ՀՀ սփյուռքի նախարարը պաշտոնական հանդիպումներ ունեցավ Շվեդիայի պետական և քաղաքական կառույցներում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/10/h1.jpg)
Այցի վերջին օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մի շարք պաշտոնական հանդիպումներ ունեցավ Շվեդիայի պետական և քաղաքական կառույցներում։
Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպումը Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմի հետ։ Ողջունելով նախարար Հրանուշ Հակոբյանին՝ նա իր գոհունակությունը հայտնեց, որ վերջին շրջանում հայ-շվեդական համագործակցությունը նկատելի զարգացում է արձանագրել՝ նշանավորվելով ամենաբարձր մակարդակով ակտիվ երկխոսությամբ, դեսպանությունների բացմամբ, բազմաբնույթ համագործակցության սերտացմամբ:
Նախարարը հայտնեց հայկական կողմի շահագրգռվածությունը Շվեդիայի հետ համընդգրկուն համագործակցության զարգացման վերաբերյալ, ինչը պայմանավորված է ոչ միայն քաղաքական կամ տնտեսական շահերով, այլև առաջին հերթին արժեքային ընդհանրություններով։ Տիկին Հակոբյանը կարևորեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում բարեկամ երկրների և, մասնավորապես, Շվեդիայի գործուն աջակցությունը և կառուցողական դերակատարումը՝ ընդգծելով, որ հայկական կողմը շնորհակալ է Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությանը համապատասխան քաղաքական գնահատական տալու համար։
Կողմերն անդրադարձան սիրիական ճգնաժամի հետևանքով փախստականների վերածված սիրիացիների ներկա վիճակին, մտքեր փոխանակեցին երկու երկրներում փախստականների զգալի հոսքերի կապակցությամբ ձեռնարկվող գործողությունների, ինչպես նաև այդ ոլորտում համագործակցության հնարավորության մասին։
ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպեց նաև Շվեդիայի միգրացիայի հարցերով պետքարտուղար Լարս Վեստբրատի հետ։ Քննարկվեցին Շվեդիայում ապաստանած սիրիահայերի հիմնախնդիրները, դրանց լուծման նպատակով համագործակցության հեռանկարները։ Նախարար Հակոբյանը ներկայացրեց Հայաստանում Սիրիայից ժամանած փախստականների համար իրականացվող ծրագրերը, մտքեր փոխանակվեցին փախստականների ընդունման ոլորտում երկու երկրներում առկա հարուստ փորձի փոխանակման հեռանկարների վերաբերյալ։
Շարունակելով պաշտոնական հանդիպումները՝ նախարար Հակոբյանը հանդիպեց Շվեդիայի Կրոնական համայնքներին աջակցության կառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Օկե Յորանսոնի հետ։
Վերջինս մանրամասն ներկայացրեց կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև հայ եկեղեցական համայնքի հետ մինչ օրս ունեցած գործակցության ծրագրերը։ Երախտագիտություն հայտնելով Սյոդերթելյեի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու ձեռք բերման հարցում ցուցաբերված զգալի ֆինանսական աջակցության համար՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Շվեդիայի բոլոր հայաշատ քաղաքներում հիմնվել և գործում են եկեղեցական խորհուրդներ, որոնք մեծ աշխատանք են տանում համայնքի անդամների հոգևոր և մշակութային կյանքի կազմակերպման համար, ինչը դժվար կլիներ առանց Շվեդիայի կրոնական համայնքների աջակցությունը կառավարական հանձնաժողովի ակտիվ աջակցության և հովանավորության։ Նախարարը հույս հայտնեց, որ այդ աջակցությունը կկրի շարունակական բնույթ։
Այնուհետև նախարար Հակոբյանը հանդիպեց Շվեդիայի քրիստոնեական խորհրդի նախագահ, պատվելի դոկտոր Կարին Վիբորնի հետ, ով զգալի աջակցություն է ցուցաբերել հայ համայնքին տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք հոգևոր-մշակութային միջոցառումների կազմակերպման հարցում։ Ողջունելով նախարարին՝ Դոկտոր Վիբորնը ընդգծեց, որ Շվեդիայի հայ եկեղեցական համայնքն ունի իր ուրույն տեղն ու դերը երկրի կրոնական կյանքում: Նա նշեց, որ Հայ եկեղեցական համայնքին հաջողվում է եկեղեցասիրության ոգով կազմակերպել և դաստիարակել իր հավատացյալ զավակների կյանքը։
Նախարար իր գոհունակությունը հայտնեց շվեդահայ համայնքի եկեղեցական կազմակերպություների և Շվեդիայի քրիստոնեական խորհրդի միջև ձևավորված սերտ գործակցության կապակցությամբ՝ կարևորելով Խորհրդի շարունակական օգնությունը համայնքի հոգևոր և ծիսական կյանքի հավուր պատշաճի կազմակերպման գործին։ Նախարարը նաև հայկական կողմի երախտագիտությունը հայտնեց այս տարվա ապրիլի 24-ին Ստոկհոլմի Ստուրշիրկա մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման էկումենիկ արարողության կայացմանը ցուցաբերված մեծ աջակցության համար։
Երեկոյան սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնեց Ուպսալա քաղաք, որտեղ մոտ կես դար առաջ ձևավորվել է շվեդահայ համայնքը։ Ուպսալայի քաղաքային թատրոնի մայր սրահում նախարարը հանդիպում ունեցավ համայնքի հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստան-Սփյուռք փոխգործակցության զարգացման հեռանկարները, համայնքին հուզող այլ հարցեր։