«Ծիծեռնակների հոգիները»
Կարոտ Սասունյան
Ադանայի (Կիլիկիայի) կոտորածը
Զեյթունի դիմադրությունը
Մուսալեռան հերոսամարտը
Դեր Զորի անապատները
1915 թ. Ցեղասպանությունը
Ունեցվածքի մասին հարկն ու Աշքալեի ճամբարները
1955 թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը
Արցախյան (Ղարաբաղյան) պատերազմը
Հրանտ Դինքի սպանությունը
Սևակ Բալըքչըն
Գուրգեն Մարգարյանը…
Վերոհիշյալները մի ֆիլմից անջատված հատվածներ են… Եթե իրականությանը նայենք, կտեսնենք, որ նրանք (նկատի ունի թուրքերին և ադրբեջանցիներին-Ակունքի խմբ.) անհաջողակ են. չեն կարողանում ազատվել մեզնից… Չե’ն էլ կարողանա…
Քանզի հիմքն ամուր է:
«Արյունախում գայլերը» ամեն անգամ մեր հոգուց մեկական մասնիկ պոկելով` կարծում են, թե կոչնչանանք: Իսկ մե՞նք ինչ ենք անում: Մեր վերքին աղ ցանելով` շարունակում ենք համառորեն ապրել: Եվ շարունակելո’ւ ենք:
Նրանք չե~ն կարողանալու մեզ ոչնչացնել…
Ամեն անգամ, մի ամբողջական ֆիլմից պոկված պատառիկների նման` շարունակելու ենք այն տեղից, որտեղից փորձել են մեզ պոկել: Հիմա էլ «արյունախում գայլերը» ձգտում են ոչնչացնել «թրից պրծածներին» (նկատի ունի Ցեղասպանությունից մազապուրծ եղած և Արևմտյան Հայաստանում մնացած հայությանը-Ակունքի խմբ.): «Հոգին» միայն մեկ անգամ է հնարավոր առնել:
Մեր «հոգին» էլ 1915-ին են վերցրել: Կարծեցին, թե ոչնչացել ենք: Հաշվի չէին առել, որ մեր նմաններն ապրում են 1915 թ. սպանվածների հոգիներում: Իսկ մի՞թե հոգին մահանում է: Այդ հոգիները ծվարել են երբեմն արաբի, երբեմն թուրքի, երբեմն էլ քրդի մարմնում:
«Դարձյալ քամին ոռնում է, ցրում մեր բները, անտեր վիճակում թողնում մեզ:
Մեր նմանների ուզածը ոսկե վանդակում գոյապահպանելը չէ: Մենք ցանկանում ենք ապրել մեր Էրգրում` մեր փայտաշեն տներում, չոր հացով ու սոխով»:
Ֆիլմի ժապավենը նորից պոկվեց: Շարունակվեց Հալեպում, Դամասկոսում ու Քեսաբում: Հիմա վերստին սկսեցին քամիները փչել Սասունից, Մշից, Դիարբեքիրից ու Վանից…
Թումանյանը թող մուրճը պատրաստ պահի` դռները բացելու համար…
Իսկ մնացորդա՞ցը…
Մնացորդացը պետք է շարունակեն պահակություն անել Էրգրում…
Հարգանքով` Կարոտ Սասունյան / Տիգրանակերտ (Դիարբեքիր)
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net