Մի կյանքի պատմություն. Վիկտորյա Ռաիսյան

Մեր… հայրենի˜քը մեզնից դատարկվե˜ց:

Բայց… ո՛չ մի վայրկյան, ո՛չ մի ակնթարթ

մենք չենք դատարկվել մեր հայրենիքից:

Մե՛նք  սպանվեցինք  մեր  հայրենիքում,

բայց  հայրենիքը  մեր  մեջ  չսպանվե˜ց,

ո˜չ,  ապրում  է  նա  կրկնակի˜ կյանքով…

Պարույր Սևակ 

Հայոց պատմության էջերը լի են ողբերգություններով ու հերոսացումներով: Այդ ողբերգություններից ամենամեծն ու չսպիացողը ժամանակի մեջ մոռացության մշուշով երբեք չսքողվողն ու չսպիացողը 1915թ. եղեռնն է՝ Հայոց ցեղասպանությունը թուրք ենիչերիների կողմից: Նախապես ծրագրված ու կազմակերպված այդ նախճիրին զոհ գնացին միլիոնավոր հայեր և խեղվեցին անհամար ճակատագրեր… Ճակատագրեր, որոնք, երևի թե, այլ կերպ կդասավորվեին և այլ կերպ կընթանային, եթե իրենց բնականոն ընթացքից չշեղեին: «Ավետյաց երկրի» կարոտը սրտերում՝ հայ ժողովրդի բնավեր եղած «արոսները» բույն հյուսեցին աշխարհի տարբեր երկրներում, և հսկայացավ, ահագնացավ Սփյուռք կոչվող բառն ու տարածքը: Հանգրվանելով Սփյուռքի հայկական տարբեր գաղթօջախներում՝ նրանցից շատերը հետագայում թևեցին դեպի Մայր Հայաստան: Առաջին շոգենավերը՝ առաջին ծիծեռնակները Հայրենիքում, ավետեցին նոր կյանքի սկիզբը. մարդիկ դարձան իրենց մնացած ու հետագա կյանքի, ճակատագրի տերը:

Վիկտորյա Փափազյան-Ռեսյանը (Ռաիսյանը) մեկն էր նրանցից, ով ծվարեց և նոր բույն հյուսեց Հայրենիքում: Վիկտորյա մայրիկը ծնվել էր 1915թ. Հալեպում, տիգրանակերտցի հայտնի քանդագակործ Մկրտիչ Փափազյանի և Օվսաննա Փափազյանի ընտանիքում: Եգիպտոսում կանգնեցված Նուբար Փաշայի արձանի հեղինակը նրա հայրն է՝ Մկրտիչ Փափազյանը: Վիկտորյան, ավարտելով Լաթաքիայի միջնակարգ երկսեռ դպրոցը, այնուհետև սովորել էր Բեյրութի հայկական ճեմարանում, որի տնօրենն այդ տարիներին Նիկոլ Աղբալյանն էր, իսկ փոխտնօրենը՝ Լևոն Շանթը: Ուշիմ ուսանողուհին, աշակերտելով Լևոն Շանթին, փառահեղ գիտելիքներ է ստանում՝ սովորելով ու տիրապետելով չորս լեզվի: Լևոն Շանթի աչքից չի վրիպում խելացի և ընդունակ աղջիկը. իմանալով, որ ծնողներ չունի, Շանթը ցանկություն է հայտնում որդեգրելու նրան, սակայն աղջիկն ապրում էր հորեղբոր՝ Գրիգոր Փափազյանի մոտ, և Շանթի ցանկությունը մնում է որպես բարի հիշողություն: Ինքը՝ Վիկտորյան, պարզորոշ հիշում էր խստապահանջ և միևնույն ժամանակ անչափ բարի ուսուցիչներին ու հպարտանում նրանց սանը լինելու փաստով: Աղջիկն օժտված էր ի վերուստ տրված հրաշալի ձայնով, երգում էր իր նախնյաց երգերը, ուներ նաև նկարելու մեծ շնորհ, նկարում էր իր պապերի երկիրը, որը երազ էր աղջկա համար, գեղեցիկ հեքիաթ, առասպել: Երուսաղեմում Վիկտորյան իր ճակատագիրն առհավետ կապում է Սարգիս անունով մի սքանչելի մարդու հետ՝ նրա հետ անցնելով կյանքի դժվարին բոլոր տարիները:

Սա՛ է իմ հերոսուհու՝ Վիկտոր տատիկի համառոտ կենսագրությունը, ում հանդիպեցի տարիներ առաջ և գրի առա ամենը, ինչ պատմեց նա… Սրանք չոր փաստեր են միայն, իսկ նրա կյանքի ոդիսականն իրականում հուզիչ մի պատմություն է՝ շաղախված որբության՝ անհայրության և անմայրության փշոտ օրերով, որոնց մասին խոսելիս ալեհեր հայուհին մանկան պես լաց էր լինում՝ սրբելով աչքերից գլորվող արցունքների հեղեղը: Պատմում էր մանրամասնորեն, զարմանալիորեն շարահյուսված հերթականությամբ, գեղեցիկ ու երգեցիկ արևմտահայերենով: Երբեմն կրկին ետ էր գնում մտովի, քանդում հուշերի կծիկը, որը մեզ տանում էր 1915թ. եղերական այն օրերը, երբ կեռ յաթաղանին զոհ էին գնում անմեղ մարդիկ՝ ծեր ու ջահել, աղջիկ ու հարս, մայրեր, հայրեր ու զավակներ…

Պատմում էր իր ամուսնու՝ Սարգիս Ռեսյանի (նրանց Ռաիսյան են վերանվանել Խորհրդային Հայաստանում հանգրվանելուց հետո) գերդաստանի ողբերգական պատմությունը, որը Վիկտորյան լսել էր հրաշքով ողջ մնացած Մարիամ սկեսրոջից. «148  հոգու  մի  գերդաստանից  ոչնչացնում  են  մութ  գիշերով՝  հրդեհի  բոցերի  մեջ կիզելով աղեկտուր ճչացող մանուկներին ևս… Չեն խնայում հղիներին, հաշմանդամներին: Ոչնչացնելով մի շեն գերդաստան՝ թալանում են մեր ունեցվածքը ևս: Հրաշքով ողջ մնացածներից ես էի ու Սարգիս զավակս: Այդ գիշեր, մեր թուրք հարևանը, որի կինը հայուհի էր, ամուսնուց իմանալով ծրագրվածի մասին, ինձ կանչում է իրենց տուն՝ հաց թխելու, Սարգիսս ինձ հետ էր: Հենց նույն այդ գիշեր էլ հրո ճարակ են դարձնում մեր ողջ գերդաստանը: Հաջորդ օրը, մեր կոշիկների մեջ ոսկիներ թաքցնելով, Մարիամ բաջին իր ամուսնու հետ ծպտելով մեր ինքնությունը ոչ հայկական հագուստներով՝ հանում է մեզ Տիգրանակերտից»:

Հետագայում 7 որդիներ՝ 2 աղջիկ և 5 տղա ծնած Վիկտորյան, լիարժեք ապրելով մայրության բերկրանքը, ինչ-որ ձևով սպեղանի է դնում իր որբության վերքերին: Ամեն ինչ կարծես գնում էր իր հունով, սակայն Հայաստան անունը հանգիստ չէր տալիս Պատմական Հայրենիք կորցրած Սարգիս Ռեսյանին, ով այդ տարիներին ներգաղթի կոմիտեի անդամ էր…

1947թ. «Պոբեդա» շոգենավը խարիսխ է գցում Սև ծովի ափերին. ցնծում էին տարագիր հայերը: Նրանց շուտով տեղավորում են Հայաստանի տարբեր շրջաններում: Ռեսյանների ընտանիը բնակություն է հաստատում Վեդիի շրջանի Այգեվան գյուղում: Ծուխ է ելնում նրանց օջախից, երեխաների աշխույժով են լցվում տունն ու ճերմակ հագած բալենիների այգին: Հետագայում տեղափոխվում են Երևան: Եվ այսպես շարունակվում էր կյանքը՝ ուրախություններով ու տխրություններով, մահերով ու ծնունդներով…  Մեծանում են երեխաները, դառնում հայրեր ու մայրեր, տատիկներ ու պապիկներ, իսկ Վիկտորյա տատիկը, ճակատի ակոսներում ու դեմքի խորշոմներում անթեղած իր կյանքի բոլոր դառնությունները, թևերը մայր թռչունի պես փռած երեխաների, թոռների ու ծոռների վրա, վայելում էր խոր ու անխռով թվացող Արարչի կողմից տրված ծերությունը («… Ա˜խ, ապրեին Կարոս, Եղիաս, Գևորգս, որոնք մահացան սովի ու հիվանդության պատճառով»):

Միակ երազանքը հեռավոր Ամերիկայում բնակվող Պողոս որդուն գեթ մեկ, գուցեև՝ վերջին անգամ տեսնելն էր…

… Ալեզարդ հայուհին ասեղնագործում էր մարգարտաշար, ասես անձեռակերտ՝ հյուսում էր իր կյանքի առասպելը, կարդում էր հայ ու ռուս դասականների հատորները, ով գիտե՝ որերորդ անգամ վերընթերցում «Աստվածաշունչն» ու մրմնջում. «Հայր մեր, որ յերկինս ես, Սուրբ եղիցի անուն քո…»:

… Հանգավ հայոց պատմության մագաղաթ դարձած նշխարներից մեկը, ով այսօր կբոլորեր իր 100 տարին, հանգավ՝ շուրթերին լուսահոգի ամուսնու անունն ու երազանքի մրմունջը՝ «Մենք պիտի երթանք մեր տուն, մեր անուշ հող»:

 

Կարինե  Ավագյան

unnamed (5) unnamed

Scroll Up