Օշականում ավանդաբար նշվեց Մայրենիի օրը

Փետրվարի 21-ին Օշականում մեծ հանդիսավորությամբ նշվեց Մայրենիի օրը, որն ամեն տարի ավանդաբար անցկացվում է Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցեցին  ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը,  ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, լեզվաբաններ և գրականագետներ:

Ներկաներին ողջունեց և Մայրենիի օրվա առթիվ ՀՀ Նախագահի ուղերձն ընթերցեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Տոնի առթիվ միջոցառման մասնակիցներին շնորհավորեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «1999թ ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենիի միջազգային օր, որը 2005 թվականից իր արժանի տեղն ունի ՀՀ պետական տոնացույցում: Լեզուն ազգի գոյատևման հիմքն է: Պետք է պահել ու պահպանել Մայրենին: Հատկապես Սփյուռքում լեզուն հային հայ պահելու կարևորագույն գործոն է: Մայրենին անփոխարինելի է ազգային միասնությունը պահպանելու և պետականությունը զարգացնելու գործում և պետք է մշտական հոգածության առարկա լինի: Անհրաժեշտ է հասարակական գիտակցության մեջ ամրապնդել այն միտքը, որ մեր լեզուն միայն հայերիս է պատկանում, և միայն մեզնից է կախված նրա պահպանությունը, նրա մաքրությունը, նրա գործածության սահմանները:  Այդ առումով շատ եմ արժևորում երիտասարդների, երեխաների մասնակցությունն այս միջոցառմանը»:

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի շիրմաքարին:

Եկեղեցուն կից դպրատանը կայացավ Մայրենիի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում: Հայոց լեզվին նվիրված ասմունքով և երգով հանդես եկան Օշականի Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցի սաները: Ելույթ ունեցան ԵՊԲՀ-ում սովորող պարսիկ, արաբ և հնդիկ ուսանողները:

Մայրենիին նվիրված միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ՀՀ պաշտպանության նախարարության «Զորական» խումբը:

Այնուհետև միջոցառման մասնակիցներն այցելեցին Մատենադարան և ծաղիկներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի հուշարձանին:

4519 28

Scroll Up