Լիբանանահայ երիտասարդը ցանկանում է կրթությունը շարունակել Հայաստանում

Երեւանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը արդեն երկրորդ տարին է, ինչ կյանքի է կոչել «Հայագիտություն» մագիստրոսական ծրագիրը ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի շրջանակներում: Ծրագրի նպատակն է հայոց լեզվի եւ գրականության, հայոց պատմության ուսուցիչներ պատրաստել Սփյուռքի հայկական դպրոցների համար: Այսպիսով` սովորելով այս մագիստրոսական ծրագրում` սկսնակ մասնագետը հնարավորություն է ստանում հնարավորինս հավասարաչափ տիրապետել ե´ւ բանասերի, ե´ւ պատմաբանի մասնագիտություններին:

Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը  նոր մագիստրոսական ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի վճարում է վեց ուսանողի վարձը` հնարավորություն ընձեռելով Սփյուռքի տարբեր համայնքներից եկած ուսանողներին անվճար եւ որակյալ ուսում ստանալ հայրենիքում:

Ահա այս մասգիստրոսական ծրագրում է սովորել ցանկանում նաեւ Հրայր Եսայանը, ով եկել է Լիբանաից: Հրայրը հիմա հայրենիքում է՝ մասնակցելու «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողական դասընթաներին, քանի որ ինքն էլ լրագրող է, սակայն միայն լրագրությունը չէ, որ հետաքրքրում է նրան: «Լիբանանում բակալավրիատը ավարտելուց հետո՝ սկսեցի հայագիտություն ուսումնասիրել տեղի Հայկազյան համալսարանում: Այնտեղ ծրագիրը ներառում էր հայոց պատմություն, մշակույթ, հայոց լեզու եւ գրականություն առարկաները, այսինքն` այն ամենը, ինչ վերաբերում է հայագիտությանը: Սակայն գիտելիքները ավելի շատ ընդհանրական էին, եւ ցանկություն առաջացավ ավելի խորանալ այս ուղղության մեջ»,- նշում է Հրայրը:

Ահա այս մղումն էլ դրդել է նրան դիմել «Հայագիտություն» մագիստրոսական ծրագրին եւ ուսումը շարունակել Մայր բուհում: Սակայն Հրայրը ցավով է նշում, որ Լիբանանում քչերն են հետաքրքրված հայագիտությամբ: «Մեկին գիտեմ, ով ուզում է գալ, կատարելագործել իր գիտելիքներն այս ոլորտում: Սակայն ամբողջ Լիբանանում հազիվ գտնեք 7-8 ուսանողի, որ հայագիտությամբ է հետաքրքրված կամ ուսումնասիրում է: 3-4 տարի առաջ նրանց թիվը ավելի սակավ էր, որովհետեւ մասնագիտությունը պահանջված չէ»,- ասում է Հրայր Եսայանը:

Իսկ Հայաստանում ուսումը չշարունակելու պատճառներից մեկն այն է, որ Հայկազյան համալսարանում արդեն իսկ կա այդ ուղղությունը եւ երկրորդ` դժվար է լիբանանահայ ուսանողի համար այստեղ կրթությունը շարունակելը: Հրայրը հպարտ է իր որոշման համար ու հատուկ տոնով է նշում, որ չնայած հայագիտության հանդեպ իր առանձնակի հետաքրքրությանը` չի մոռանում նաեւ լրագրության մասին եւ փորձում է հավասարապես զբաղվել երկուսով էլ: Պատահական չէ, որ մասնակցում է Սփյուռքի լրագրողների դասընթացներին և  ցանկանում կատարելագործել իր լրագրողական հմտություններն ու գիտելիքները: «Դասընթացների ընթացքում շփվում ենք Սփյուռքի տարբեր համայնքներից եկած այլ լրագրողների հետ, արդյունավետ ու մեզ համար օգտակար զրույցներ ենք ունենում, տեղի է ունենում մտքերի եւ փորձի փոխանակում, լսում ենք մասնագետներին ու նրանց խորհուրդները»,- նշում է Հրայրը: Նա նկատում է, որ դասընթացների թեմաները շատ համարժեքորեն են բաշխված` տալով համապարփակ գիտելիքներ տարբեր ոլորտներից: Այս ամենը նրան իր հետագա աշխատանքում առավել քան պետք կգա, որովհետեւ գիտի, որ լրագրությունը քարացած գիտություն չէ, անընդհատ փոփոխվում է, փոփոխվում են նաեւ պահանջները: «Հիմա գեղարվեստական-գրական շեղումներն այլեւս չեն ընդունվում: Տեղեկատվությամբ հագեցած ու անաչառ լրագրությունն է պահանջված»,- նշում է երիտասարդ լրագրողը:

Հաջողություններ մաղթենք Հրայրին՝ համալսարանական կրթական ասպարեզում, եւ հուսանք, որ այստեղ ձեռք բերած գիտելիքները հետագայում կփոխանցի նաեւ իր սաներին:

Ամալյա Կարապետյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

Scroll Up