«Իմ կյանքում լուսավոր էջ բացվեց հայրենիքում». կանադահայ հայրենադարձ Կարին Հովսեփյան
Կանադահայ Կարին Հովսեփյանը հայրենադարձվել է 2015 թվականին, այժմ նա Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանն է: Հայրենիք տեղափոխվելու հիմնական պատճառն ամուսնությունն էր:
«Հայերն այսօր»-ի հետ զրույցում Կարին Հովսեփյանը ներկայացնում է հայրենադարձման իր պատմությունը:
-Կարի՛ն, ո՞ր թվականից էր Ձեր ընտանիքը Կանադայում ապրում, ի՞նչ գործունեություն էիք այնտեղ ծավալում:
– Ծնողներս հաստատվել են Կանադայում 1973 թվականին, ես այնտեղ եմ ծնվել: Հայրս Սիրիայի Քեսաբ հայկական գյուղից է, մայրս` Աթենքից, մորական տատս Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերից է եղել: Ծնողներս ծանոթացել են Բեյրութում, իսկ 1973 թվականին հաստատվել են Մոնրեալում: Այնտեղ բավականին կազմակերպված հայկական համայնք կա: Ես սովորել եմ տեղի Սուրբ Հակոբ հայկական վարժարանում և մանկուց հայկական մշակույթը, հայոց լեզուն միշտ հոգեհարազատ են եղել ինձ: Այնուհետև սովորել եմ Մոնրեալի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ավարտելուց հետո մի քանի տարի աշխատել եմ որպես փաստաբան` տեղի փաստաբանական գրասենյակներից մեկում: Հետագայում մեկնեցի ԱՄՆ` մագիստրոսական ծրագիր ուսանելու Բոսթոնի Ֆլեթչերի դպրոցում: Ուսումնական երկրորդ տարին շարունակեցի Ժնևի համալսարանում: Դրանից հետո հասկացա, որ ուզում եմ աշխատանքս շարունակել միջազգային իրավունքի ոլորտում: Մագիստրատուրան ավարտելուց հետո` 2001-2005 թվականներին, տեղափոխվեցի Սարաևո, որտեղ սկսեցի աշխատել կամավորական հիմունքներով ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակում, այնուհետև դարձա պայմանագրային աշխատող` զբաղվելով նույն գործով:
2005-2007թթ. տեղափոխվեցի Թբիլիսի` կրկին զբաղվելով փախստականների իրավունքների հարցերով: 7 տարի աշխատելով Կանադայից դուրս` հասկացա, որ պետք է վերադառնամ այնտեղ, քանի որ մեծ փորձ էի ձեռք բերել, և ընդհանուր աշխարհայացքս էր փոխվել, բացի այդ` այնտեղ էր նաև ընտանիքս: Շուրջ 7 տարի աշխատեցի Կանադայում` միջազգային զարգացման տարբեր ծրագրերում, որոնցով Կանադան խորացնում էր իր համագործակցության շրջանակը զարգացող այլ երկրների հետ: Իմ ընտրած երկիրը Ուկրաինան էր, և ես շուրջ 5 տարի քրեական արդարադատության ոլորտում զբաղվեցի անչափահասների գործով:
– Ո՞ր թվականին տեղափոխվեցիք Հայաստան:
– Հայրենադարձվել եմ 2015 թվականին: Պատճառն ամուսնությունն էր: Ապագա ամուսինս, որին ճանաչում էի դեռ Կանադայում, հայրենադարձվել էր 1998-1999թթ.: Ամուսնանալով՝ ինձ համար Հայաստանում ընտանիք և աշխատանք ունենալու հեռանկար ստեղծվեց:
– Հայրենադարձվելուց հետո ինչպե՞ս հաղթահարեցիք մշակութային և կենցաղային տարբերությունները:
-Ես մի քանի անգամ արդեն եղել էի Հայաստանում: 1994 թվականին երբ առաջին անգամ եկա Հայաստան, զգացի, որ ինչ-որ ներքին կապ կա իմ և Հայրենիքիս միջև:
Հայաստանում հաստատվելիս՝ գիտակցում էի, որ մշակութային և կենցաղային տարբերությունները զգալի են, և ավելի հարմարավետ կյանքը փոխում եմ առավել համեստ պայմանների հետ, բայց դա իմ վերջնական որոշումն էր: Ամուսնուս հետ որոշեցինք մի շարք հետաքրքիր ծրագրեր իրականացնել Հայաստանում` գիտակցելով, որ մենք երիտասարդ երկրի զարգացման մի մասը պետք է կազմենք:
-Ինչպե՞ս սկսվեց Ձեր աշխատանքը Ֆրանսիական համալսարանում:
– Թեև որոշ ծրագրեր ունեի աշխատանքի հետ կապված, սակայն գիտեի, որ Հայաստանում աշխատանք գտնելն այդքան էլ դյուրին չի լինի: Ժամանակի ընթացքում ինձ առաջարկվեց միջազգային իրավունք դասավանդել համալսարանում: Իսկ երբ Իրավաբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնը թափուր մնաց, որոշեցի դիմել, քանի որ իմ ֆրանսերենի իմացությունը, իրավաբանական կրթությունը և աշխատանքային փորձը թույլ էր տալիս:
Դեկանի պաշտոնում նշանակվեցի 2016 թվականի սեպտեմբերի 16-ին` հայրենադարձվելուց մոտ մեկ տարի հետո: Արդեն երրորդ ուսումնական տարին է, որ աշխատում եմ: Իրենց ապագայի հանդեպ այն դրական տրամադրվածությունը, որը ես տեսնում եմ երիտասարդների աչքերում, նրանց ուսման ծարավը, մեծ խթան են ինձ համար:
-Կարի՛ն, ինչպես նշեցիք, երեք ուսումնական տարի է՝ համալսարանում եք: Ի՞նչ նոր ձեռքբերումներ եք ունեցել:
– Երբ ես ստանձնեցի դեկանի պաշտոնը, մեր համալսարանն արդեն համագործակցում էր ֆրանսիական մի շարք բուհերի հետ: Կարծում եմ, որ ես դարձա այդ լավ գործի շարունակողներից մեկը: Ձեռքբերում եմ համարում նաև ուսանողների հետ անկաշկանդ շփումը, որը կար նաև մինչ իմ դեկան դառնալը: Ինձ համար շատ կարևոր է դասախոսի և ուսանողի միջև փոխըմբռնման կապը:
Միջազգային համագործակցության առումով Ֆրանսիական համալսարանը մշտապես կապի մեջ է Լիոնի համալսարանի հետ: Միջազգային գիտաժողովների շրջանակներում համագործակցում ենք Կանադայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի հետ:
Այս տարին առանձնահատուկ էր մեզ համար: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն անցկացվեց Երևանում, ինչին մեր համալսարանն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց: Գագաթնաժողովից հետո Մոնրեալի համալսարանից, որտեղ սովորել եմ, հաղորդագրություն ստացա: Նրանք իմացել էին, որ Ֆրանսիական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի դեկանն եմ, և առաջարկել էին համագործակցություն երկու համալսարանների միջև: Սա ինձ համար շատ կարևոր ձեռքբերում է:
– Ձեր ծնողներն ի՞նչ են պատմել Հայաստանի մասին: Արդյոք շա՞տ տարբեր էին ծնողների պատմած և Ձեր տեսած Հայաստանը:
-Նշեմ, որ ծնողներս անկախությունից հետո են եկել Հայաստան, քանի որ Խորհրդային շրջանում ոչ բոլոր հայերը կարող էին գալ Հայաստան: Ինձ համար ոչ այնքան Հայաստանը, որքան հայության գաղափարն էր կարևոր: Հայաստան ասելով` մենք`սփյուռքահայերս, ավելի ամբողջական ենք հասկանում այն, այսինքն` Արևմտյան Հայաստանն էլ ներառյալ: Ապրելով Կանադայում և ծանոթանալով հայոց լեզվին և մշակույթին` ես շատ ակտիվ եմ եղել, անդամակցել եմ տարբեր հայկական ակումբներին և երիտասարդական միություններին, որտեղ մարդասիրական մի շարք ծրագրեր ենք իրականացրել հայ երիտասարդներով: Ծնողներիցս միշտ լսել եմ, թե որքան մարդասեր, սրտացավ և հյուրաասեր մարդիկ են հայերը: Ես, ծնվելով և մեծանալով Կանադայում, միշտ ինքս ինձ հարց էի տալիս, թե ո՞վ եմ ես` հայ, կանադահայ թե կանադացի. մեզ մոտ միշտ այդ երկվության հարցը կա: Առաջին անգամ գալով Հայաստան, բնականաբար, հուզվեցի: Այն պատմամշակութային վայրերը, որոնց մասին միշտ լսել էինք և տեսել միայն նկարներով, արդեն իրականում էիր տեսնում և հիանում:
-Մեր օրերում, երբ հայը հայրենադարձվում է, ի՞նչ խնդիրների առաջ է կանգնում և ի՞նչ լուծումներ է փնտրում:
-Մեծ նշանակություն ունի, թե որ երկրից ես գալիս: Եթե հայրենադարձն ապրում է բարեկեցիկ երկրում և հայրենադարձվում է, շատ ու շատ դեպքերում իր խնայողությունների հաշվին է հաստատվում Հայաստանում: Բայց երբ այդ խնայողությունները չկան, շատ դժվար է: Ոչ բոլորը կկարողանան հարմարություններով լի կյանքը թողնել և գալ ավելի նվազ հարմարություններով երկիր, չնայած որ փորձում են ամեն կերպ պահել նույն որակը: Այս ամենից զատ` պետք է նշեմ, որ ոչ մի տեղ հեշտ չէ, հատկապես, որ հետևում ես թողնում երկար անցած ճանապարհ և ամեն ինչ պետք է սկսես սկզբից:
-Կյանքի և աշխատանքի բերումով շատ եք եղել տարբեր երկրներում: Առնչություն ունեցե՞լ եք հայկական համայնքների հե: Ի՞նչ եք կարծում, Սփյուռքում ի՞նչ խնդիրներն էին նկատելի, և ինչքա՞նով է Հայաստանը կանգնած Սփյուռքի կողքին:
-Դասական Սփյուռքի երկրներում հայկական համայնքները բավականին կազմակերպված են, կարծում եմ, որ սփյուռքահայության մարտահրավերը հայի ինքնությունը սերնդեսերունդ պահպանելն է: Այսօր երիտասարդ ընտանիքներն իրենց երեխաներին ամեն կերպ փորձում են սովորեցնել հայոց լեզուն ու հայ գրականությունը, մշակույթը և պատմությունը` ուսման տալով տեղի հայկական նախակրթարաններում, վարժարաններում: Սակայն դա բավարար չէ, պետք է հայերենի ուսուցման ժամանակակից ձեռնարկներ ստեղծվեն և նոր կրթական մոտեցում` հայրենաճանաչության և հայապահպանության համար: Շատ եմ նկատել, թե որքան հին գրքերով և նյութերով են սովորում հայ երեխաները, պետք է այդ ամենը թարմացնել: Իսկ մեր երիտասարդներն էլ հաճախ նշում են, որ հայ գրականությունն ուսումնասիրելիս՝ հիմնականում առնչվում են հայ գյուղացու և գյուղական կենցաղի մասին նյութերի: Նրանց ավելի շատ հետաքրքիր է նոր Հայաստանի մասին և ներկայիս առօրյան բնութագրող պատմություններ:
Ինչ վերաբերում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ապա առաջնայինը արդիականացումն է` բազմաշերտ համագործակցության շրջանակներում:
– Եվ վերջին հարցը. 2015 թվականին երբ հայրենադարձվեցիք, զգացիք…
– Որ կյանքի մի լուսավոր էջ է բացվել …
Զրուցեց Սևադա Սաֆարյանը