Ցեղասպանությանը նվիրված աղոթք Լոս Անջելեսում. ելույթ է ունեցել քաղաքապետը

Ապրիլի 14-ի երեկոյան ավելի քան 3000 հավատացյալներ, կրոնական առաջնորդներ եւ պաշտոնական անձինք Լոս Անջեսլեսի Սուրբ Աստվածածնի Հրեշտակապետաց եկեղեցում էկումենիկ աղոթք են կարդացել Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ։ Ինչպես հայտնում է Long Beach Press-Telegram-ը, հայ եւ այլ քրիստոնեական ուղղությունների առաջնորդները խորանի մոտ աղոթել են զոհերի համար, որոնց հոգեւորականները աղոթքի ժամանակ նահատակներ են անվանել, հաղորդում է NEWS.am-ը:
Պաշտամունքը, որը վարել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Խոսե Գոմեսը, կայացել է Հռոմի Պապի մատուցած պատարագից 2 ժամ անց։ «Այսօր մենք միաձայն հայտարարում ենք, որ հիշում ենք։ Կիրակի ողջ աշխարհում մարդիկ հիշեցին եւ խոսեցին Հայոց ցեղասպանության մասին։ Անկախ այն բանից, թե քանի տարի կանցնի, մենք չենք մոռանա ու թույլ չենք տա աշխարհին մոռանալ մեր արդար գործը։ Մենք կշարունակենք լինել մեր նահատակների ձայնը»,- ասել է Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը։
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին ելույթ է ունեցել՝ կրկնելով Հռոմի Պապի կոչը այն մասին, որ մոլոր մարդիկ պետք է զանգվածային սպանությունները ճանաչեն որպես ցեղասպանություն։ «Այս չեզոք հողի վրա մենք կարող ենք մի կողմ թողնել տարաձայնությունները եւ ասել ճշմարտությունը այն մասին, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, որ 1.5 մլն մարդ բնաջնջվել է երկրի երեսից։ Մենք պատասխանատու ենք այն բանի համար, որ այս երկրի վրա ընդունեն դա»,- ասել է նա։
Գարսեթին համեմատել է հայերի զանգվածային ջարդերը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների սպանությունների հետ՝ հայտարարելով, որ ի տարբերություն Թուրքիայի՝ Գերմանիան եւ նրա ժողովուրդը ընդունել եւ ճանաչել են Հոլոքոստը։ «Դա ցեղասպանություն է, եւ Լոս Անջելեսում մենք ճանաչում ենք դա»,- ասել է քաղաքապետը։