Գոգո Պալեան. «Կյանքիս մեջ այսչափ չէի հուզվել…»

Օրերս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բազմավաստակ ՀՄԸՄ-ական, ՀՄԸՄ կենտրոնական վարչության նախկին անդամ Գոգո Պալեանին մեծ հանդիսավորությամբ հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագիր, ինչպես նաև պարգևատրեց նախարարության «Ոսկե մեդալով»:

Երբ հանդիպումից հետո փորձեցի զրուցել Գոգո Պալեանի հետ, նա ժպտալով ասաց, որ չի սիրում խոսել: Սկզբում մտածեցի, որ համեստություն է անում: Սակայն զրույցի ընթացքում արդեն հասկացա, որ խոսակիցս իրավացի էր… Որքան էլ փորձեցի տարաբնույթ հարցերով «խոսեցնել», ստացվեց միայն այն, ինչը մենախոսության տեսքով ներկայացնում եմ ստորև.

– Չեմ կարծում, որ ՀՀ քաղաքացու անձնագիրը ուշացած է, գուցե պետք է ավելի կանուխ անեի, բայց… ինչպես ասում են, ուշ լինի` նուշ լինի:

Միշտ էլ ցանկացել եմ ՀՀ քաղաքացի դառնալ, բայց ինչպես կյանքում հաճախ է պատահում, շատ բան հետաձգում ես, ասում` վաղը կանեմ, վաղը կանեմ ու այդպես` ամեն օր: Կարծում եմ` ամեն ինչ իր ժամանակն ունի:

Իսկ Սփյուռքի նախարարության «Ոսկե մեդալը» շատ անակնկալ էր ինձ համար: Նախարարն ինձ անակնկալի բերեց, չէի սպասում, իսկապես շատ-շատ զգացված եմ:

Գիտեի, որ նախարարություն եմ գալու անձնագիր ստանալու, բայց որ այլ անակնակալ էլ է ինձ սպասվում` մտածել անգամ չէի կարող: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարին, շատ զգացված եմ, կյանքիս մեջ այսչափ չէի հուզվել…

Ես սփյուռքում եմ ծնվել, սփյուռքում մեծացել, որտեղ մեզ համար ամենակարևորը եղել է հայ մնալը, մեզի հայ պահելը: Եվ առ այսօր հայապահպանությունը առաջնակարգ գործ է եղել ինձ համար, շատ-շատ սփյուռքահայերի համար:

Ծնվել եմ Լիբանանում, 1962 թվականին ընտանիքս տեղափոխվել է Ամերիկա: 52 տարի է` ապրում եմ Ամերիկայում և առ այսօր հայերեն եմ խոսում, գրում, կարդում:

Իսկ այսօր Լիբանանից, Հայաստանից Ամերիկա եկած հայերը տասը տարի հետո երրորդ, չորրորդ բառն անգլերեն են օգտագործում: Սա ավելի շատ ձևականություն է, որը, սակայն, ժամանակի ընթացքում ապրելաձև է դառնում:

Ինձ համար լեզուն շատ կարևոր է: Այսօր մենք հայրենիքը թողել ու Սփյուռքում ենք ապրում: Եթե լեզուն էլ կորցնենք, հետո ի՞նչ է լինելու:

Թե ինչպիսին եմ ես այսօր, նախևառաջ ընտանիքիս եմ պարտական: Ինչպես ասացի, Ամերիկայում ապրում ենք 52 տարի, ծնողներս երբեք անգլերեն բառեր չեն օգտագործել  ինձ, եղբորս, քրոջս հետ խոսելիս:

Իսկ երկրորդ ընտանիքս, դպրոցս եղել է ՀՄԸՄ-ը: Շատ բան կը պարտիմ այս միությանը: ՀՄԸՄ-ը մեծ դեր է կատարում Սփյուռքի մեջ: Այսօր երիտասարդների զբաղումը փոխվել է. համացանցը, սոցկայքերն են նրանց հիմնական հետաքրքրությունը: Իսկ ՀԸՄԸ-ը շատ մեծ դեր է խաղում այս առումով` փորձելով երիտասարդներին զբաղեցնել մարզական կամ սկաուտական  ծրագրերով:

Հայաստանում հայապահպանության խնդիր չկա, իսկ Սփյուռքում մեծ խնդիր է հայ մնալը, հայկականությունը պահելը:

Հայաստանում մասնավոր աշխատանք չեմ կատարել: Միայն օգնել եմ «Եվրոպա» հյուրանոցի ներքին հարդարանքի հարցում: Ու չգիտեմ, թե նախարարուհին ինչպես այդ մասին գիտեր (ժպտում է-հեղ.): Ամերիկայում դիզայներական ընկերություն ունեմ, ցանկություն կա Հայաստանում գործ դնելու,  չեմ գիտեր, թե ինչու մինչև օրս  չեմ արել:

Տիկնոջս` Արմինեի հետ հաճախ ենք խորհում Հայաստան վերադառնալու մասին. խոսելը մի բան է, գործելը` մեկ այլ բան: Ի դեպ, Արմինեի հետ Հայաստանում եմ ծանոթացել` Բյուրականում: Նրա շնորհիվ է նաև, որ ես այսօր ՀՀ քաղաքացի դարձա և ավելի կապվեցի Հայաստանին:

Լուսինե Աբրահամյան

IMG_4065-1 IMG_4077-1

Scroll Up