Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/european-parlament.jpg)
Եվրախորհրդարանն այսօր իր լիագումար նիստում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» թեմայով քննարկումներից հետո հավանություն տվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևին։
Բանաձևն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ։ Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը:
Նշենք նաև, որ բանաձևի նախագծի քննարկմանը ԵԽ պատգամավորները կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում էր ընդունել դեռևս 2005թ. սեպտեմբերի 28-ին:
Իսկ 1987 թվականի հունիսի 18-ին նույն կառույցի ընդունած բանաձևում մասնավորապես նշվում է, թե Եվրոպական խորհրդարանը գտնում է, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն են, ինչպես որ սահմանվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման կոնվենցիայում: