«Հայրենիքը մեր թիկունքն է, մեր հույսը, մեր ամրոցը». Սիլվա Գազազյան-Ատուրյան
«Հայերն այսօր»-ի թղթակիցը պարբերաբար հանդիպում և զրուցում է Սիրիայից Հայաստանում հանգրվանած մեր հայրենակիցների հետ: Այս անգամ զրույցը հալեպահայ Սիլվա Գազազյան-Ատուրյանի հետ էր:
–Տիկի´ն Սիլվա, Ձեզ առաջին անգամ հանդիպել եմ ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած ցուցահանդես-վաճառքի օրը և չեմ մոռացել Ձեր հրաշագործ մատներով արված Վանի, Սվազի, Նորվեկեանի ասեղնագործությունները… Ումի՞ց եք սովորել, ո՞վ է եղել Ձեր առաջին վարպետ-ուսուցիչը:
– Սիրիահայ կանանց գերակշիռ մասը, գրեթե` բոլորը, գործում է, ասեղնագործում ու կարում: Նախ` ասեմ, որ դա ի վերուստ տրված շնորհ է, որը սերնդեսերունդ փոխանցվել է մեզ: Իմ վարպետներն ու ուսուցիչներն իմ հարազատներն էին. գործում, ասեղնագործում էին թե´ տատիկս, թե´ մայրս: Երեք քույր և մեկ եղբայր ունեմ. քույրերս նույնպես ունեն այդ շնորհքը:
–Որտեղի՞ց են Ձեր արմատները:
-Արմատներս Վանից են, հետագայում նախնիներս տեղափոխվել են Այնթապ, իսկ Հայոց ցեղասպանությունից հետո հանգրվանել են Հալեպում, ուր ծնվել են ծնողներս և, բնականաբար, մենք` երեխաներս:
–Տիկի´ն Ատուրյան, քանի՞ տարի է, ինչ Հայաստանում եք:
-Մոտ երեքուկես տարի է, ինչ տեղափոխվել ենք Հայրենիք: Սկզբում ընտանիքով էինք, սակայն մեր զավակները, աշխատանք չգտնելու պատճառով մեկնեցին արտերկիր: Տղաս իր ընտանիքով մեկնեց Իտալիա, հիմա ապրում է Միլանում, իսկ աղջիկս իր ընտանիքով ապրում է Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Տղաս երկու աղջիկ ունի, աղջիկս` մեկ տղա: Անչափ կարոտում ենք նրանց և սպասում ենք այն երանելի օրվան, երբ բոլորս միասին կլինենք: Ես և ամուսինս ենք մնացել Հայաստանում. ես զբաղվում եմ ասեղնագործությամբ, ամուսինս Հալեպում մեքենայի մասերի գործով էր զբաղվում, իսկ այստեղ աշխատանք չունի. թոշակի տարիքի է վաղուց, բայց թոշակ էլ չի ստանում:
–Տիկի´ն Սիլվա, Դուք ինձ զարմացնում եք. Ձեր ամուսինը չի աշխատում, Դուք միայն ասեղնագործում եք և գրեթե վաճառք չունեք, իսկ ինչպե՞ս եք գոյատևում:
-Մենք առայժմ ապրում ենք Հալեպից բերած գումարներով. Փառք Աստծո, երբեմն էլ վաճառվում են, երբ ցուցահանդեսների եմ ներկայացնում: Ահա այդպես էլ ապրում ենք. կարևորն այն է, որ Հայաստանում ենք, մեր Հայրենիքում, որ այստեղ ապահով ենք զգում, վտանգից հեռու ենք:
–Անհատական ցուցահանդես բացելու մասին մտածե՞լ եք. Ձեր աշխատանքները կատարյալ են, զարմանահրաշ, ասես` անձեռակերտ:
-Ես հոգով ու սրտով եմ ասեղնագործում, իսկ պատկերները, թեմաները, զարդանախշերն ասես երազիս են գալիս, ու ես հաջորդ օրն սկսում եմ շունչ տալ դրանց: Լավ գաղափար է անհատական ցուցահանդես բացելը, սակայն չգիտեմ` ում դիմել, ինչպես կազմակերպել. ինձ ուղղորդող և աջակցող է պետք:
