«Հասակակիցներս ժպտերես են ու մարդամոտ». «Արի տուն-2016» ծրագրի մասնակից
«Ծրագրի մասին առաջինը հայրիկս է տեղեկացել ու ինձ էլ խորհուրդ տվել՝ մասնակցել: Ոգևորությունս այնքան մեծ էր, որ միանգամից ցանկացա մասնակցել»,- «Արի տուն» ծրագրի 2016 թվականի առաջին փուլի բացման հանդիսավոր արարողության ժամանակ «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց տասնչորսամյա Ագապի Տեր-Ավետիսյանը և հավելեց, որ ամեն տարի ամռանը Ռիգայից շրջագայելու նպատակով Հայաստան է գալիս: Այս տարվա այցելությանը սրտի թրթիռով է սպասել, քանի որ բոլորովին այլ խորհուրդ ունի իր համար: Հայաստանում ամենասիրելի վայրը Տաթևի վանքն է, որտեղ պատրաստ է նորից ու նորից վերադառնալ:
Լատվիայում Ագապին երեք տարի պարի է հաճախել, որին հաջորդել են կարատեի պարապմունքները (փոքր հասակից սեր է ունեցել կարատեի նկատմամբ), զուգահեռ նաև երգչախմբում է երգում:
Լատվիայի հայ համայնքում հայապահպանությանն ուղղված տարբեր միջոցառումներ են իրականացնում, որին ինքն էլ պարբերաբար փորձում է մասնակցել:
Խոսելով «Արի տուն» ծրագրի մասին՝ Ագապին տեղեկացրեց, որ ուզում է հնարավորինս շատ վայրեր այցելել, ծանոթանալ հայկական ավանդույթներին, գնալ այնպիսի վայրեր, որտեղ նախորդ այցելությունների ժամանակ չի հասցրել լինել:
Իսկ Սփյուռքի տարբեր համայքներից ծրագրին մասնակցող հասկակիցների հետ սկսում է քիչ-քիչ մտերմանալ: Նկատել է՝ բոլորն էլ ժպտերես են ու մարդամոտ: Մտադրված է նրանց հետ ընկերական հարաբերություններ ձևավորել, քանի որ Լատվիայում հայ ընկերների թիվն այնքան էլ շատ չէ:
Ագապին, շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը հայրենաճանաչության նման ծրագիր կազմակերպելու համար, նշեց, որ «Արի տունն» իրեն հնարավորություն կտա ավելի կապվելու Հայաստանին և համախմբվելու Հայրենիքի շուրջ:
Գևորգ Չիչյան