ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց իսրայելցի անվանի հայագետ, պրոֆեսոր Մայքլ Սթոունին

Նոյեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իսրայելցի անվանի հայագետ, Հրեական համալսարանին կից հայագիտական ամբիոնի հմնադիր և երկարամյա ղեկավար, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Մայքլ Սթոունին:

Նախարարը ջերմորեն ողջունելով հյուրին՝ ընդգծեց նրա մեծ վաստակը հայագիտության զարգացման ասպարեզում, ինչպես նաև վաղ քրիստոնեական բանասիրության ու աղբյուրագիտության ոլորտում նրա մենագրությունների, գիտական  ուսումնասիրությունների և թարգմանությունների կարևորությունը:

Շնորհակալություն հայտնելով Հրանուշ Հակոբյանին ջերմ ընդունելության համար՝ պրոֆեսոր Մայքլ Սթոունը տեղեկացրեց, որ թեև անցել է հանգստի, սակայն շարունակում է դասախոսական և գիտական աշխատանքները հայագիտության ոլորտում և ներկայումս Հայաստան է եկել Մատենադարանում աշխատելու իր նոր ուսումնասիրության վրա: Այն նվիրված է հայ ժողովրդի կյանքում, նրա մշակույթի և բանահյուսության մեջ Աստվածաշնչի ունեցած դերին:

Նախարարը ողջունեց պրոֆեսոր Սթոունի մտադրությունը հայագիտական հետազոտությունները շարունակելու վերաբերյալ և հույս հայտնեց, որ հանգստի կոչվելը չի պակասեցնի նրա նվիրումն իր հիմնադրած գործին:

Պրոֆեսոր Սթոունը վստահեցրեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի Հրեական համալսարանի հայագիտական ամբիոնը շարունակի աշխատանքները: Ըստ նրա, ներկայումս  ամբիոնում հայերեն է ուսումնասիրում 30 ուսանող, կան որակյալ դասախոսներ, ամեն տարի այնտեղ 6-շաբաթյա արագացված դասընթացներ է անցկացնում նշանավոր հայագետ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռասելը, հրավիրվում են նաև այլ անվանի արևելագետներ:

Այնուհետև զրույցն ընթացավ հայ-իսրայելական գիտամշակութային հարաբերությունների և ժամանակակից հայգիտության վիճակին առնչվող հարցերի շուրջ:

a-1

Scroll Up