանայիր փոխել կամ խմբագրել:

 – Կարծում եմ, որ Հայաստանից դուրս ապրելու փորձն անպայման կկրկնեի, քանի որ օտար հողում ապրելն ինձ ստիպեց նորովի հասկանալ հայրենիքի արժեքը: Ես ուզում եմ հայ լինել Հայաստանում: Այստեղ իմ վաղվա օրը արևոտ ու լուսավոր եմ տեսնում:

Ամալյա Կարապետյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

Նարե Նարե2

Scroll Up