Անվանի երգչուհիները պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով
Հուլիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում յուրահատուկ օր էր: Այստեղ հյուրընկալում էին միջազգային ճանաչման արժանացած երեք անվանի երգչուհիների՝ Ժնևի «Գրանդ» օպերայի մեներգչուհի Վարդուհի Խաչատրյանին (Շվեյցարիա), Նյուրնբերգի օպերային թատրոնի մեներգչուհի Հրաչուհի Բասենցին (Գերմանիա) և Ժնևի կոնսերվատորիայի վոկալի պրոֆեսոր, մեներգչուհի Ջուլիետ Գալստյանին (Շվեյցարիա):
Հրավերի առիթն ավելի քան ուրախալի էր. միջազգային ասպարեզում հայկական արվեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական և կատարողական բարձր վարպետության և իրենց գործունեությամբ Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման գործում ունեցած ներդրման համար նրանք պարգևատրվել էին ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը գնահատանքի ջերմ խոսքեր ասաց երգչուհիների հասցեին՝ հպարտությամբ նշելով, որ ծնված լինելով Հայաստանում և կրթություն ստանալով Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ նրանք իրենց բացառիկ ձայնի և կատարողական արվեստի շնորհիվ հնարավորություն են ստացել հրավիրվել և աշխատել տարբեր երկրների ամենահեղինակավոր օպերային թատրոններում՝ համագործակցելով այս ոլորտի նշանավոր արվեստագետների հետ: Նախարարը կարևորեց նաև այն հանգամանքը, որ միջազգային ամենամեծ բեմահարթակներում նրանք արևմտաեվրոպական կոմպոզիտորների կողքին մշտապես հնչեցրել են հայ կոմպոզիտորների՝ մասնավորապես Կոմիտասի ստեղծագործությունները:
Ներկայացենլով երգչուհիների կենսագրության կարևոր դրվագները՝ Հրանուշ Հակոբյանն ուրախությամբ շեշտեց նաև ժառանգականության դերը՝ քանի որ երեք երգչուհիներն էլ հայ մշակույթի ասպարեզում նշանակալի վաստակ ունեցող արվեստագետների ժառանգներ են:
Հանձնելով մեդալները՝ նախարարը մեկ անգամ ևս շեշտեց, որ նման պատվավոր պարգևի նրանք արժանանում են հատկապես հայ երգարվեստի տարածման և հայության անունը միջազգային ասպարեզում բարձր պահելու համար:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ արվեստագետները նշեցին, որ թեև արժանացել են բազմաթիվ միջազգային մրցանակների, սակայն հայրենիքի պարգևներն ընդունում են շատ ավելի մեծ հուզումով ու երախտագիտությամբ:
Հանդիպման ավարտին նրանք իրենց ձայներիզները նվիրեցին նախարարին՝ հավաստիացնելով, որ պարտավորված են զգում անել ավելին՝ հայ արվեստը աշխարհում տարածելու ուղղությամբ: