Խարկովում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կբացվի
Խարկովում հայկական սուրբ Հարություն եկեղեցու տարածքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կբացվի:
Քաղաքի հայ համայնքից հայտնել են, որ դրանից հետո եկեղեցում պատարագ կմատուցվի, հաղորդում է Խարկովի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Նույն օրը՝ ապրիլի 24-ին, առաջին անգամ Ուկրաինայում տեղի կունենա «Անցյալի ստվերներ» ֆիլմի ցուցադրությունը եւ ֆոտոցուցահանդես: Միջոցառումը կազմակերպում են «Աշխարհն առանց պատերազմների» համաշխարհային օրվա առթիվ, նմանատիպ ճակատագիր ունեցող երկու ժողովուրդների՝ հայերի ու հրեաների ողբերգության հիմքի վրա: Միջոցառումից հետո տեղի կունենա մամուլի ասուլիս:
Բացի այդ, ապրիլի 17-ին «Բուզոկ» տեղեկատվական ցուցահանդեսային կենտրոնում կբացվի «Մեկը 1,5 մլն-ից» համաուկրաինական գեղարվեստական ցուցահանդեսը: