«Թո՛ղ Հայրենիքի մեջ ապրելու բերկրանքը շատ հայեր վայելեն». իրաքահայ հայրենադարձ Սոսի Ավագյան-Պետրոսյան

Վերջին տաս տարիների ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից հայրենադարձության ճամփան բռնեցին բազմաթիվ սփյուռքահայեր, առավելապես՝  իրաքահայեր, սիրիահայեր, լիբանանահայեր, ովքեր այսօր արդեն մեր երկրի լիիրավ քաղաքացիներ են և աշխատում են կյանքի տարբեր ոլորտներում՝ իրենց բերած քաղաքակրթության, մշակույթի, արհեստի ու արվեստի շնչով հարստացնելով ու նոր գույներով հաղորդելով հայաստանյան ներկապնակին: Նրանցից մեկի՝ «Հայերն այսօր»-ի արևմտահայերենի թարգմանչուհի Սոսի Ավագյան-Պետրոսյանի հետ էլ կայացավ իմ հարցազրույցը, որը սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

-Տիկի՛ն Սոսի, Ձեր արմատների կանչն ու՞ր է տանում Ձեզ, ի՞նչ հիշողությունների ու պատմությունների ունկնդիրն եք եղել:

 –Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել՝ ինձ այս հնարավորությունն ընձեռելու համար, իսկ ինչ վերաբերում է արմատներիս, ասեմ, որ և՛ արևմտահայ են, և՛ արևելահայ: Մայրական կողմս  Յոզգաթ նահանգից է: Եղեռնից մազապուրծ մեծ հորս ու մորս որբերի հետ տարել են Լիբանան, 50-ականների վերջում աշխատանքի բերումով գաղթել են Իրաք՝ Բաղդադ, մինչև 1974-ը վերադարձել են Լիբանան: Հորս կողմը պարսկահայեր են՝ Սալմաստ գավառի Հավթվան գյուղից. նրանք 20-ականների սկզբներին հաստատվել են Բաղդադում:

-Ձեր ընտանիքը հայրենադարձվել է Իրաքից. ի՞նչ եք թողել այնտեղ՝ սե՞ր, կարո՞տ, ցա՞վ, հայի կյանքին սպառնացող մի նոր վտա՞նգ…

Իրաքում, բացի մեր ընկերներից ու ծանոթներից, մեր ամբողջ կյանքի հիշատակներն ենք թողել, նաև՝ մեր եկեղեցիները, հայկական ակումբներն ու կենտրոնները, ուր անցել են մեր երիտասարդության տարիները: Շատ եմ ափսոսում, որ այսպես մասնատված կյանք ունեցանք, երանի ավելի վաղուց եկած լինեինք:

-Որպես Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ, շառավիղ՝ ի՞նչ զգացումներ են պատում Ձեզ, ինչպիսի՞ մտորումներ եք ունենում մեր պատմության այդ դաժան էջերի մասին:

Մայրական կողմից մեծ հայրս շատ չի պատմել իր մանկության և գաղթականության մասին, բայց նրա հուշերն ինձ մոտ են, ամուսնուս հետ կփորձենք կրճատել և գրքի վերածել. շատ հետաքրքիր և ցավալի մանկութուն է ունեցել, իսկ հիշելով մորական մեծ մայրկիս՝ ամբողջ աշխարհն ասես մթագնում է, չեմ կարող մոռանալ  նրա մելամաղձոտ աչքերը, երբեմն փորձում եմ հիշողությունիցս վերացնել մեծ մորս պատմածները: Ասեմ, որ նա իր տեսած չարչարանքների և սպանությունների մասին շատ չէր պատմում, ավելի շատ որբանոցի ընկերուհիների և իր կյանքից էր պատմում: Տխրությունն ու հարազատների կարոտը խեղդում էին նրան…երբ փոքր էի, մեծ մորս պատմութունները ցասում ու զայրույթ  էին առաջացնում իմ մեջ, մինչդեռ հիմա հիշելով` ցավ ու ընկճվածություն:

-Սոսի՛, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Ձեր ազգականների շառավիղներն այսօր Երկիր-մոլորակի ո՞ր հատվածներում են բնակվում և արդյո՞ք կարողացել են պահպանել իրենց հայկական ինքնությունը:

Բարեբախտաբար, բոլոր հարազատներս պահպանել են իրենց հայկական ինքնությունը և դեռևս հայախոս են, հաճախ են այցելում Հայաստան, և գրեթե բոլորն իրենց բնակության երկրներում ազգային գործերով են զբաղված:

-Երևանում տուն եք գնել, Ձեր ամուսինը՝ շնորհալի հայորդի Վարանդ Պետրոսյանը, աշխատանք ունի, Դուք՝ ևս, իսկ Ձեր դուստր Արփին սովորում է Երևանի պետական համալսարանի լրագրության բաժնում, Ձեր ավագ դուստրը՝ Այգն, ընտանիքով ապրում է Հորդանանում, Արեն անունով հրաշալի թոռնիկ ունեք…երջանի՞կ եք, թե՞ այն լրացնելու համար դեռևս կան չիրականացած երազանքներ…

Երջանիկ եմ և հպարտ ընտանիքովս, ինչպես նաև՝ մեզ շրջապատող ընկերներով: Հայաստանում երբեք օտարություն չզգացինք. սիրալիր ընկերներ, աննման գործընկերներ ունեցող մարդն անպայման երջանիկ կլինի, նաև երջանիկ եմ, որովհետև դեռևս մանկությանս տարիներից երազել եմ Հայաստանում ապրել: Թո՛ղ Հայրենիքի մեջ ապրելու բերկրանքը շատ հայեր վայելեն, մանավանդ նրանք, ովքեր ստիպուած են եղել ինչ-ինչ պատճառներով ժամանակավորապես հեռանալ: Ինչ վերաբերում է չիրականացած երազանքներին, շատ եմ փափագում այցելել Սալմաստ և Յոզգաթ. վերջինս այցելելու քաջություն չունեմ, այդքան արյունոտ վայրեր գնալը հերոսություն եմ համարում, բայց Սալմաստ գնալու երազանքս երևի մի օր իրականացնեմ:

Այսպես էլ ավարտվեց իմ հարցազրույցը՝ հայասեր ու հայրենասեր, համեստ ու իր գործի նվիրյալ հայրենադարձ հայուհու՝ Սոսիի հետ. ցանկանք, որ նրա՝ Սալմաստ գնալու երազանքը և մեծ հոր հուշերի մասին պատմող  գրքի ստեղծումը շուտով իրականություն դառնան: Ահավասիկ, հայրենադարձության մասին ևս մի պատմություն, որը նույնպես մեծ և յուրօրինակ ներդրում է Հայրենիքում՝ հայի այս տեսակով հարստացնելով ու գեղեցկացնելով մեր կյանքը:

Կարինե Ավագյան

Scroll Up