– Տիկի´ն Սիլվա, այդ առումով ասեմ, որ գուցե այս հանդիպումը պատահական չէր: Առայժմ այսքանը… Գեղեցիկ են թե´ Ձեր գործերը, թե´ գործերը երիզող ինքնատիպ շրջանակները. դրանք քառակուսի կամ ուղղանկյունաձև չեն, այլ` կլորավուն, շրջանաձև, ձվաձև: Այդպիսի շրջանակներ ես տեսել եմ արևմտահայերի ընտանեկան հին լուսանկարների շուրջ:
-Դուք ճիշտ նկատեցիք. իմ գործերը դրված են շատ ինքնատիպ շրջանակների մեջ, որոնց մի մասը Հալեպից եմ բերել, մյուսները սիրիահայ վարպետ է պատրաստում:
–Ինչպես հասկացա, Ձեր գործերը հիմնականում մնում են տանը. չե՞ք կարող դրանք վաճառքի հանել Վերնիսաժում կամ էլ` հուշանվերների խանութներում:
-Այո´, հիմնականում իմ տանն են: Վերնիսաժում մի սիրիացի ընկերուհի ունեմ, նրան էի տալիս, որ դնի իր սեղանին, առանձնապես գնորդներ չկան, մարդիկ ավելի շատ կենցաղային հարցերի և սննդի վրա են գումար ծախսում: Հիմա էլ արդեն ցուրտ է դրսում, վաճառք չի լինում: Փորձել եմ որևէ տեղ հանձնել, սակայն իմ որոշած գնի կրկնակիով են դրել վաճառքի, այդ պատճառով չի վաճառվել: Ես ավելի շատ գործում, ասեղնագործում եմ, որպեսզի հոգիս հանգիստ լինի ու մտքերս խաղաղվեն… Մենք այնպիսի վիճակի մեջ չընկանք, որ մտքերը չտանջեն մեզ: Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից տարածքում մեր հալեպցիները խանութներ են բացել, ես էլ մի խանութ վերցրեցի, բայց իրեն չարդարացրեց, փակեցի: Այդ տարածքը տեսանելի չէ մարդկանց, գուցե դա էր պատճառը:
–Երբ Սիրիայում խաղաղություն լինի, կվերադառնա՞ք, կմնաք Հայաստանո՞ւմ, թե՞ կգնաք արտերկիր` ձեր զավակներից մեկի մոտ ապրելու:
-Կվերադառնանք Սիրիա` տեր կանգնելու մեր տանը, մեր կալվածքներին: Մեր տունը դեռևս կանգուն է, այն միշտ մեր երազներում տեսնում ենք, կգնանք, սակայն հեռու չենք լինի Հայրենիքից. այն մեր թիկունքն է, մեր հույսը, մեր ամրոցը: Եթե չունենայինք Հայրենիք, այս պատերազմի ժամանակ ո՞ւր պիտի գնայինք: Եկանք Հայաստան, ուր մեզ շատ լավ ընդունեցին, ոչ մի խտրականություն չզգացինք երբևէ: Հեշտությամբ հարմարվեցինք նոր կյանքին: Ես սիրով շփվում եմ նաև տեղացիների հետ, ոչ մի դժվարություն չունեմ. բոլորս էլ հայ ենք չէ՞…
–Տիկի´ն Ատուրյան, երբ ներս մտա Ձեր բնակարան, աչքիս զարնեց մի հետաքրքիր աշխատանք, որը բոլորովին նման չէ կաթնագույն կտորների վրա արված Ձեր ասեղնագործություններին. եթե գաղտնիք չէ, կասե՞ք ինչ է դա:
-Գաղտնիք չէ. դա իմ նոր աշխատանքն է, որը դեռ չեմ վերջացրել: Կաղանդի սփռոցներ ու անձեռոցիկներ եմ սկսել ասեղնագործել: Մտածում եմ, որ Կաղանդի նախօրերին գուցե ցուցահանդես-վաճառք կազմակերպվի: Այդ աշխատանքները գույնով տարբերվում են. դրանք ավելի պայծառ են, ուրախ, տոնական:
–Շնորհակալությո´ւն, տիկի´ն Սիլվա: Հուսով եմ` ոչ հեռու ապագայում մասնակցել Ձեր անհատական ցուցահանդեսին, ինչպես նաև` բոլոր սիրիահայերի հետ միասին բերկրանք ապրել Սիրիայում խաղաղության հաստատման բաղձալի լուրերից:
Կարինե Ավագյան