Հրանուշ Հակոբյան.«Ուսանողական-երիտասարդական ջոկատները աշխատանքի հրաշալի դարբնոցներ են»
Նոյեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ-կամավորական աշխատանքների ծառայություն» հասարակական կազմակերպության վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանին:
Զրույցի ընթացքում քննարկվեցին ուսանողական շինարարական ջոկատների գործունեության մեջ սփյուռքի երիտասարդությանը ներգրավելու հնարավորությունները:
«Ուսանողական-երիտասարդական ջոկատները աշխատանքի հրաշալի դարբնոցներ են, իսկ համատեղ աշխատանքը միավորում, բարեկամացնում և բարիացնում է երիտասարդությանը: Այսօր, հայ երիտասարդը նույնպես պետք է որոշակի ներդրում ունենա հայրենիքի զարգացման գործում:Այս իմաստով Հայաստանի և Սփյուռքի երիտասարդությանը միավորելը շատ արդյունավետ կարող է լինել», – ասաց Հրանուշ Հակոբյանը:
Ստեփան Ստեփանյանը ոգևորիչ համարեց առաջարկը՝ նշելով, որ ինքը թե՛ Հայաստանի, և թե՛ Սփյուռքի երիտասարդության հետ աշխատելու երկարամյա փորձ ունի և պատրաստ է համագործակցել այս ասպարեզում: Նա նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարին՝ վերջերս իրեն նախարարության «Պողոս Նուբար» մեդալով պարգևատրելու համար, որը մեծապես պարտավորեցնում է անել ավելին: