«Արվեստում գեղեցիկը հին ու նոր չունի. պետք է գնահատել ու պահպանել այն». Ներսես Կիրակոսյան

Հայի տաղանդավոր  միտքն  արարող է մեր կյանքի գրեթե բոլոր բնագավառներում, և  սահմաններ ու սահմանափակումներ չի ճանաչում. այն թևածում է  նույնիսկ այնտեղ, ուր, թվում է, թե վերջանում  է ամեն մի հնար: Բազմաշնորհ  հայորդիներից շատերը, ճակատագրի  բերումով ցրվելով աշխարհով մեկ, միևնույն է, ամենուր դառնում են հայի ու  Հայաստանի յուրօրինակ այցեքարտը, արտացոլումը մեր էության, արձագանքը մեր հոգու  կանչի և մեղեդին ու գույնը Հայրենիքի:

Դոնի  Ռոստովից   ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված նկարիչ-քանդակագործ Ներսես Կիրակոսյանը մեկն է այդ  շնորհալի հայորդիներից, ում հետ ունեցած հաճելի զրույցը « Հայերն այսօր»-ի խմբագրասենյակում վերածվեց   յուրօրինակ միջոցառման՝ համեմված Ներսեսի գեղանկարների, քանդակների լուսանկարներով  և  նրա ստեղծագործած «Կարոտ» անվանումով հրաշալի մեղեդու առինքնող ելևէջներով:

13 11201872_423917994458342_8078553418731978946_n

«17 տարի չեմ եղել Հայաստանում, աննկարագրելի է կարոտիս չափը: Ծնունդով Ջավախքի  Բոգդանովկայի շրջանի Դիլիվ գյուղից եմ, գրեթե նույնքան տարի էլ չեմ եղել իմ ծննդավայրում, սակայն հոգով, սրտով, իմ ողջ էությամբ կապված եմ Հայրենիքիս, ծննդավայրիս, արմատներիս. երևի ամբարված կարոտս էլ կդառնա  մշտական վերադարձիս հիմնաքարը: Հայաստանից դուրս էլ ես մշտապես ստեղծագործական աշխատանքի մեջ եմ, զուգահեռաբար կապի մեջ եմ Հայաստանում ապրող իմ արվեստագետ  ընկերների,  հարազատների հետ, մշտապես հետաքրքրվում ու ապրում եմ հայաստանյան մշակութային կյանքով: Ես նկարում եմ,  քանդակում, երաժշտություն  ստեղծում… ուրեմն՝ ես կամ, ես ապրում եմ. սա՛ է իմ  մեծ աշխարհը, իմ ապրելու կերպը, իմ առաքելությունն այս աշխարհում:

…Արցախյան  առաջին պատերազմի ավարտից հետո եմ  գնացել Հայաստանից. դժվար տարիներ էին, գործ չկար, մեկնեցի ՝ աշխատելու նպատակով   ու  մնացի: Երևանում ավարտել եմ Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանի քանդակի բաժինը: Ուսուցիչս եղել է հանրաճանաչ, շատ սիրված ու հարգված քանդակագործ Յուրի Մինասյանը. ես միշտ հպարտանում եմ իմ ուսուցչով: Ծառայել եմ հայոց բանակում: Դոնի Ռոստովում սկզբում զբաղվել եմ շինարարական աշխատանքներով, զբաղվել եմ նաև ինձ   շատ հոգեհարազատ գործով՝ քանդակագործությամբ: Քանդակներս անհատների  տներում են դրված, և ես չկարողացա ինձ հետ բերել ու ներկայացնել ցուցահանդեսում: Ինձ  հոգեհարազատ են թե՛ քանդակագործությունը, թե՛ գրաֆիկան, թե՛ գեղանկարչությունը: Անհատական ցուցահանդեսներ Դոնի Ռոստովում չեմ ունեցել, ավելի շատ պատվերային գործեր եմ  արել, իսկ Երևանում, մայիսի 29-ին բացվեց իմ առաջին անհատական ցուցահանդեսը, որի  կազմակերպչական հարցերով ինձ օգնեցին ընկերներս, և մինչև իմ գալն արդեն ամեն ինչ պատրաստ էր, բոլոր  խնդիրները լուծված էին,  որի  համար հոգաչափ շնորհակալ եմ բոլորին: Շատ շնորհակալ եմ նաև սրահն ինձ տրամադրող «Կարլ Լևոնի» Արտ-սրահի տնօրեն Կարլեն Լևոնիչին:

1 2 3 14

Երկու առաքելությամբ եմ Հայաստանում՝ ցուցահանդես բացելու և Դոնի Ռոստովի «Լիանա Պետրոսյան, Մարթա Թամամյան և ընկերներ» երիտասարդական կառույցի կողմից կազմակերպված  բարեգործական համերգից ստացված հասույթը փոխանցելու  ապրիլյան  պատերազմական գործողությունների ընթացքում   զոհված մեկ զինվորի ընտանիքի և մեկ վիրավոր զինվորի:  Հայաստանում և  արդեն Դոնի   Ռոստովում էլ  ճանաչված դերասանուհի, Դոնի  Ռոստովի  վերոնշյալ կառույցի կողմից լիազորված ներկայացուցիչ Արևիկ Օրբելյանի հետ մենք եղանք «Կարմիր խաչի վերկանգնողական կենտրոն»-ում, դրամական օգնություն հանձնեցինք այնտեղ բուժում ստացող վիրավոր զինվոր  Անդրեյ Վարդումյանին  և Ապարանի Վարդաբլուր գյուղից զոհված Միշա Աղաջանյանի ընտանիքին:  Ես ընդամենը հանձնողի դերում էի և օգնում էի Արևիկ Օրբելյանին: Իհարկե, էականը դա չէ, այլ այն տպավորությունը, որը մենք ստացանք այդ  ընտանիքներին հանդիպելիս, վիրավոր զինվորի հետ ունեցած մեր զրույցից: Ես խոնարհվում եմ մեր քաջարի տղաների և նրանց ծնողների առջև: Հիացած ու զարմացած եմ վիրավոր զինվորի զուսպ, հանգիստ պահելաձևից. այնպես էր   խոսում, ասես ոչինչ էլ չի արել, ոչինչ էլ չի պատահել իր հետ և պատրաստ է ժամ առաջ գնալ առաջնագիծ: Ես իմ աշխատանքներում անպայման պետք է անդրադառնամ այդ թեմային. այդպիսի մի նկար արդեն  ունեմ:

IMG_9393 MVI_9203[(000519)20-22-41] MVI_9207[(000605)11-19-43] MVI_9214[(000553)20-29-18]

13414466_888775547918914_740665369_n 13434122_888775551252247_761758903_n

Արվեստը, մշակույթը պետք է մշտապես լինեն ժամանակի շունչն ու արտացոլքը: Ինձ համար այս երկու առաքելություններն էլ իրարամերժ զգացումներ առաջացնող  գերագույն նպատակ են. ցուցահանդեսն ինչ-որ իմաստով տոնախմբություն է, իսկ պատերազմի զոհերն ու վիրավորները՝ հոգիս սպանող տխրություն ու անսահման ցավ, նաև՝ հպարտություն մի սերնդի, որին մենք լավ չէինք ճանաչում. նրանք արեցին այն, ինչ բնորոշ է  հասուն և փորձառու  զինվորականին: Արցունքոտ աչքերով քայլում էի Երևանիս փողոցներով….Դոնի Ռոստովի հայորդիների հետ մենք էլ էինք որոշել այդ օրերին մեկնել Արցախ ու կանգնել մեր զինվորների կողքին, սակայն մեզ ասացին, որ կամավորները շատ են և ճանապարհից ետ են վերադարձնում, կարիք չկա,որ գնանք: Աստված չանի, եթե նորից վերսկսվեն պատերազմական գործողությությունները, մենք պատրա՛ստ ենք: Հայ մարդը՝ նկարիչ, բանաստեղծ, թե ՝ հոգևորական, առաջին հերթին զինվոր պետք է լինի: Չմոռանամ ասել,որ ցուցահանդեսին ներկայացրած աշխատանքներիցս ոչ մեկը Հայաստանից դուրս չի գալու: Արդեն ծրագրում եմ հաջորդ ցուցահանդեսը:

…Քայլում եմ քաղաքի   փողոցներով, հիանում եմ գեղեցիկ Երևանով, սակայն տխրում եմ, երբ տեսնում եմ, որ թամանյանական ճարտարապետությունն աղավաղվում է, որ հին, զարդանախշ շինությունները գրեթե վերացել են: Արվեստում գեղեցիկը հին ու նոր չունի, պետք է գնահատել ու պահպանել այն»:

Կարինե Ավագյան 

000 0 98 IMG_0079

Կարինե Ավագյան

Scroll Up