Հակոբ Փանոսյանը՝ Տնտեսագիտական համալսարանում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մեծ դահլիճում այսօր հյուրընկալվել էր Լոս Անջելեսի «Արփա»  ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանը, ով բուհ էր այցելել ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ՝ ներկայացնելու իրենց ինստիտուտի «Նորարարություն» ամենամյա  մրցույթը, դրա անցկացման և պարգևատրման կարգը:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, Սփյուռքի նախարարության Հետազոտությունների բաժնի պետ Էլիզ Գևորգյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, դեկաններ, դասախոսներ, բուհի այլ աշխատակիցներ, ուսանողներ, ասպիրանտներ:

Կորյուն Աթոյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրեց հյուրին և խոսքը փոխանցեց նրան: «Արփա» ինստիտուտի ներկայացուցիչը նախ պատմեց իրենց ինստիտուտի ստեղծման պատմության, առաքելության, իրականացրած ծրագրերի և մրցույթների մասին, այնուհետև ներկայացրեցրեց «Նորարարություն» մրցույթի պայմանները: Նրա խոսքով՝ մրցույթը կազմակերպված է համալսարանական մակարդակով և նպատակ ունի խրախուսելու ուսանողներին և ասպիրանտներին գիտության տարբեր բնագավառներում: Մրցույթը նպատակ ունի աշխուժացնել աշխատանքային փոխհարաբերությունները ուսանողի, ասպիրանտի և դասախոսի միջև, ինչպես նաև Հայաստանում ստեղծել նոր արտադրանքներ: Ընդհանուր առմամբ ծրագիրը միտված է քաջալերելու պատենտավորման ենթակա նորարարությունների կամ նորարարական ծրագրերի մշակումը ՀՀ-ում, խթանելու տեխնոլոգիայի, տնտեսական ղեկավարման և գյուտարարության նկատմամբ հետաքրքրությունը: Հաղթողների համար սահմանված են հետևյալ մրցանակները՝ 1-ին տեղ՝ 2000, 2-րդ տեղ՝ 1000, 3-րդ տեղ՝600, 4-րդ տեղ՝ 400 ԱՄՆ դոլար:

Նորարարության մրցույթի մասին մանրամասն տեղեկատվության և  պահանջներին ծանոթանալու համար  կարող եք այցելել «Արփա» ինստիտուտի պաշտոնական կայք՝   www.arpainstitute.org :

Scroll Up