Սիրիահայերը նոր որակ բերեցին սպասարկման ոլորտ. ՄԱԿ ՓՀԳՀ գրասենյակ

Սիրիահայերը Նանսենի փրկած հայ ընտանիքների ծոռներն են, նրանց մոտ հայրենասիրության գաղափարը դրդում է դիմակայել Հայաստան տեղափոխվելու հետևանքով ծառացած դժվարություններին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նկատեց ՄԱԿ ՓՀԳՀ գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը:
«Ութսունականների վերջին և իննսունակաների սկզբին Ադրբեջանից գաղթած անձինք այստեղ հայտնվեցին առանց որևիցե գաղափարախոսության, փլվող, սակայն իրենց համար շատ լավ ծանոթ երկրում, այն ժամանակ չկար միջազգային հանրության ուշադրությունը: Իսկ Սիրիայից գաղթածների դեպքում, ովքեր հիմնականում բնակվել են Հալեպի հայկական գետոյում, որտեղ ֆիտնես ակումբ հաճախելը չնչին գումար արժեր, մարդիկ ունեին հրաշալի բիզնեսներ», նշեց Անահիտ Հայրապետյանը և ընգծեց, որ եթե ադրբեջանահայերին ժամանակին տրամադրվում էին հանրակացարաններ, ապա սիրիահայերի դեպքում իրենք արդեն փոխհատուցում են տան վարձի մի մասը:
ՄԱԿ ՓՀԳՀ գրասենյակի արտաքին կապերի պատասխանատուն խոստովանեց, որ Ադրբեջանից փախստականների գաղթի ժամանակ և նրանց ինտեգրացիային ուղղված աշխատանքներում թույլ են տրվել շատ սխալներ, քանի որ իրենք սկսնակ էին, նաև առկա էին բազում խնդիրներ: Անահիտ Հայրապետյանը նկատեց, որ ի տարբերություն սիրիահայերի ինտեգրման համար առկա պայմանների, նույնիսկ Իրաքի փախստականների հոսքի ժամանակ արվել էին շատ սխալներ, չկար համակարգված աշխատանքային ուղեցույց, չկար վարկային համակարգը:
«Իննսունականների սկզբին Բաքվից Հայաստան տեղահանվածները ապրել և մեծացել էին Հայաստանում բնակվողների համար գրեթե նույն միջավայրում, մեկ երկրում, որտեղ առկա էր համահարթեցման գործոնը: Սակայն Ադրբեջանից տեղահանված մարդիկ, տեղափոխվելով Հայաստան, հայտնվեցին մի կաթսայի մեջ, որտեղ համեմատաբար իրենց մոտիկ մտածելակերպի և ձգտումների մարդիկ էին ապրում, իսկ երկիրն ապրում էր Սպիտակի երկրաշարժի և Արցախյան ազատամարտի առաջին օրերը: Իսկ Սիրիայից տեղահանվածներն հայտնվեցին բացարձակապես այլ միջավայրում, և բավական էր տեղի շուկային լավ ծանոթանալ, որ նրանք այսօր կարողանային օգտագործել իրենց ձիրքն ու կայանալ այստեղ:
Նույն բանը տեղի ունեցավ խորհրդային տարիների հայրենադարձության ժամանակ», նշեց Անահիտ Հայրապետյանը: Այսօր Երևանում առավել աչքի են ընկնում ռեստորանային ոլորտում աշխատող սիրիահայերը, որոնք նոր որակ բերեցին սպասարկման ոլորտ: Սակայն, ՄԱԿ ՓՀԳՀ գրասենյակի արտաքին կապերի պատասխանատուի խոսքով, շատերը նաև հրաշալի ծրագրավորողներ են, ոսկերիչներ, վարսահարդարներ: «Իհարկե, կարծիքներ հնչում են, որ սիրիահայերի նորաբաց բիզնեսները «խփում են տեղացիների գործին», սակայն եթե տեղաբնակների բիզնեսն այդ պատճառով անկում է ապրում, նշանակում է այն չի համապատասխանում շուկայական պահանջներին: Սիրիացիներն իրենց հետ բերել են լրիվ նոր շունչ», ասաց Անահիտ Հայրապետյանը:
«Արմենպրես»-ի այն հարցին, թե Հայաստան տեղափոխված և աշխատունակ սիրիահայերից քանի՞սն են գործազուրկ, ՄԱԿ-ի ներկայացուցիչը նկատեց, որ առաջարկվող աշխատանքը շատ է, սակայն այդ մարդկանց համար ժամանակ է պետք, որպեսզի իրենք սովորեն ապրել, օրինակ, 60 հազար դրամ աշխատավարձով, երբ Սիրիայում նույն աշխատանքի համար վարձատրվում էին շատ ավելի բարձր:
«Սակայն, եթե Սիրիայում կանայք չէին աշխատում, ապա այստեղ արդեն սկսել են աշխատել, ինչը շատերի համար խիզախ քայլ է: Նրանցից շատերը հրաշալի մատնահարդարներ են, դերձակներ, խոհարարներ և նման արհեստների տերեր, որոնցով զբաղվելու համար տանից դուրս գալն անհրաժեշտ չէ», նշեց Անահիտ Հայրապետյանը: Իսկ, որպեսզի Հայաստանում ապաստան գտած անձինք կարողանան նոր պայմաններում հաջողության հասնել իրենց բիզնեսում, ՄԱԿ ՓՀԳՀ գրասենյակի արտաքին կապերի պատասխանատուի խոսքով, տրամադրվող համալիր աջակցության շրջանակում զուգահեռաբար ցուցաբերվում է նաև հոգեբանական ինտեգրման աջակցություն: